Այսօր Ցորի Դ-20 հրետանային դիվիզիոնի առաջին մարտկոցի զոհված զինծառայողների մահվան 3-րդ տարելիցն է։ Զոհված հերոս Լեւոն Գրիգորյանի հիշատակին նվիրված հուշաքարի մոտ տեղի ունեցավ հիշատակի ցերեկույթ։
Լեւոն Գրիգորյանի մայրը՝ Անուշ Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց․ «Այսօր ուզում էինք նորից բոլորին հիշեցնել մեր տղաների հերոսություններն ու կատարած սխրանքները։ Նրանք զոհվել են հենց այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին՝ 15 օր կռիվ տալուց հետո։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, մեր տղաները համախմբված մասնակցել են պատերազմին, կռվել են տարբեր ուղղություններով՝ Հադրութ, Ֆիզուլի, զոհվել են «Զովառլու» կոչվող տարածքում՝ հրամանատարի դավաճանության պատճառով»։
Կարդացեք նաև
Լեւոն Ազատյանի մայրը՝ Քրիստինե Ազատյանը մեզ հետ զրույցում նույնպես ընդգծեց, որ հրամանատարների դավաճանության հետեւանքով են զոհվել իրենց որդիները։ «Հրետանին առաջնագիծ չեն տանում, եւ չգիտես ինչու, մեր ամբողջ խմբին տարել են առաջնագիծ, հետո հրամանատարները փախել են՝ իրենց թողնելով մենակ։ Տարբեր հրամաններ են հնչել, եթե նույնիսկ ժամանակին ասեին՝ դուրս եկեք, նրանք կհասցնեին։ Բայց հրամանը է տրվել՝ մերոնք են, մի կրակեք, հրամանատարները հանգիստ խղճով փախել են, մեր երեխեքին թողել են կրակի դիմաց»,-ասաց Քրիստինե Ազատյանը։ Նա նշեց, որ Ցորի հրետանավորների խումբը բաղկացած է եղել 35 հոգուց, նրանցից 19-ը զոհվել են, մինչ օրս անհետ կորած է համարվում դիտակետի հրամանատար Նորայր Հայրապետյանը։
Ցորի հրետանավորների զոհվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալը ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանն է։ Գեւորգ Գեւորգյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Նա, ըստ մեղադրանքի, 2020թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 6-ի սահմաններում (Վարանդայի) Ֆիզուլիի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում ԳԱԶ մակնիշի զինմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել: Ըստ այս որոշման, Գեւորգյանի նման գործողությունները հասցրել են ծանր վնաս, զոհվել են մարտկոցի 19 պահեստազորայիններ, զինծառայողներ, անհետ կորած է մեկ զինծառայող։
Գեւորգ Գեւորգյանը ներկայում գտնվում է կալանքի տակ։ Զոհված զինծառայողների ծնողները մեզ հետ զրույցում ասացին, որ նրանից բացի այլ մեղավորներ էլ կան, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ «Կան փաստեր, որ Գեւորգ Գեւորգյանը հենց կապավորի մեքենայով է փախել, չի սպասել երեխաներին։ Կոնկրետ իմ տղան կապավոր է եղել, հենց իր մեքենայով է փախել։ Կապ չի տվել, այնինչ, ինքը պարտավոր էր հավաքել տղաներին, նոր դուրս գալ, նույնիսկ մեքենայի հետեւից վազող զինծառայողին չի սպասել։ Ամեն դեպքում մենք մինչեւ վերջ պայքարելու ենք, մեղավորները պետք է պատժվեն»,- ասաց Քրիստինե Ազատյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ