Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցին պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնի ազատ, անկախ և թափանցիկ նախագահական և խորհրդարանական ընտրություններ` միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով իր վրա

Հոկտեմբեր 12,2023 14:17

Բոլոր այն ժողովուրդները, որ հրաժարվել են իրենց անկախության համար զինված և խելամիտ դիվանագիտական պայքարից ու հույսը դրել են այս կամ այն օտարի վրա, լավագույն դեպքում պատմության գրքերում նրանց մեկ-երկու թերթ է հատկացվել, իսկ իրականում մատնվել են մոռացության: Ուստի թույլ տվեք հարցնել, ո՞ր ճանապարհն ենք ընտրում մենք:

Թշնամին գիտի մի պարզ իրողություն, որպեսզի Արցախի պատրիացիդը մոռացվի պետք է խոսել Սյունիքի միջանցքի, անկլավների և ընդհանրապես Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումների մասին: Նա մշտապես մեզ պահում է վախերի և ցնցումների մեջ, իսկ մենք դուդուկի հնչյունների ներքո անվերջ նահանջում ենք:

Վերոգրյալի հիման վրա պնդում եմ՝ Արցախին նոր նախագահ է հարկավոր, որքան էլ որոշ «քաղաքական» և «հասարակական» խմբերին զավեշտալի թվա այս միտքը: 44-օրյա պատերազմից հետո այս գաղափարը շրջել է վերլուծական դաշտում: Անգամ միմյանց հակադիր թևերում գտնվող բոլոր քաղաքական և վերլուծական դաշտերում գործող մեր հայտնի խոսնակները համակարծիք էին, որ պատերազմի արդյունքում ձևավորված իրականությունը թույլ չի տալիս իրականացնել ազատ և անկախ ընտրություններ Արցախում, ուստի Ռուսաստանը և Ադրբեջանը, ըստ իրենց, փայլուն օպերացիա իրականացրեցին և իրենց գործակալների միջոցով բռնաբարելով երկրի Սահմանադրությունը, Արցախի ժողովրդի կամքին հակառակ՝ նախ փոխեցին խորհրդարանի նախագահին, այնուհետև նոր «նախագահ» ընտրեցին՝ վաճառելով Արցախը առևտրի առարկա դարձրեցին ողջ Հայաստանը: Իսկ ժողովուրդը, որ արդեն ինը ամիս գտնվում էր շրջափակման մեջ, սոված և ահաբեկված, անկարող էր ընկալել կամ դիմակայել այս արհավիրքին:

Ու թեև մինչ այս պահը մեր թշնամիները փայլուն հաշվարկել էին, տանուլ տվեցին, երբ նրանց համար անկանխատեսելի, ժողովուրդը գրեթե մեկ մարդու պես դուրս եկավ Արցախից, թույլ չտալով իրենց պատանդ վերցնել, անսպասելի ապտակ հասցնելով ռուս-ադրբեջանական դաշինքին: Թույլ չտալով միջազգային հանրության համար աննկատ էթնիկ զտումներ իրականացնել, իրենց պատանդ վերցնելով խաղաքարտ դարձնել Հայաստանի դեմ: Աշխարհն այս ամենը տեսավ ու թեև թույլ, որը բացատրվում է Պուտինի նկարներով արցախահայության քայլերթերով և «Спасибо России» լոզունգներով, բայց արձագանքեց:

Ինչպես ասում են «չկա չարիք առանց բարիք», Արցախի հանրությունը գրեթե ամբողջությամբ Հայաստանում է և հնարավորություն ունի ընտրել նոր նախագահ և խորհրդարան, որոնք կչեղարկեն այդ այսպես կոչված («…այստեղ կարող եք տեղադրել ձեր հայհոյանքը…») նախագահի որոշումները, մասնավորապես Արցախի Հանրապետությունը լուծարելու նրա հրամանագիրը, կարծես ոչ թե երկիր էր լուծարում, այլ իր անձնական Անհատ ձեռներեցի կարգավիճակն էր դադարեցնում: Աշխարհն այս ամենը նկատում է և հումանիտար օգնություն է տրամադրում:

Ադրբեջանը սարսափած է հնարավոր պատրիացիդի մեղադրանքներով և դա է պատճառը, որ «հաղթանակած» Ալիևը ոչ թե զբաղված է հայերի տները ադրբեջանցիներին բաժանելով, այլ դեռևս գովազդում է հայերի բացակայության պարագայում նրանց վերաինտեգրումը: Իսկ աշխարհը, հատկապես արևմուտքը սպասում է մեր արձագանքին, որպեսզի ստանա բաղձալի պատասխանը՝ մենք համակերպվե՞լ ենք, թե՞ դեռ կամք ունենք պայքարելու մեր հայրենիքի համար: Սակայն, քանի որ զենքը հանձնեցինք թշնամուն, մնում է մեկ պայքարի ճանապարհ՝ դիվանագիտական դաշտում: Դա էլ Արցախի նոր նախագահ և ազգային ժողով ընտրելն է ՀՀ տարածքում, որոնք կլինեն արցախցիների ներկայացուցիչները Ադրբեջանի և աշխարհի առաջադեմ երկրների հետ բանակցություններում, քանզի սա փակուղի է Ադրբեջանի համար միջազգային ասպարեզում, ուստի իրեն հարգող ժողովուրդը գոնե կփորձի օգտվել այս հնարավորությունից:

Կան առաջարկներ իմպիչմենտ հայտարարել ներկայիս նախագահին և խորհրդարանի միջոցով նոր նախագահ ընտրել, սակայն սա սխալ ճանապարհ է, քանզի միջազգային իրավունքի տեսակետից, ինչպես նաև Արցախի օրենսդրության համաձայն, ուժի և սպառնալիքի ազդեցության ներքո կայացված որոշումները ապօրինի են, ուստի մենք չպետք է օրինականացնենք ռուս-ադրբեջանական օպերացիայի արդյունքները և պատերազմից հետո Արցախի Սահմանադրության փոփոխման, նախագահի հրաժարականի արդյունքում նոր նախագահ ընտրելու որոշումները պետք է չեղարկել ու ազատ, անկախ և թափանցիկ ընտրությունների արդյունքում ընտրել Արցախի ոչ թե վեցերորդ, այլ հինգերորդ նախագահին՝ անտեսելով վերջին երևույթի իշխանության գալու հանգամանքը և նրա իշխանությունը Արցախի Հանրապետության գերագույն դատարանի որոշմամբ ճանաչել ապօրինի իշխանազավթում:

Կրկնվեմ, այսօր արցախցին Հայաստանի Հանրապետության տարածքում բացառիկ հնարավորություն ունի անցկացնել ազատ և թափանցիկ ընտրություններ, ինչը մեր թշնամիներին անխոս սարսափեցնում է, քանզի թույլ չի տա մարսել հայրենազրկումը: Տեսեք ինչ համաշխարհային արձագանք ստացավ, երբ Արայիկ Հարությունյանը մեկ օր իր կարիերայի ընթացքում նախագահ աշխատեց և նամակ գրեց պաշտոնազուրկ միջազգային չինովնիկ Լուիս Օկամպոին: Կարծում եմ իրավական հետևանքներից տեղեկացված եք բոլորդ, քանի որ մինչ օրս այդ հաղթաթղթից օգտվում է Հայաստանի դիվանագիտական կորպուսը: Իշխանությունն աքսորի մեջ նորություն չէ միջազգային պատմության համար և պատմությունը ցույց է տվել, որ այն հզոր քաղաքական զենք է հմուտ դիվանագետների ձեռքերում, սակայն մենք բացառիկ հնարավորություն ունենք նաև աննախադեպ լեգիտիմություն տալ Արցախի նոր իշխանություններին, քանզի Արցախցիների 90 տոկոսը դեռ Հայաստանում է ու դեռևս նրանց ռուսական անձնագրեր չեն բաժանել ու չեն ցրել ամբողջ աշխարհով մեկ: Այո՝ արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ, ինչն աշխարհին կասի, որ արցախցին չի հրաժարվել իր հայրենիքից, նա պարզապես հայրենիքը լքելով խուսափել է աներկբա ոչնչացումից՝ ցեղասպանությունից: Սա քաղաքական այն լեզուն է, որն ամրագրված է միջազգային իրավունքում և հասկանալի ու ընկալելի է Արևմուտքի համար:

Եթե մենք մոռանանք Արցախի մասին, ապա այն ոսկորը, որ արցախցիների միահամուռ լքմամբ դեռևս մնացել է Ալիևի կոկորդում, և այդ ստահակը սպասում է, որ աշխարհը կկենտրոնանա այլ արհավիրքների վրա և նա կմարսի այն, ու համարելով, որ իրեն ամեն բան կարելի է կպահանջի Սյունիքը, իսկ հետո, ինչի վերաբերյալ նա արդեն իր զառանցանքները հնչեցնում է իր հիվանդ երևակայության մեջ, այլ հայկական հողերի նկատմամբ ևս հավակնություններ կներկայացնի:

Եկեք նաև չմոռանանք, որ ցեղասպանի պիտակը մոտ է Թուրքիայի մեջքին փակցված լինելուն և նրանք ամեն բան անում են խուսավարելու և մոռացության մատնելու այդ հանգամանքը, ուստի այս խաղաքարտն է, որ մենք պետք է դաշտ նետենք նրանց թվացյալ անկեղծ բարեկամությունը խաթարելու համար: Մեր ցեղասպանության խաղաքարտն է, որ Ռուսաստանն օգտագործում է Թուրքիային հասկացնելով, որ հայոց պետականությունը նրա համար սպառնալիք է, իսկ միութենական պետության վերականգնումը ռեալ փրկություն ցեղասպանի պիտակից խուսափելու համար և դա է պատճառը, որ Էրդողանը հնարավորության դեպքում հաճույքով Պուտինին կզիջի նաև Ադրբեջանը ու խուսափելով ոչ միայն հարյուրամյա ցեղասպանի պիտակից, կլվա ձեռքերը նաև Արցախյան պատրիացիդի աջակցի կոչումից և կրկին մնալով Արևմուտքի լավագույն դաշնակիցը մեր տարածաշրջանում վերջնականապես մոռացության կմատնի իր պատմական բարբարոսությունները, դրան գումարած մեծ ֆինանսական աջակցություններ կստանա տնտեսական փլուզման առջև կանգնած Թուրքիան փրկելու համար:

Այո, նույնիսկ այս իրողություններում մենք հնարավորություն ունենք պաշտպանվելու մեր թշնամիներից, փրկելու Արցախը և Հայաստանը, եթե չհամակերպվենք ներկայիս իրողությունների հետ և անդադար չնահանջենք: Արևմուտքը կարող է զենք տալ, այլ ոչ թե զինվոր: Այդ մասին է վկայում Ուկրաինայի և Իսրայելի վերջին պատերազմը:

Ուստի կրկնվեմ՝ արցախցին պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնի ազատ, անկախ և թափանցիկ նախագահական և խորհրդարանական ընտրություններ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով իր վրա, թույլ չտալով միջազգային խաղացողներին անտեսել իրեն: Չեղարկի իր ծախու նախկին իշխանավորների որոշումը, հայտարարելով, որ իրենց հարցը փակված չէ: Այդ հակահարվածը կշեղի մեր անկոտրում թվացող թշնամական եռյակի համախմբումը: Քանզի մի բան է շահույթ ստանալ պատրիացիդի արդյունքներից, մեկ այլ բան է աղտոտվել այդ պիտակավորումը քո վրա վերցնելով: Երբ աշխարհը խոսի հայրենազուրկ ժողովրդի կամքի ու ազատատենչության մասին, մեր երեք թշնամիներն այս կամ այլ կերպ կդիստանցավորվեն Ալիևից: Քանզի կա կառավարություն, կա երկիր՝ 21-րդ դարն է, պարոնա՛յք, անկախ իր սրիկայությունների ու շահամոլությունների: Դրանով իսկ առաջադեմ աշխարհի առջև հարց կբարձրացնի արցախցին՝ նրանք մարսո՞ւմ են պատրիացիդը, թե՞ մարդու իրավունքները իրոք համաշխարհային գաղափարախոսության հիմնասյունն է, այլ ոչ թե պատրվակ սեփական առևտուրը կազմակերպելու համար:

Արցախը մեր Սարդարապատն է և եթե նահանջենք հաջորդը լինելու է Սյունիքը և այդպես շարունակ, մինչև որ մենք չվերանանք այս տարածաշրջանից կամ «լավագույն» դեպքում մի փոքրիկ հատվածում մեզ չստիպեն «օրհնել այն սհաթը, երբ ռսի օրհնված ոտքը հայոց լույս աշխարհ մտավ…»:

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031