Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքների բոլոր անդամներին ՀՀ կառավարությունը նախատեսում է վեց ամիս տրամադրել 40-հազարական դրամ վարձավճարի համար և 10-հազարական դրամ կոմունալ վճարների համար: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«ԼՂ-ից տեղահանված այն անձանց, որոնք ՀՀ-ում ունեն անշարժ գույք, վարձավճարի համար գումար չի տրամադրվի, բայց նրանք ևս կկարողանան օգտվել կոմունալ վճարների 10-հազարական դրամ աջակցությունից»,-ասաց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ ծրագիրը կիրականացվի 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024.թ մարտ ամիսը:
Մկրտչյանը հայտնեց, որ հոկտեմբերի համար վճարումները կիրականացվեն 100 հազար դրամ աջակցություն ստացածների ցանկի հիման վրա, իսկ նոյեմբերից՝ առցանց եղանակով ամենամսյա դիմումների հիման վրա, իսկ դիմումում անհրաժեշտ տեղեկատվության մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Կարդացեք նաև
Մկրտչյանի խոսքով, այդ գումարները չեն տրամադրվի պետության հոգածության տակ գտնվողներին և պետական տարածքներում բնակվողներին, ինչպես նաև նրանց, ովքեր հաշվառված են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում կամ ունեն անշարժ գույք:
«Այս ծրագրի համար, որն ընդունում ենք, մոտավորապես վեց ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեից կծախսվի 27 մլրդ դրամ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ այդտեղ նույնպես պետք է թափանցիկության որոշակի ցուցանիշ ապահովվի:
Խոսելով արցախցիների կողմից Հայաստանում բնակարանների վարձակալության մասին՝ նա սահուն անցում կատարեց վարձակալության օրենսդրական կարգավորմանը: «Մենք բնակարանների վարձակալության հետ կապված որոշակի օրենսդրական կարգավորումներ ենք նախատեսել, որով ակնկալում ենք, որ բնակարանների վարձակալության գործարքները պետք է լինեն լիարժեք թափանցիկ, որպեսզի նաև բյուջեի հետ կապված հարաբերությունները ճիշտ կարգավորվեն: Մենք խնդիր ենք դրել, որ բնակարանների վարձակալության շուկան պետք է ստվերից դուրս գա: Դա մենք հստակ արձանագրել ենք և ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ կապված այս իրավիճակը մեր վճռականությունը չի սասանել: Հիմա ավելի վճռական ենք»,-ասաց նա:
Փաշինյանը հայտարարեց, որ Արցախից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար ՀՀ կառավարության հատկացումները գերազանցում են 100 միլիոն դոլարը:
«Ե՛վ կառավարության, և՛ հանրության, և՛ բոլորի համար շատ կարևոր է, որ ծախսված ամեն գումարի հետ կապված կարողանանք հաշվետվություն տալ: Պատերազմի ժամանակ եղել են որոշ դրվագներ, որոշ աղմուկներ, հիմա չպետք է թույլ տանք, որ անգամ 1000 դրամի հետ կապված հարց ծագի, թե գումարն ուր գնաց: Բնակարաններ վարձակալությամբ տվող մեր սիրելի հայրենակիցներին ասում ենք՝ «բոլորդ պետք է գաք օրինական դաշտ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ