Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հավանաբար այսօր էլի կլսեք Ալիեւի հեքիաթը…պահանջե՛ք, որ Ալիեւը հաշվետվություն տա դատարանին, դա արեք ձեր հեղինակության համար». Պիեռ դ’Արգեն

Հոկտեմբեր 12,2023 17:56

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, որտեղ այսօր քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի, Հայաստանի շահերը ներկայացնող պրոֆեսոր Պիեռ դ’Արգենը նշեց. «Լեռնային Ղարաբաղից փախստականները իսկապես էթնիկ զտումների զոհ են ու Ադրբեջանն ուզի, թե չուզի՝ դա այլ կերպ անվանել հնարավոր չէ։ Ադրբեջանը ձեզ կասի, թե ԼՂ-ից հայերը սեփական կամքով են հեռացել եւ այդ առասպելը, հեքիաթը իսկապես աներեւակայելի է, անգամ նախագահ Ալիեւն է գիտակցում դա եւ դրա պատճառով նոր մի հեքիաթ է հորինել: Իր սովորական պրակտիկայի համաձայն՝ ուրիշին մեղադրելու, հիմա նա պնդում է, ինչպես նախագահի աշխատակազմի մամուլի հաղորդագրությամբ են գրել՝ «ռեժիմն է հայերին ստիպել հեռանալ»:

Այս առասպելի մեջ, երբ դահիճը զոհին մեղադրում է իր սեփական տառապանքների համար, հավանաբար այդ հեքիաթը դուք այսօր էլի կլսեք։ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ներկայիս իրավիճակը վատթարացնի էթնիկ զտումների համար: Ագրեսիայի հաջորդ օրը Ալիեւն ասաց, որ Ադրբեջանը վերականգնել է իր ինքնիշխանությունը։ Միաժամանակ ԼՂ-ն դատարկվում էր հայերից: Ալիեւը շուտով հայտարարեց, որ իրագործում են այսպես կոչված «մեծ վերադարձի» պլանը, սա այսպես ասած շոկ է առաջացնում։ Սա ռասիստական ​​ծրագիր է, որի նպատակն է հայրենիքից արմատախիլ արած հայերին ադրբեջանցիներով փոխարինել»:

Պրոֆեսոր դ’Արգենը նշեց, որ Խորհրդային միության փլուզման ժամանակ ԼՂ բնակչության ճնշող մեծամասնությունը էթնիկ հայեր էին 85%-ը, այժմ մնացել են մի քանի հոգի: Նա դիմեց դատարանի անդամներին. «Դուք իսկապե՞ս հավատում եք, որ 1915-ի Հայոց ցեղասպանության հուշարձանի ոչնչացումը այսպես կոչված «ազատագրումից» հետո պարզապես վատ ճաշակի հետեւանք է, թե՞ այն, ինչ եղավ Շուշիում 2021-ի սկզբին, որը ներկայացրել եմ առաջին պայմանական միջանկյալ միջոցի կիրառման ժամանակ, դա բացառիկ է եւ այլեւս չի կրկնվել Ղարաբաղում: Բաքվի ռեժիմը կտրականապես հերքում է Հայոց ցեղասպանության փաստը: Թե՞ հավատում եք, որ վերջերս Ստեփանակերտի հարեւանությամբ մեծ խաչի ոչնչացումը կամ ավտոմատներով 13-րդ դարի հայկական վանքի վրա կրակելը զուտ զինվորների կողմից տոնելու, հաղթանակը նշելու հետեւանք է, թե՞ հավատում եք, որ Ադրբեջանի մշակույթի նախարարության պնդումները, որ Գանձասարն աղվանական է, ստաժորի սխալներ են զուտ: Իհարկե, ոչ: Սա պատահական չէ, ամեն ինչ հստակ հաշվարկված է եղել, միակ նպատակն է հայերի էթնիկ զտումն ամրապնդելը եւ հայերին ուղերձ հղելը, որ իրենց ներկայությանը այնտեղ ուրախ չեն»։

Նա մեջբերում արեց Ալիեւի խոսքից, որ «մենք դիտավորյալ չենք բարձրացնում ադրբեջանական դրոշները, մենք գիտենք, որ այնտեղ կան քաղաքացիական հայեր եւ մենք գիտենք իրենց վախերի մասին»: Պրոֆեսորն ասաց. «Այսպես խոստովանում են, որ ԼՂ-ի հայերը իսկապես վախենում են Ադրբեջանից: Այդ ինքնախոստովանության մեջ կա ամոթալի սուտ: Ադրբեջանը իր դրոշները բարձրացրել է Ղարաբաղում»,- ասաց նա ու ցուցադրեց փաստական տվյալները:

Հետո նա հիշեցրեց, որ Ալիեւը, փորձելով սրբագրել ասածները, Ստրասբուրգի դատարանում փոխել է որոշման տեքստն ու նշել, թե նկատի են ունեցել, որ Ստեփանակերտում չեն բարձրացրել իրենց դրոշը: Բայց հերթական անգամ խաբել են, որովհետեւ Ստեփանակերտի ամենախորհրդանշական հուշարձանի վրա կախված է Ադրբեջանի դրոշը. «Ադրբեջանը ձեր կարգադրությունը թողտվությամբ է ընկալում, ընկալում է որպես հայկական միջնորդության մերժում, ինչը կանաչ լույս է վառում քաղաքականությունը շարունակելու համար: Եթե ​​դուք անորոշ միջոցներ կիրառեք, Բաքուն միանշանակ կօգտվի դրանից եւ ավարտին կհասցնի էթնիկ զտումը: Եթե սպասեք մինչեւ «ըստ էության» որոշում կայացնեք, էթնիկ զտումը կավարտվի: Հաջորդ փաստական իրողությունը, որը պետք է հաշվի առնեք որոշում կայացնելիս սա է՝ Ադրբեջանի տված խոստումները եւ փորձերը ձեզ համոզելու, որ միջանկյալ միջոց կիրառելու կարիք չկա, բավարար չեն: Առաջին պատճառը՝ ինչու չի կարելի հավատալ Ադրբեջանին, այն է, որ Ադրբեջանի խոսքը բավարար չէ վերադարձնելու տրավմայի ենթարկված հայերին իրենց բնակավայրեր: Եթե կարծում եք, որ խոսքը բավարար է, դուք չարաբաստիկ օգնություն ցուցաբերած կլինեք նախագահ Ալիեւի մեծն աշխատանքին։

Երկրորդ պատճառը՝ ինչու Ադրբեջանի խոսքին չի կարելի հավատալ, այն է, որ խոսքն ու գործերը տարբերվում են: Դիտարկենք Ադրբեջանի այսպես կոչված հանձնառությունները, որոնք վերաբերում են հայազգի բանտարկյալներին: Ադրբեջանը բառ անգամ չի ասել՝ արդյոք մտադիր է Լեռնային Ղարաբաղը չբնակեցնել ադրբեջանցիներով։ Ընդհակառակը, «մեծ վերադարձի» արագացման մասին են հայտարարել: Հոկտեմբերի 2-ի իր նամակով ձեզ հայտնել է հետեւյալը, թե՝ Ադրբեջանը երաշխավորում է, որ Ղարաբաղի հայ բնակիչները իրավունք կունենան վերադառնալ: Ուշադրություն դարձրեք բառերին: Հոկտեմբերի 2-ին արդեն դատարկել էին Ղարաբաղը եւ ասում են կերաշխավորեն այնտեղ մնացող մի քանի հայերի իրավունքները: Արդյոք սա բավարա՞ր է՝ երաշխավորելու այն հայերի անվտանգությունը, որոնք փախել են Ղարաբաղից: Իհարկե, ոչ եւ սա լավ գիտի Ադրբեջանը: Բառերը պատահական չեն ընտրում: Վերաինտեգրման կարգը, որը առաջարկել են ԼՂ հայ բնակիչների համար, որը օրվա երկրորդ կեսին կլսեք հավանաբար, Ադրբեջանի իշխանությունները նրանցից պահանջում են հաշվառվել: Ադրբեջանը չհաշվարկված բնակարանները եւ գույքային իրավունքները կարող է համարել հոժարակամ լքված եւ դրանք կարող են տնօրինվել ադրբեջանցիների կողմից»:

Հաշվի առնելով, որ Ադրբեջանը բազմիցս շրջանցել է Դատարանի որոշումները, ինչպես դա եղավ Լաչինի միջանցքում անցակետերի տեղադրման դեպքում, Պիեռ դ՛Արգենը խնդրեց, որ Ադրբեջանը պարբերաբար հաշվետվություններ ներկայացնի դատարանի կարգադրությունների կատարման վերաբերյալ. «Եթե ​​ուզում եք երաշխավորել հայրենիքից հեռացած հայ տղամարդկանց եւ կանանց վերադարձը իրենց հայրենիք, դուք պիտի պահանջեք, որ Ալիեւը պարբերաբար հաշվետվություններ ներկայացնի ձեզ: Իրավիճակը շատ ծանր է, ապագա որոշման հետ կապված կան վտանգներ եւ պետք է նաեւ ձեր հեղինակությունը պահպանելու համար դա անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031