Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Մոսկվա» կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի պահպանության գոտում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է

Հոկտեմբեր 12,2023 18:00
qreakan

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Աբովյան փողոցում գտնվող Հայաստանի նկարիչների միության և կից տարածքների վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1995 թվականի սեպտեմբերի 1-ին «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպության և «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի միջև կնքվել է պայմանագիր: Պայմանագրով պետական սեփականություն հանդիսացող Աբովյան փողոցի 16 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող՝ 3800.5 քմ մակերեսով 4 կիսակառույց շինությունները 300 հազար ԱՄՆ դոլարով վաճառվել են «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ին, մինչդեռ «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպությունը չուներ այդ իրավունքը (պետությունը դրանք չէր օտարել ՀԿ-ին):

Այնուհետև, 1996 թվականի օգոստոսին 28-ին Աբովյան փողոցի 16 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող 3800.5 քմ մակերեսով 4 կիսակառույց շինությունները հրապարակային աճուրդով օտարվել են «Մելլաթ» բանկին:

2000 թվականի մայիսի 5-ին «Մելլաթ» բանկի անվամբ սեփականության իրավունքով գրանցվել են 3800.5 քմ մակերեսով կիսակառույց շինությունները, իսկ վարձակալության իրավունքով՝ 3281 քմ մակերեսով հողամասը:

Հատկանշական է, որ 2006 թվականի հունիսի 15-ին Երևանի քաղաքապետարանը «Մելլաթ» բանկին ուղարկված գրությամբ նշել է, որ Աբովյան 16 հասցեում գտնվող կիսակառույց շենքի՝ վարձակալությամբ տրամադրված 3281 քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (օտարման ոչ ենթական հողատարածքներ) սահմանափակումների ցանկում և ենթակա է օտարման:

2006 թվականի հուլիսի 19-ին «Մելլաթ» բանկ ՓԲ ընկերությունը «Դիդաս ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությանն է օտարել Աբովյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 798 մլն 84 հազար դրամով:

2006 թվականի օգոստոսի 22-ին Կադաստրի կոմիտեում գրանցվել է «Դիդաս ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը 3800.5 քմ մակերեսով կիսակառույց շինությունների և 3281 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Դիդաս ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը 2007 թվականի հուլիսի 6-ին կնքված պայմանագրով՝ «Ջուխտակ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել Թումանյան փողոց 3 հասցեի 554.3 քմ մակերեսով հողամասից և 35.2 քմ մակերեսով ավտոտնակից բաղկացած անշարժ գույքը:

2008 թվականի հունվարի 18-ին Թումանյան փողոց 3 հասցեի տարածքը միավորվել է Աբովյան 16 հասցեի հետ՝  վերագրանցվելով որպես Աբովյան 16/1 հասցե՝ 3835.3 քմ մակերեսով հողամասով:

Դատախազությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերոնշյալ տարածքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտում: Այդ մասին է վկայում 2023 թվականի հուլիսի 23-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից Գլխավոր դատախազություն ստացված գրությունը, ըստ որի՝ Ընկերության անվամբ գրանցելու պահին տարածքն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի սահմանափակումների ցանկում և օտարման ենթակա չի եղել:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի սեպտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ արարքի կատարման պահին գործող՝ 01.07.1961 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածով (ուրիշի գույքին տիրանալը), 184-րդ հոդվածով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականություններին անփույթ կամ անբարեխիղճ վերաբերվելու հետևանքով դրանք չկատարելը) և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը):

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, առաջիկա օրերին հայց կներկայացնի Վարչական դատարան՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը համայնքին վերադարձնելու նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031