Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը հասել է աննախադեպ մակարդակի, երկկողմանի հարաբերությունների պատմության ընթացքում նման բաց, քաղաքական երկխոսություն դեռ չի եղել։ Այս մասին «Ռուսաստան-Թուրքիա. ԶԼՄ-ների դերը համագործակցության ամրապնդման գործում» կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպվել էր TASS գործակալությունում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի և Թուրքիայի՝ դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները հիմնված են մի քանի առանցքային կետերի վրա: Նախ, սա անկեղծ, քաղաքական երկխոսություն է ամենաբարձր մակարդակի վրա, ընդ որում՝ աննախադեպ։ Կարելի է ասել, որ մեր հարաբերությունների պատմության մեջ, ըստ ամենայնի, այսքան անկեղծ, հարուստ, բեղմնավոր, արդյունավետ փոխգործակցություն երբեք չի եղել»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ-ի խոսնակի խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերությունների հիմքում ընկած է նաև փոխշահավետ տնտեսական համագործակցությունը։ Զախարովան կարծում է, որ երկկողմանի հարաբերություններում առանձին բաղադրիչ է մշակութային և հումանիտար համագործակցությունը։