Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենածանր պահերին Հայաստանն աջակցել է, համալսարանը պահել ենք, հիմա ո՞նց եղավ, որ չի աջակցում». Արցախի պետական համալսարանի ամբիոնի վարիչ

Հոկտեմբեր 12,2023 17:44

«Եթե Արցախի պետական համալսարանը որպես մասնաճյուղ պահպանվի, բոլորս պատրաստ ենք դասավանդել: Դրա համար որոշել ենք դիմել Հայաստանի ԿԳՄՍ նախարարությանը, նաեւ համալսարանի ռեկտորը որոշել է նամակով դիմել ՀՀ կառավարությանը, որ թույլատրեն՝ որպես ԵՊՀ-ի մասնաճյուղ Արցախի պետական համալսարանը գործի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի պետական համալսարանի պատմության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Սարումյանը:

«Մեր համալսարանն իր գոյության ընթացքում ամենածանր պահերին՝ 1987-88 թվականներին անգամ գործել է, երբ Ադրբեջանը փակեց մեզ, Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն տվեց որպես Կիրովականի մանկավարժականի մասնաճյուղ գործենք, հիմա ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանը մեզ զրկել է գործունեությունից, ու ՀՀ իշխանությունները ժամանակ չեն գտնում մեզ գործելու հնարավորություն տալու:

Հիմա ամեն ինչ կորցրել ենք, բայց մեր բուհը չենք կորցրել, ուզում ենք շարունակել մեր պատմական հիշողությունը պահպանել՝ Արցախի հետ կապված: Առավել եւս, որ ուսանողությունը եւ պրոֆեսորադասախոսական կազմը միմյանց հետ այնքան կապված ու ջերմ է: Անընդհատ գնում ենք ԵՊՀ, ուսանողների հետ տեսակցում ենք, ամեն հարց փորձում ենք կարգավորել: Ինչպես արդեն ասացի, նամակ ենք պատրաստել, պետք է աշխատողներով հավաքվենք, ստորագրենք, որ ուղարկվի»,-նշեց տիկին Սարումյանը:

Նա հավելեց, որ իրենց բոլոր ուսանողները Հայաստանում են, տնտեսագիտության, իրավունքի եւ պատմության ֆակուլտետների ուսանողները ԵՊՀ-ում են, ունեն վիրավոր ուսանողներ, որոնք վիրահատված են, բայց ցանկանում են ուսումը շարունակել, ընդամենը մեկ հոգի է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն:

Հարցրինք՝ Արցախի պետական համալսարանի դասախոսներին աշխատանքի առաջարկներ արվե՞լ են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կամ կոնկրետ բուհերի կողմից: «Ճիշտն ասած, մենք ուզում ենք, որ մեր համալսարանը մնա, բայց նաեւ ապրելու խնդիր ունեն դասախոսները: Նրանք, ովքեր այստեղ բնակարաններ ունեն, իրենց տներում են, մյուսների համար կեցության խնդիր կա: Ակադեմիայի կողմից առաջարկ է եղել, կես հաստիքով քանի հոգի ընդունվել են աշխատանքի, բայց դա հարցի լուծում չէ: Էլի եմ կրկնում, ամենածանր պահերին մեզ Հայաստանն աջակցեց, համալսարանը պահեցինք, հիմա ո՞նց եղավ, որ չի աջակցում»,-պատասխանեց Արցախի պետական համալսարանի պատմության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչը:

Մեր հարցին՝ հնարավո՞ր չէ՞ առցանց իրականացնել դասապրոցեսը, մինչեւ որեւէ լուծում գտնվի, տիկին Սարումյանն այսպես արձագանքեց. «Այդ դեպքում էլ կառավարությունը պետք է թույլատրի, որ օնլայն դասեր անենք, մեր համակարգը պահպանվի, կարողանանք գործել, ինչ-որ տեղ տեղ հատկացվի, որ նստենք, հատկապես որ աշխատակազմ կա՝ դեկանատներ եւ այլն…Այս պահի դրությամբ ինչքա՞ն է հնարավոր աջակցել, ճիշտ է, հնարավորություն է տրվել, որ մեր ուսանողների թեզերը ղեկավարենք, բայց հարցի լուծում չէ ժամավճարով մի քանի ժամով աշխատելը, հատկապես որ արդեն բաշխումն այստեղ կատարված է, հաստիքները հաստատված են: Ստացվում է՝ արցախցի դասախոսներս ակամայից խցկվել ենք ուսումնական գործընթացի մեջ…»:

1969թ հիմնադրված Արցախի պետական համալսարանն ունի 5 ֆակուլտետ՝ բանասիրական, բնագիտական, մանկավարժության եւ սպորտի, պատմության եւ իրավագիտության, ինչպես նաեւ տնտեսագիտության, 15 ամբիոն, որտեղ աշխատում է շուրջ 200 դասախոս, այդ թվում՝ գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, դոցենտներ, ավագ դասախոսներ, դասախոսներ, ասիստենտներ: Համալսարանի առկա և հեռակա բաժինների բակալավրիատում և մագիստրատուրայում սովորում են շուրջ 3000 ուսանողներ: Ասպիրանտուրայում սովորում են շուրջ 5 տասնյակ ասպիրանտներ, որոնք, որպես կանոն, հաջողությամբ պաշտպանում են թեկնածուական թեզեր եւ ստանում գիտական աստիճաններ:

Այս պահին ԿԳՄՍ նախարարությունը հակված է ոչ թե պահելու համալսարանը, այլ ուսանողներին բաժանելու տարբեր բուհերի միջեւ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031