ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, որտեղ այսօր քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի, կանխատեսվում էր, որ Ադրբեջանը կօգտագործի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ընդդեմ մեր շահերի, ուստի Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինը միանգամից կանխեց հնարավոր շահարկումները. «Դուք հավանաբար կլսեք, որ Ադրբեջանը վարչապետի սեպտեմբերի 21-ի հայտարարությունը կհիշատակի, որ այսօր՝ այս պահին, մեր գնահատումն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում: Ակնհայտ է, որ խոսքը վերաբերվել է «այդ պահին», մի պահ, երբ վստահելի տեղեկատվությունը, ըստ էության անհնար էր ստանալ, ավելին՝ այն չէր ցույց տալու այն ամենը, ինչ տեղի էր ունենալու դրանից հետո: Վարչապետ Փաշինյանը այնուհետեւ բացատրել է իր հայտարարության նպատակը, հոկտեմբերի 4-խորհրդարանում նա նշել է, որ իր հայտարարության մոտիվացիան այն էր, որ փորձում էր է՛լ ավելի չվատթարացնել իրավիճակը եւ չինտենսիվացնել էթնիկ հայերի դեմ սպառնալիքները: Նա ավելացրեց, որ ուրախ եմ, որ գուցե նաեւ իմ հայտարարության շնորհիվ ավելի քան 105 հազար հայեր, որոնք գտնվում էին դժվար իրավիճակում, ծայրահեղ հոգեբանական վիճակում, կարողացան գալ ու հասնել ՀՀ: Փախուստը քաոսային էր»:
Ներկայացնելով այն մղձավանջը, որի միջով անցել են արցախահայերը բռնի տեղահանվելիս, փաստաբանն ասաց, որ օրվա երկրորդ կեսին, երբ ելույթ կունենան Ադրբեջանի ներկայացուցիչները, հավանաբար կասեն, որ նրանք հեռացել են իրենց տներից կամավոր, բայց Ադրբեջանի դեպքում դա խոստովանություն է, որովհետեւ ինչպե՞ս կարող էր ավելի քան 100 հազար մարդ վեր կենալ իրենց տներից, թողնել ամենը, ինչի համար պայքարել էին տասնամյակներ ու կամավոր որոշել գնալ, դա անհավատալի է:
Փաստաբանը մեջբերեց նաեւ Ալիեւի վերջին հայտարարություններից մեկը, որտեղ ասում է, թե հայերի հետ մենք խնդիրներ չունենք, չունենք թշնամանք. «Սա ծիծաղելի է: Սա այն մարդն է, որը աշխարհի հայերին անվանել է Ադրբեջանի թշնամի, աշխարհը իրեն կարող է թույլ տալ չհավատալ նախագահ Ալիեւի խոսքերին»:
Փաստաբան Մարտինն անդրադարձավ նաեւ Արցախի նախկին նախագահների, 8 հայերի ձերբակալությանը. «ԼՂ-ն հայազրկելու եւ հայկական նշանները վերացնելու քայլեր են անում: Ստեփանակերտի փողոցները վերանվանում են, Վաղարշ Վաղարշյանի փողոցը անվանել են Էնվեր փաշայի փողոց, Էնվեր փաշան ճարտարապետներից մեկն էր եւ կազմակերպել էր Հայոց ցեղասպանությունը: Դուք կարող եք հիշել, որ ադրբեջանցի ծառայողները սիրում են կրել փաշայի այս նշանը, որն ասում է՝ հայեր, մի փախեք, միեւնույն է, մեռնելու եք, մաշվելու եք, գնաք»:
Կարդացեք նաև
Փաստաբանը ներկայացրեց, թե ինչպես են ադրբեջանցիները տապալել հայկական մշակութային հուշարձանները, գետնով տվել խաչը, արագորեն սկսել են ադրբեջանցիներով բնակեցնել տարածքները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ