Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Արմենիա» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնի փակման համերգը։ Ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Ծրագրում հնչեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Սըր Կառլ Ջենքինսի Երգչախմբային պասակալիան‚ որը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին‚ և «Սիմֆոնիկ Ադիեմուս» ստեղծագործությունը։ Ջենքինսի «Սիմֆոնիկ Ադիեմուսն» արժանացել է 17 ոսկե և 2 պլատինե մրցանակների։ Այն «Ավատար» ֆիլմի հանրահայտ երաժշտությունն է։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Սըր Կառլ Ջենքինսը մեր օրերում ամենահաճախ կատարվող ժամանակակից կոմպոզիտորներից է։ Երևանյան լեփ-լեցուն դահլիճը մեծ ընդունելության արժանացրեց Ջենքինսի ստեղծագործությունների կատարումները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կազմակերպված «Արմենիա» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 14-ին։ Փառատոնի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել են բազմաթիվ անվանի երաժիշտներ՝ ջութակահարներ Սթիվեն Ուորթս‚ Շյաոժուո Վանգ‚ Մարկ Բուշկով‚ դաշնակահարներ Եկվոն Սունվու‚ Զի Զի‚ թավջութակահար Գաբրիել Շվաբե։ Փառատոնային համերգները ղեկավարել են դիրիժորներ Ռոլեն Հենքենսը‚ Ռիկարդո Կասեռոն‚ Սերգեյ Սմբատյանը‚ Դանիել Բոյկոն‚ Ջոն Ուորները։
Կարդացեք նաև
Փառատոնի շրջանակում կատարվել են նաև Արամ Խաչատրյանի‚ Երվանդ Երկանյանի‚ Գագիկ Հովունցի‚ Ալեքսեյ Շորի‚ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի‚ Էդվարդ Միրզոյանի‚ Պյոտր Չայկովսկու‚ Ալեքսանդր Բորոդինի ստեղծագործությունները։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ