Լրահոս
Օրվա լրահոսը

Եկող շաբաթ ՀՀ կառավարությունը Արցախից բռնի տեղահանվածների համար կհատկացնի ևս 7.5 մլրդ դրամ. փոխվարչապետ

Հոկտեմբեր 12,2023 15:11

Եկող շաբաթվա ընթացքում ՀՀ կառավարությունը, Արցախից բռնի տեղահանվածների համար կհատկացնի ևս 7.5 մլրդ դրամ, այդ գումարն իր մեջ կներառի նաև 100-հազարական դրամների լրացուցիչ ֆինանսավորումը, որը առաջիկայում նախատեսնում են փոխանցել նրանց։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, ՀՀ Կոտայքի մարզին լրացուցիչ 300 մլն դրամ կհատկացվի, քանի որ ըստ ՀՀ մարզային բաշխվածության` Արցախից բռնի տեղահանվածների ամենամեծ թիվն այստեղ է։

Նրա խոսքով, մինչ այս պահը մարզերին կառավարության կողմից արդեն իսկ հատկացվել է 1 մլրդ 360 մլն դրամ։ «Այս գումարներն ուղղվում են հյուրանոցների համար վճարելուն, սննդի, հիգիենիկ պարագաների ձեռքբերման, երեխաներին գրենական պիտույքներ տրամադրելու և այլ կարիքները հոգալու համար»,– ընդգծեց նախարարը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ավելացրեց, որ հանրագումարով` այդ 300 մլն դրամը ներառյալ, արդեն 9 մլրդ 360 մլն դրամ է հատկացվել մարզերին, որից 8 մլրդը վերաբերում էր միանվագ 100-հազարական դրամ հրատապ աջակցությանը, իսկ մյուս մասը՝ մարզպետարանների միջոցով բռնի տեղահանվածների կեցության և սննդի հետ կապված ծախսերը փոխհատուցելուն։

«Ես ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանը, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում, և բոլոր կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին նույնպես ՀՀ-ն կունենա բարձր տնտեսական աճ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, թե Հայաստանի կառավարությունը կարողանում է ճգնաժամերը կառավարել Նա վստահեցրեց, որ առնվազն պետական բյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը կապահովվի. «Բայց սա շատ զուսպ և շատ պահպանողական գնահատական է: Մեծ հավանականությամբ՝ ավելի բարձր տնտեսական աճ կունենանք»,- ասաց Փաշինյանը:

Նա տնտեսական աճի ցուցանիշին հավելեց նաև ծնելիության աճը, որն իր կարծիքով ուղղակի և անուղղակիորեն կապված է տնտեսական աճի հետ: Փաշինյանի փոխանցմամբ, 2023 թ. հունվար–օգոստոսին Հայաստանում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը վերջին հինգ տարվա համեմատ։ Նա նշեց, որ 2023 թ. 7 ամսում ՀՀ քաղաքացիների թիվն ավելացել է 7 150–ով։

«Սա ժողովրդագրության և առողջապահության ոլորտներում ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունք է։ Հույս ունեմ, որ այն ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար, կնպաստեն, որ նրանք ՀՀ–ից չհեռանալու որոշում կայացնեն, ու ծնելիության այս ցուցանիշի ավելացում կունենանք»,– ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031