Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերը սատանայի արյուն ունեցող են», «հայերը շներ են, որոնց պետք է հետապնդելով քշել Ղարաբաղից եւ նույնիսկ Հայաստանից». ՄԱԿ-ի դատարանում՝ Ալիեւի ատելության մասին

Հոկտեմբեր 12,2023 14:48

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը այսօր քննում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի:

Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ելույթից հետո Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինը ներկայացրեց Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումի հիմքերը, թե ինչու է անհրաժեշտ միջանկյալ միջոց կիրառել. «Այնպես չի, որ պարզապես հայերի ձեռքից վերցրեցին ամեն ինչ ու առանց պատճառի թողեցին հեռացան: Նրանք ծանրակշիռ պատճառներ ունեին փախչելու իրենց նախնիների հայրենիքից, ոչ թե ապրելու Բաքվի երկաթե բռունցքի ներքո: Ավելի հետ գնանք շրջափակումից, Ալիեւն է ասել՝ աշխարհի բոլոր հայերը ադրբեջանցիների թշնամիներն են: Նրանք շներ են, որոնց պետք է հետապնդելով քշել Լեռնային Ղարաբաղից եւ հենց նույնիսկ Հայաստանից, նրանք վանդալներ են, բարբարոսներ, վայրենիներ են: ԼՂ էթնիկ հայերը չափազանց լավ գիտեն, որ այս ատելությունը խթանվել եւ ներդրվել է Ադրբեջանի հասարակությունում: Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են ատել էթնիկ հայերին դեռ օրորոցից: Որպես օրինակ ասեմ՝ միջին դպրոցի դասագիրքը, որը հաստատվել է Կրթության նախարարության կողմից, Հայաստանը կոչում են երկիր, որի երակներում հոսում է ամեն տեսակի կեղտ, խառնարյուն է, որը չունի ապագա, որը մեռած է հոգեպես, չարամիտ է եւ ատելի, իսկ հայերին անվանում են սատանայի արյուն ունեցող անձինք»:

Լոուրենս Մարտին

Փաստաբան Լոուրենս Մարտինը հիշատակեց Ռամիլ Սաֆարովի դեպքը, որը 2004-ին դաժանաբար կացնով սպանեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին. «Նախագահ Ալիեւը ներում շնորհեց Սաֆարովին արտահանձնումից հետո, բարձրացրեց նրա կոչումը՝ տալով մայորի կոչում եւ նույնիսկ 8 տարվա վճարը վերադարձրեց: Հիմա նա կուռք է դարձվել, համարվում է պետության հերոս: ԼՂ էթնիկ հայերը բացի դա` չեն կարող մոռանալ 44-օրյա պատերազմը, սոցմեդիայում կան տեսանյութերը, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը բռնություն գործում, մահապատիժ կիրառում քաղաքացիական անձանց, զինվորականների նկատմամբ՝ անարգելով նրանց մարմինները»:

Նա նշեց, որ 2020-ի պատերազմի հետեւանքով տասնյակ հազարավոր հայեր տեղահանվեցին Ղարաբաղի այն տարածքներից, որոնք գրավել էր Ադրբեջանը:

Դատարանում ցուցադրվեց 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանում թողարկված նամականիշը, որը հստակ ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի «ախտահանում» է նախատեսվում, այն արդեն կանխագուշակում էր էթնիկ զտումը:

Փաստաբանը ներկայացրեց, թե ինչպես էր Ադրբեջանը շրջափակման պայմաններում ռիսկի ենթարկում ԼՂ բնակիչների՝ երեխաների, տարեցների, հղի կանանց կյանքը, խափանում գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը, որոնք դատապարտվեցին միջազգայի հանրության կողմից, բայց անգամ այդ պարագայում Ադրբեջանը շարունակում էր կրակել իր հողամասում աշխատող ֆերմերի վրա՝ թույլ չտալով բերքը հավաքել. «Սեպտեմբերի 18-ին զարմանալիորեն ԿԽՄԿ-ն եւ ՌԴ Կարմիր խաչին թույլ տրվեց բերել որոշակի սահմանափակ մարդասիրական բեռ, ամբողջ աշխարհը ողջունեց դա՝ որպես լուծմանը միտված քայլ, բայց դա տպավորություն էր, որ ճգնաժամը կարող է լուծվել, թվացյալ էր: Հաջորդ օրը տեղի ունեցավ հարձակումը՝ անվանելով տեղական հակաահաբեկչական գործողություն»:

Փաստաբանը ներկայացրեց նաեւ, թե ինչ էր կատարվում Ղարաբաղի բնակչության հետ այդ ռազմական գործողություններից հետո, ինչպես են քնել փողոցներում, ռուսական ռազմաբազայում, որն այդ պահին Ստեփանակերտի օդանավակայանի տարածքն էր: Նա ցուցադրեց ադրբեջանական տելեգրամյան ալիքների գրառումները այն լուրով, որ արցախցի երկու փոքրիկներ՝ 9 եւ 11 տարեկան կորել են, փնտրվում են. «Ինքներդ եք տեսնում ինչ են գրել, դրանք չափազանց վիրավորական են, որ այս դահլիճում բարձրաձայն ընթերցվեն, բայց դուք այն կգտնեք թղթապանակներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031