Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը տարբեր ծրագրերով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին այս պահի դրությամբ հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար

Հոկտեմբեր 12,2023 17:24

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հաստատել է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և/կամ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Ըստ հիմնավորման՝  2023 թվականի սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարիք ունեն դրամական տեսքով պարբերական սոցիալական աջակցության՝ ժամանակավոր կացարանում բնակվելու, ինչպես նաև կոմունալ ծառայությունների ծախսերի կատարման համար: Ըստ այդմ, նախատեսվում է նրանց ցուցաբերել սոցիալական աջակցություն 6 ամիս ժամկետով՝ ամսական 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:

Միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. մարտ ամիսը՝ ներառյալ, ամիսների համար։ Դրամական աջակցություն չի վճարվի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող կամ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձանց՝ այդ հաստատությունում կամ տարածքներում բնակվելու ժամանակահատվածում։ 2023 թ. հոկտեմբեր ամսվա համար ամսական դրամական աջակցությունը  կվճարվի անկախ անձի համար դիմում-հայտարարություն ներկայացված լինելու կամ անձի՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվելու հանգամանքից։ 2023 թ. նոյեմբեր և հաջորդ ամիսների համար դրամական աջակցություն նշանակելու և վճարելու համար շահառուն մինչև 2024 թ. մարտի 15-ը՝ ներառյալ,  socservice.am կայքէջից էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնի դիմում և իր հետ փաստացի նույն բնակության վայրի հասցեում բնակվող մյուս շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ, ժամանակավոր կացարանի էլեկտրաէներգիայի աբոնենտի համարը:

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԼՂ-ից տեղահանված այն անձանց, ովքեր ՀՀ-ում ունեն անշարժ գույք, վարձավճարի համար գումար չի տրամադրվի, բայց նրանք ևս կկարողանան օգտվել կոմունալ վճարների 10-հազարական դրամ աջակցությունից:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով միջոցառմանը, ընդգծել է  գործընթացը թափանցիկ իրականացնելու անհրաժեշտությունը: «Վեց ամսվա ընթացքում այդ ծրագրի համար ՀՀ պետական բյուջեից կծախսվի մոտավորապես 27 մլրդ դրամ: Շատ կարևոր է մեր հանրության  և,  ընդհանրապես, հաշվետվողականության համար, որ այստեղ նույնպես թափանցիկության որոշակի ցուցանիշ ապահովենք, և ոչ միայն գումարների ստացման, այլև գումարների նպատակային ծախսման վերաբերյալ»,-ասել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ օրենսդրական կարգավորումներով բնակարանների վարձակալության գործարքները պետք է լինեն լիարժեք թափանցիկ. «Մեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ բնակարանների վարձակալության հետ կապված մինչև այս իրադարձությունները, որոշակի օրենսդրական կարգավորումներ ենք արել բնակարանների վարձակալության գործարքները թափանցիկ դարձնելու ուղղությամբ, որպեսզի նաև պետական բյուջեի հետ կապված հարաբերությունները ճիշտ կարգավորվեն:  Անկախ այս իրադարձություններից, մենք խնդիր էինք դրել, որ բնակարանների վարձակալության շուկան պետք է ստվերից դուրս գա: Դա մենք հստակ արձանագրել ենք, և այս իրավիճակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ  կապված, մեր վճռականությունը չի սասանել, ընդհակառակը՝ մենք հիմա ավելի վճռական ենք: 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների կարիքների համար այս պահի դրությամբ մեր հատկացումները 100 մլն դոլարը գերազանցում են: Ե՛վ Կառավարության համար, և՛ հանրության համար, և՛ բոլորի համար շատ կարևոր է՝ ծախսված ամեն գումարի հետ կապված մենք պետք է կարողանանք հաշվետվություն տալ:

 Վարձակալությամբ բնակարաններ տվող մեր սիրելի հայրենակիցներին ասում ենք՝ բոլորդ պետք է գաք օրինական դաշտ, որովհետև թափանցիկության այդ քաղաքականությունը, որն ակնկալվում է Կառավարությունից, պետք է ակնկալվի բոլորից: Մանավանդ, որ մենք 2024 թվականի հունվարի 1-ից թևակոխում ենք համընդհանուր հայտարարագրման համակարգ, և պետք է Կառավարություն-քաղաքացիներ հարաբերությունները շատ ճիշտ կարգավորենք»:

Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար՝ ավելի քան 2 մլրդ դրամ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է համաֆինանսավորել 2020, 2021,  2022 և 2023 թվականների սուբվենցիայի  ծրագրերը  պետբյուջեից՝ 2 մլրդ 252 մլն դրամի չափով: Գումարը կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետների աշխատակազմերին՝ 14 համայնքների 18 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է Արագածոտնի մարզ՝ 30 միլիոն դրամ, Արարատի մարզ՝ 208 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 118,5 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 647 միլիոն դրամ, Կոտայքի մարզ՝ 115 միլիոն դրամ, Սյունիքի մարզ՝ 1 միլիարդ 119 միլիոն դրամ և Վայոց ձորի մարզ՝ 33 միլիոն դրամ։

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ կառավարությունն ընթացիկ տարում  արդեն շուրջ 303 ծրագրի համար ֆինանսավորել է 18 միլիարդ 556 միլիոն դրամ:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք Կառավարությունն այդ փաթեթով ֆինանսավորում է: Այսպիսով, Արագածոտնի մարզում՝ Թալին համայնքի Լուսակն բնակավայրի 4-րդ փողոցի 362 գծմ հատվածի ասֆալտբետոնե պատվածքի հիմնանորոգում, Խրիմյան փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում նոր գերեզմանատան կառուցման աշխատանքներ,  Արարատի մարզում՝ Վեդի և Լուսառատ  բնակավայրերի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում, Զանգակատուն  բնակավայրի կենտրոնական փողոցի և Պ. Սևակ փող. 1-ին փակ․ 430 գծմ հատվածի,   Նոյակերտ  բնակավայրի Նոյ և Րաֆֆու փողոցների վերանորոգում ասֆալտապատմամբ, Արմավիրի  մարզում՝ Փարաքար համայնքի Բաղրամյան, Այգեկ, Նորակերտ, Արևաշատ, Մուսալեռ, Մերձավան, Պտղունք, Փարաքար բնակավայրերում խաղահրապարակների կառուցում և գոյություն ունեցող խաղահրապարակների վերանորոգում և վերազինում, Արտամետ բնակավայրի Գ. Նժդեհ փողոցի և Գ. Նժդեհ փողոցը Արաբոյի փողոցին կապող հատվածի, Արաբոյի փողոցի, Շենիկ բնակավայրի Մ.Մելքոնյան փողոցի վերևի և ներքևի հատվածների ասֆալտապատում, Լուսագյուղ  բնակավայրում պոմպակայանի կառուցում, Գեղարքունիքի  մարզում՝ Սևան բնակավայրի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում, Վաղաշեն բնակավայրում խմելու ջրագծերի համակարգի կառուցում և վերանորոգում, Լիճք բնակավայրում խմելու նոր ջրագծերի կառուցում, Մարտունի, Արծվանիստ, Վարդենիկ, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Վ Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Վարդաձոր և Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատում,  Կոտայքի մարզում՝ Եղվարդ, Արագյուղ, Քասախ, Պռոշյան բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ, Մարմարիկ բնակավայրի 3-րդ, 9-րդ փողոցների և 11-րդ փողոցի 1-ին փակուղու կապիտալ վերանորոգման` ասֆալտապատման աշխատանքներ, Սյունիքի մարզում՝ Քաջարան բնակավայրի  Տերյան, Բակունցի, Շիրվանզադե,  Լեռնագործների փողոցներում և  Լեռնաձոր բնակավայրում պուրակների, մարզահրապարակների և խաղահրապարակների կառուցում, Կապան բնակավայրի թիվ 5 երթուղու հարևանությամբ հանգստի գոտու կազմակերպում, Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր բնակավայրի Մյասնիկյան փողոցի ասֆալտապատում, Վարդահովիտ բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի վերակառուցում:

ԵՄ-ն Պարեկային ծառայությանը կտրամադրի «Շկոդա» մակնիշի 75 մեքենա

Կառավարությունն ընդունել է «Գույքը որպես նվիրատվություն ընդունելու և ամրացնելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանի Հանրապետությանն անհատույց՝ որպես սեփականություն, հանձնել  75 միավոր տրանսպորտային միջոց, որն ամրացվելու է Պարեկային ծառայությանը։  Տրանսպորտային միջոցների հանձնումն իրականացվելու է երկու փուլով։ Ներկայումս իրականացվում են 51 միավոր տրանսպորտային միջոցի Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետությանը հանձնելու աշխատանքները։ Ծառայության համապատասխան ստորաբաժանումները ներկայումս գործում են ՀՀ 6 մարզում և Երևան քաղաքում: Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը,  արդեն այս ամսվա վերջին ծառայությունը կգործի հանրապետության ամբողջ տարածքում՝ ընդգրկելով վերջին 4՝ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը։ Ըստ նախարարի՝ ծառայության առջև դրված խնդիրների և գործառույթների արդյունավետ իրականացման համար տարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ապահովելու, գույք և տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ։

«Այս համատեքստում, Եվրոպական Միության հետ արդյունավետ գործընկերության շրջանակներում ԵՄ-ի կողմից հայտարարվել է Պարեկային ծառայության համար ամենագնացներ ձեռք բերելու մրցույթ՝ հիմնվելով միության կողմից ընդունված գնման ընթացակարգի վրա, որի արդյունքում գնվել են թվով 75 տրանսպորտային միջոցներ։ Առաջին փուլով այս որոշմամբ Ներքին գործերի նախարարությանը կհանձնվեն արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում գտնվող 51 ամենագնացները, երկրորդ փուլով՝ մնացյալ 24-ը։ Նշեմ, որ նշված տրանսպորտային միջոցները շահագործվելու են հենց վերջին 4 մարզերում և մինչև ծառայության մեկնարկը կիրականացվեն համապատասխան կահավորման աշխատանքներ»,-ասել է Վահե Ղազարյանը։

Թեմայի առնչությամբ վարչապետը նշել է, որ դեկտեմբերին էլ կգործարկվի  Ջրային պարեկային ծառայությունը Սևանա  լճում: «Մենք այս պահին ունենք երկու մոտորանավակ, որը ՀՀ -ին նվիրել է ՌԴ կառավարությունը, ևս երկուսը ձեռք ենք բերելու մրցույթով և ևս մեկը՝ կստանանք Եվրամիության անդամ երկրներից մեկից:

 Ինչպես դպրոցների և մանկապարտեզների պարագայում, իմ դիրքորոշումը առաջին րոպեից եղել է այն, որ Պարեկային ծառայությունը ոչ մի հին գույք պետք է չունենա: Այսինքն՝ սկսած զենքից, հագուստից, ավտոմեքենաներից, այլ տեխնիկական միջոցներից, մենք Պարեկային ոստիկանությանը ոչ մի օգտագործած գույք չենք տվել»,-ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Ըստ վարչապետի, չնայած ժամանակի բուռն քննադատություններին և Պարեկային ծառայության ստեղծման նկատմամբ հոռետես կարծիքների, այսօր ՀՀ-ում ունենք կայացած փաստ. «Պետք է արձանագրել, որ այսօր ՀՀ ոստիկանությունը, այդ թվում՝ Պարեկային ոստիկանությունը մեր հանրության  շրջանում ունի մեծ վստահություն: Շատ կարևոր է, որ  այս նոր ծառայությունը ոչ միայն չի նսեմացրել այդ վստահությունը, այլև ավելի է մեծացրել»:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Պարեկային ոստիկանության թափուր հաստիքների համալրման հարցին, նշել է, որ առաջիկայում դրանք  մոտավորապես 90 տոկոսով կանայք կլրացնեն: «Այսինքն՝ կին պարեկների թիվը Պարեկային ոստիկանությունում կշատանա: Մենք խնդիր ենք դրել, Կառավարության ծրագրով դա ամրագրված է՝ կին ծառայողների թիվը հասցնել մոտ 35 տոկոսի: Մենք արդեն հետագայում այլ տվյալներ էլ կամփոփենք, թե Պարեկային ոստիկանությունում քանի տոկոսն են, որ ոստիկանության նախկին ծառայողներ են և քանի տոկոսն են, որ ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից: Այս պահին կարող ենք ասել, որ բոլոր հաստիքները համալրված են բոլոր մարզերում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Արմավիրում և Արարատում: Այսինքն՝ թափուր են մնացել այն հաստիքները, որոնք առաջիկայում մենք պետք է կանանցով համալրենք»,-ասել է վարչապետը:

Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը

World Population Review անկախ միջազգային կազմակերպության 2023 թվականի վարկանիշի համաձայն՝ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը հանցավորության ցածր մակարդակով աշխարհում զբաղեցրել է 9-րդ տեղը: Այսինքն, մենք այս քրեածին իրավիճակի հետ կապված՝ աշխարհի լավագույն երկրների ցանկում 9-րդ տեղում ենք:  

Իհարկե, Ոստիկանության աշխատանքի մասին խոսեցի, ես ուզում եմ ընդգծել ևս մի քանի գործոններ, որոնք ապահովում են այս միջավայրը: Ուզում եմ հիշեցնել, եթե չեմ սխալվում 2019 թվականին, մենք քրեական ենթամշակույթի հետ կապված օրենսդրական փաթեթ ընդունեցինք, որով քրեական աստիճանակարգության մաս լինելը և քրեական աստիճանակարգություն ստանալը համարվեց քրեական հանցագործություն: 

Կարծում եմ, որ մենք այս միջազգային գնահատականով նաև ինչ-որ տեղ տեսնում ենք այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքները: Ուզում եմ հատուկ ընդգծել մեր դատախազության, քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն ու նոր որակը: Իհարկե, 9-րդ տեղն աշխարհում շատ բարձր ցուցանիշ է, բայց մեր նվազագույն պլանը պետք է լինի այս ցուցանիշից  չնահանջելը և ավելի լավ տեղեր զբաղեցնելը: Ուզում եմ մեր իրավապահ մարմիններին շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, որովհետև նման ցուցանիշները, իհարկե, երկրներին պատիվ են բերում»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ ոլորտում առկա է խնդիր ճանապարհատրանսպորտային պատահարների առումով. «Այստեղ էլ մենք պետք է մտածենք, թե էլ ինչ կարող ենք անել, որպեսզի այս խնդիրը լուծենք: Շատ մեծ թվով զոհեր ենք ունենում, և այս տարի մեր վիճակագրության մեջ որպես կարմիր տող երևում է ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թվի ավելացումը: Նախորդ տարի, իմիջիայլոց, մենք նախկինի նկատմամբ նվազում ունեինք: Այս տարի մի քանի հատ խոշոր դեպք ունեցանք, ցավոք, և այդ խոշոր դեպքերն ապահովել են այդ նեգատիվ վիճակագրությունը, բայց եթե նույնիսկ այդ խոշոր դեպքերը չլինեին, դա չի նշանակում, որ խնդրի ծավալը դրանից փոքրանում է: Այստեղ պետք է շատ սկզբունքային լինել»:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ անհրաժեշտ է  համագործակցություն լինի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, համայնքների հետ՝ գծանշումներով, ճանապարհային անվտանգության այլ կոմպոնենտներով ապահովելու ուղղությամբ աշխատելու համար: 

Սևանա լճում ձկնորսության նոր համակարգ է ներդրվելու՝ ամբողջն օրինական դաշտ բերելու համար

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սևանա լճի հետ կապված խնդիրներին: «Այստեղ շատ լուրջ աշխատանք պետք է իրականացնենք՝ Ներքին գործերի նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը: Ես արդեն  հանձնարարականներ տվել եմ  և ըստ անհրաժեշտության  նաև իմ մասնակցությամբ քննարկում կլինի:  Գեղարքունիքի մարզի մեր սիրելի հայրենակիցների հետ շատ ակտիվ պետք է աշխատենք, որովհետև Ջրային ոստիկանության մուտքը նշանակելու է նոր իրավակարգ Սևանա լճի վրա: Մենք չենք ուզում որևէ մեկի համար պրոբլեմներ ստեղծել, չափազանցված գործողություններ անել, այս փուլում շատ կարևոր է, որ մենք խոսենք մարդկանց հետ,  հասկանանք նրանց կարիքները»,- ասել է վարչապետը:

 

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ Սևանա լճում ձկնային պաշարները պարզելու համար աշխատանքներ են տարվում չեխ գործընկերների հետ. «Ցանցային միջոցով ուսումնասիրությունների արդյունքներն ունենք: Այն  վկայում է, որ Սևանա լճում մանրաձկի և ձվադրող վտառի պաշարը բավարարող է, լավ է: Թվային ճշգրիտ տվյալները կունենանք դեկտեմբեր-հունվարին»:

 

Վարչապետը նշել է, որ  Սևանա լճում ձկնորսության նոր համակարգ է ներդրվելու՝ ամբողջն օրինական դաշտ բերելու համար. «Այստեղ մենք խնդիր ունենք Սևանա լճի ձկնային պաշարները գնահատելու և տարեկան քվոտաներ սահմանելու հետ կապված: Մենք պետք է ուսումնասիրենք, խոսենք նաև ժողովրդի հետ, ճիշտ քվոտաներ և  գներ սահմանենք: Քվոտաների և ճիշտ գնային քաղաքականությունը կօգնի, որ ձկնորսները, գուցե, ավելի քիչ ձուկ որսալով՝ նույնքան գումար վաստակեն»:

 

Ըստ վարչապետի՝ անտրամաբանական է, որ սիգ ձուկը մեր շուկայում  ամենաէժան գնային սեգմենտի մեջ է, հակառակը պետք է լինի, որովհետև այն ձևավորվում է բնական միջավայրում: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Սևանի ձկան վերարտադրության համար ձեռնարկվող միջոցառումների նպատակն է, այն  դառնա արդյունաբերական ոլորտ  և երկարաժամկետ ծառային ՀՀ-ին, մարզի ժողովրդին և ձկնորսությամբ զբաղվողներին. «Այսինքն ՝ մեր խնդիրն այն է, որ պաշարները խելամիտ օգտագործվեն՝ երկարաժամկետ, ռացիոնալ, մարդկանց էլ եկամտի աղբյուրներից չզրկենք»:

 

Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ հունվարի 1-ից ձկնարդյունաբերողները փակ ցիկլով պետք է աշխատեն և նշել, որ այդ ուղղությամբ էլ  արդյունավետ աշխատանք պետք է իրականացվի:

 

Հակոբ Սմիդյանը նշել է, որ վերջինիս վերաբերյալ համապատասխան օրենսդրությունը պատրաստ է, մնացել է սահմանել 1 կարգ,  հունվարի 1-ից օրենքն ուժի մեջ կմտնի:

 

Կբարելավվի բազմաբնակարան շենքերի կառավարման որակն ու արդյունավետությունը

 

Կառավարությունը սահմանել է Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը: Ըստ հիմնավորման՝ հանրապետության շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքերից կառավարման մարմիններ են ձևավորված միայն 42%-ում (շուրջ 8000 շենք): Մնացած 58%-ում (շուրջ 11000 շենք) կառավարման մարմիններ ձևավորված չեն և կառավարումը՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի համաձայն, պետք է իրականացնեն համայնքները: Ընդ որում, հետխորհրդային տարիներին՝ բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումից հետո, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները ձևավորվել են հիմնականում իներցիոն, առանց ընթացակարգերի պահպանման կամ մտայնությունների վերանայման և նրանց մասով սահմանված չէ որևէ գիտելիքի, փորձառության կամ այլ պահանջ: Անարդյունավետ և ոչ պատշաճ իրականացումն էլ իր հերթին բերում է բազմաբնակարան շենքերի մաշվածության գործընթացի արագացման և հանգեցնում վնասվածության մնացորդային կուտակումների՝ վատթարացնելով շենքի տեխնիկական վիճակը՝ վտանգելով ոչ միայն շենքի ֆիզիկական գոյատևումը, այլ նաև մարդկանց կյանքը, առողջությունը, գույքը, անվտանգությունը:Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում հիմնովին բարեփոխել բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը՝ վերանայելով բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում առկա կանոնակարգումները, կարգավորել բնագավառում առկա խնդիրները և իրավահարաբերությունները` տարանջատելով շենքի կառավարման և պահպանման գործառույթները և ամրագրելով բնագավառում գործող բոլոր սուբյեկտների իրավասություններն ու պարտականությունները, պարզեցնել կառավարման մեխանիզմը, ներդնել բազմաբնակարան շենքերի մասնագիտացված կառավարման համակարգ և այլն: Արդյունքում՝ կբարելավվի բազմաբնակարան շենքերի կառավարման որակը և արդյունավետությունը:

 

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Նախագծով նախատեսվող լրացման նպատակն է՝ մաքսային կարգավորման ոլորտում գործունեության նոր տեսակի՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի ստեղծումը։ Վերջինս պետք է ապահովի ֆիզիկական անձանց կողմից ինտերնետ հարթակից ձեռք բերված ապրանքների գործառնությունների լոգիստիկան, ինչպես նաև փոխգործակցի ինտերնետ հարթակների և մաքսային մարմինների հետ՝ ապահովելով մաքսային հայտարարագրման գործընթացն ու էլեկտրոնային առևտրի ապրանքների պահպանումը: Ըստ այդմ՝ սահմանվում են էլեկտրոնային առևտրի օպերատորի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվության շրջանակը, ամրագրվում են էլեկտրոնային առևտրի ռեեստրում ընդգրկվելու պայմանները և այդ ռեեստրից հեռացվելու հիմքերը, էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանության, մաքսային հայտարարագրման և բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու կարգի և պայմանների,  էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև մաքսային վճարների կիրառման առանձնահատկությունները: Ակնկալվում է, որ նախատեսվող փոփոխությունները կնպաստեն մաքսային հայտարարագրման գործընթացի արդյունավետության և անդրսահմանային (արտաքին) էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը։

Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից ստանալ դրամաշնորհ՝ ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների համախմբման մեթոդաբանության և գործիքակազմի մշակման, ՀՀ առողջապահության նախարարության և նրան ենթակա ՊՈԱԿ-ների համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման նպատակով համապատասխան ծրագրային ապահովման մշակման (ձեռքբերման), ինչպես նաև այդ հաշվետվությունները պատրաստող մասնագետների համապարփակ ուսուցման կազմակերպման միջոցով։ Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ-ում պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Կառավարությունը հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 50 մլն եվրո արժողությամբ ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ և խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաև՝ ամրապնդելով կառավարումը։

Հավանություն է տրվել  2023 թվականի փետրվարի 13-ին Բրյուսելում և 2023 թվականի հուլիսի 19-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Կայուն էներգիա, էներգետիկ անվտանգություն և կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունություն Հայաստանի գյուղական վայրերում» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ այդմ՝ Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով տեխնիկական աջակցություն՝ 6.5 մլն եվրո ծավալով: Համաձայնագրի ընդհանուր նպատակներն ուղղված են էներգետիկայի բնագավառում Հայաստանում էներգետիկ աղքատության մեղմացմանը, էներգետիկ անվտանգության ու անկախության բարձրացմանը, բնապահպանական տեսանկյունից կլիմայական փոփոխությունների մեղմացմանն ու բնական ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանությանը:

 Այլ որոշումներ

Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ապրանքների ժամանակավոր պահպանության համար գանձվող պետական տուրքի գործող դրույքաչափերի կիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծմամբ: Մասնավորապես, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչությունում (Գյումրու ԱՏԳ կենտրոնում) առկա է հետևյալ պատկերը՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում Գյումրու ԱՏԳ կենտրոնում բեռնաթափվում է միջինում 160-180 ավտոմեքենա, յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում բաց է թողնվում միջինում 130-180 ավտոմեքենա,            ներկայումս կայանված է 1500-1600 ավտոմեքենա և այլն: Գյումրու ԱՏԳ կենտրոնում առկա է մոտ 120 արգելապահված մեքենա, որոնց համար օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր պահպանության ժամկետը լրացել է: Պետական տուրքի նոր դրույքաչափով կիրառման արդյունքում հնարավոր կլինի մաքսային վարչարարությունն իրականացնել առավել արագ և արդյունավետ, քանի որ մաքսային մարմնի կողմից էլ թողունակության ավելացման առումով իրականացվել են բեռնաթափման ծավալների ընդլայնմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև սպասարկող անձնակազմի համալրում: Նախագծի համաձայն` առաջին օրվա համար պետական տուրք չի գանձվի՝ դրանով խրախուսելով ավտոմեքենաների մաքսազերծումը մեկօրյա ժամկետում իրականացնելը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային մարմնի կողմից մաքսատուն-վարչության տարածքից տրանսպորտային միջոցների բացթողումն իրականացնել մաքսատուն-վարչության տարածքի համար նախատեսված թողունակությանը համապատասխան:

Գործադիրը ընդունել է որոշում, որով կապահովվի ԵՄ-ում ՀՀ առաքելությունից ստացված ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին 2022 թ. մասնակցության վճարի փոխանցումը և համապատասխան համաձայնագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կողմից պարտավորության կատարումը: Ըստ այդմ՝ Կառավարության պահուստային ֆոնդից 70095 եվրոյին համարժեք դրամ կհատկացվի  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում հայաստանյան մշակութային և ստեղծարար ոլորտի կազմակերպություններին ծավալելու միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի մի շարք այլ կազմակերպությունների հետ, խթանում է շփումները մշակույթի գործիչների միջև և տրամադրում է դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի և մի շարք այլ ոլորտներում:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031