«Հետք». Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա հարձակման առաջին օրը։ Այդ օրվանից գյուղի 71-ամյա բնակիչ Մադաթ Բաբայանը համարվում էր անհետ կորած։ Հարազատի ճակատագրի մասին տեղեկություն չունեցող ընտանիքը հոկտեմբերի 9-ին զանգ է ստացել Բաքվից։
«Ընտանիքով Արտաշատում էինք, առավոտյան 10։30-ին հեռախոսիս երկար համարով զանգ եկավ, մտածեցի՝ Ռուսաստանից բարեկամներն են։ Վերցրեցի, սկզբում ադրբեջաներեն խոսեցին, հետո ռուսերեն հարցրին՝ Մադաթ Բաբայանի ի՞նչն եմ, ասեցի, որ թոռն եմ։ Փոխանցեցին պապուս, ասեց, որ ողջ է, Բաքվում է։ Հարցրեցի՝ վիրավո՞ր ես, հարցերիս չպատասխանեց, ասեց՝ հեռախոսը լսում են, ասեցի՝ քեզ հետ կբերենք, ու կապը ընդհատվեց»,- պատմում է Մադաթի թոռը՝ 20-ամյա Ալեն Բաբայանը։
Մադաթ Բաբայանի հարազատները «Հետքին» պատմել են 2023թ․-ի սեպտեմբերի 19-ի՝ հարձակման օրվա մանրամասները։
Մադաթը, կինը և ավագ թոռը՝ Ալենը, ապրում էին մի տան մեջ։ Երեկոյան, երբ գյուղի բնակիչները շարժվում էին դեպի Ստեփանակերտ, նա անցել է տնետուն՝ համոզվելու համար, որ հարազատները դուրս են եկել․ հեռախոսակապը խափանված էր։ Համոզվելով, որ բոլորը դուրս են եկել, վերջին անգամ մտել է իր տուն ու մի քանի իր վերցրել։ Հարևաններից մեկը Մադաթին տեսել է տնից դուրս գալիս, կանչել է, որ նստի իրենց մեքենան, բայց չի լսել, այդ պահին մոտակայքում պայթյուններ են լսվել, և մեքենան արագությամբ դուրս է եկել։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: