Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական պատվիրակության անդամները «հարձակում» գործեցին Թոմաս դե Վալի նկատմամբ․ մեղադրեցին, թե աշխատում է Ռուբեն Վարդանյանի հետ

Հոկտեմբեր 12,2023 15:52

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախաձեռնությամբ անցկացվող «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի պարտավորությունները» թեմայով քննարկման ժամանակ «Կարնեգի Եվրոպա» hիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վալի ելույթից հետո ադրբեջանական պատվիրակության անդամները «հարձակում» գործեցին փորձագետի վրա։

Սամադ Սեիդով

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն ասաց, թե միակողմանի մոտեցում է ցուցաբերվում, թե հիասթափված է փորձագետի ներկայացմամբ ու նա ստում է, թե չկան ուղիղ շփումներ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Հայաստանի միջև։

Ադրբեջանական պատվիրակության մեկ այլ անդամ՝ Նիգար Արպադարայն էլ ասաց, թե կան լուրջ պնդումներ, որ պարոն դե Վալն աշխատում է Ռուբեն Վարդանյանի հետ և նրա համար։

Թոմաս դե Վալը կարճ անդրադարձավ ադրբեջանական պատվիրակության անդամների մեղադրանքներին։ Նա սուտ համարեց այն պնդումները, թե իբր ինքը աշխատում է Ռուբեն Վարդանյանի հետ և նրա համար։ Ասաց, որ երբեք չի աշխատել ոչ նրա հետ, ոչ նրա համար։

Խոսելով Սեիդովի դիտարկումների մասին՝ փորձագետն ասաց, որ իր խոսքերում զգույշ է եղել ու նշել, որ գովելի է վերջին շրջանում ուղիղ կապի գոյությունը, բայց նաև նշել է, որ 30 տարիները չեն օգտագործվել այդ շփումների համար․ «Վերջին շրջանի քննարկումներն էլ եղել են ընդհատումներով։ Հարց է առաջանում՝ եթե նման քննարկումներ կային, ապա ինչո՞ւ Բաքուն ռազմական ուժ կիրառեց։

Փոլ Գավան

«Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» թեմայով զեկույցի հեղինակ, ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Փոլ Գավանը Թոմաս դե Վալին հարցրեց հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հնարավորությունների մասին ու ասաց․ «Ադրբեջանական ռեժիմի, մարդու իրավունքների պաշտպանության մասին ամրագրումներ կան տարբեր միջազգային փաստաթղթերում։ Համակարգային խոշտանգումներ, խաղաղության կառուցման գործընթացի խոչընդոտում, ադրբեջանական հասարակությունն այս ամենով է դաստիարակվում Ալիևի ռեժիմի կողմից։ Հետևաբար՝ ի՞նչ երաշխիք կարող է ունենալ հայ բնակչությունը վերադարձի դեպքում․ պետք է թույլատրվի միջազգային վերահսկողություն»։

Թոմաս դե Վալն ասաց․ «Օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունն ընդհանուր առմամբ Ադրբեջանում շատ ցածր մակարդակի վրա են։ Դրա համար Ադրբեջանի քաղաքացիները ընդհանուր առմամբ չունեն բավարար չափով հասանելիություն արդարադատությանը։ Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնություններին, ապա կրթական և մշակութային իրավունքները ինչ-որ առումով պաշտպանված են, բայց նաև քաղաքական իրավունքներ էլ են պետք ապահովել։ Հայերն արժանանում են ատելության խոսքի»։

Թոմաս դե Վալը նշեց՝ 2020-ի պատերազմից առաջ Ալիևը Ղարաբաղի հայերին խոստանում էր «աշխարհում ամենաբարձր ինքնավարությունը, իսկ այդ պատերազմից հետո դա հօդս ցնդեց։ Ահա, թե ինչ համատեքստում են Ղարաբաղի հայերին առաջարկում վերաինտեգրում»։

Փորձագետը հիշեցրեց, որ 200 հազար հայեր 1990-ին Բաքվից ու այլ ադրբեջանական քաղաքներից սպառնալիքի ներքո ստիպված էին հեռանալ։

Ամփոփելով՝ փորձագետն ասաց, որ անհրաժեշտ է համապարփակ և ոչ ընտրողական մոտեցում ցուցաբերել․ «1980-ականներից ի վեր շատ պատերազմական հանցագործություններ են կատարվել երկու կողմից էլ, բայց անպատիժ են մնացել։ Ես անպատժելիություն եմ նկատում այս հակամարտության հետ կապված։ Շատ դրական քայլ եմ համարում այն, որ Հայաստանը հիմա միանում է միջազգային քրեական դատարանին։ Ադրբեջանն այդ դատարանի անդամ չէ։ Սա ԵԽԽՎ ադրբեջանցի պատվիրակների համար խնդիր պետք է լինի, որպեսզի իրենց երկրի ղեկավարությանը հորդորեն միանալ այս դատարանին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031