Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գևորգյան. «Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը»

Հոկտեմբեր 12,2023 20:02
Armen gevorgyan

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 12-ի լիագումար նիստում «Եվրոպայի խորհրդի դերը հակամարտությունների կանխարգելման, միջազգային կառույցների վստահության վերականգնման և համընդհանուր խաղաղության խթանման գործում» թեմայով քննարկման ժամանակ

Հարգելի՛ գործընկերներ,

Եվրոպայի խորհրդի և այս վեհաժողովի ապագայի վերաբերյալ երկու դիտարկում կկատարեմ՝ հաշվի առնելով հետխորհրդային տարածքում տիրող իրավիճակը։

Առաջին. Այսօր Եվրոպայի խորհուրդը մեր ժողովուրդներին կանգնեցնում է իրական ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև բավականին վտանգավոր ընտրության առաջ: Նման տարօրինակ ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մեր կազմակերպությունը լոյալ է մեր ընդհանուր հովանու ներքո այնպիսի քաղաքական ռեժիմների համագոյակցությանը, ինչպիսին Թուրքիայում և Ադրբեջանում են:

Ուստի խնդրում եմ զգոն լինել, որպեսզի մեր կազմակերպությունը ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության առաջատարը լինելուց չվերածվի ավտորիտար ռեժիմների ջերմոցի։

Երկրորդ. Անցած 30 տարիների էքսպերիմենտները դժբախտաբար հանգեցրեցին ժողովրդավարության և մարդու իրավունքների փոխակերպմանը իսկական արժեքներից աշխարհաքաղաքական շահերի առաջմղման մեխանիզմի: Սա ոչ միայն մրցակցություն է ստեղծել այսպես կոչված ազատական արժեքների և պահպանողական ավանդույթների միջև, այլև ստեղծել է ժողովրդավարությունը ոչ ժողովրդավարական միջոցներով խթանելու պրակտիկա։ Երկակի ստանդարտները, ուժային քաղաքականությունը, նավթն ու գազը միջազգային հարաբերություններում ի հայտ են եկել որպես գերիշխող գործոններ՝ ժողովրդավարական մշակույթի, մարդու իրավունքների և օրենքի գերակայության փոխարեն:

Վերոհիշյալի արդյունքում, ըստ իս, Եվրոպայի խորհուրդը, ցավոք, տասնամյակներ շարունակ ձախողում է իր հիմնական առաքելությունը, այն է՝ հետխորհրդային տարածքում ժողովրդավարական կայունության և անվտանգության ամրապնդումը։ Մենք դեռ շարունակական հակամարտությունների և նոր պատերազմների ականատեսն ենք, արձանագրել ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կատարված էթնիկ զտումները։ Եվ այդ հանցագործությունը դեռ պետք է հետապնդվի ու դատապարտվի։ Պետք է գիտակցենք, որ որոշ անդամներ իրենք էլ դեռ ամբողջությամբ չեն ընդունել ժողովրդավարության ավանդույթներն ու կանոնները, սակայն այս կազմակերպությանը նրանց անդամակցությամբ Եվրոպայում ժողովրդավարությունն ընդհանուր առմամբ սկսեց հետընթաց ապրել:

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք հստակ ասել՝ Եվրոպայի խորհրդի անդամ ցանկացած երկիր լիակատար իրավունք ունի որոշելու իր ազգային շահերը և հետամուտ լինելու այդ շահերին, բայց միայն Խորհրդի հիմնադիր փաստաթղթերին համապատասխան: Միայն այս մոտեցումը կօգնի կանխել պատերազմներն ու հակամարտությունները, կանխել մարդկության դեմ հանցագործությունները, կամ ծառայել որպես ժողովրդավարական խաղաղության և բարգավաճման հենակետ: Խորապես հավատում եմ, որ այս կազմակերպությունը անդամ երկրներում ժողովրդավարությունը պաշտպանելու, ժողովրդավարական անցմանն աջակցելու և օրենքի գերակայության իր առաքելությունը շարունակելու ներուժ կունենա, եթե խուսափենք արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության հարցում ընտրովի մոտեցումներից:

Եզրափակեմ խոսքս՝ նկատելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031