Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանված անձանցից մոտավորապես 2500–ը դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից. Փաշինյան

Հոկտեմբեր 12,2023 14:02

Արցախի հայաթափումը ՀՀ կառավարության ծրագրերում ու քաղաքական ցանկությունների մեջ չի եղել։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոստովանությամբ, երկար մտածելուց հետո՝ որոշել է բարձրաձայնել, որ թեպետ ընդդիմախոսներն անընդհատ իրենց քննադատում են կառավարչական հմտություններ չունենալու մեջ, սակայն միջազգային գործընկերները զարմացած են, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները համակարգել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 000 մարդու խնդիրները, որպեսզի հումանիտար ճգնաժամ չստեղծվի:

«Մենք ի սկզբանե պլան չենք ունեցել, որովհետև ԼՂ-ի հայաթափումը երբեք մեր պլանների ու քաղաքական ցանկությունների, նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանության մեր օրակարգում չի եղել: Ինչ որ արվել է, արվել է գործնականում օրերի ու ժամերի ընթացքում: Մենք նախապես ոչինչ չէինք պլանավորել, ու միջազգային հանրությունը հիմա զարմանում է, թե մենք ինչպես կարողացանք հաղթահարել հումանիտար ճգնաժամը, ու մեր փողոցներում չենք տեսնում անօթևաններ։ ՀՀ կառավարությունը կարողացել է իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով նրանց բոլորի կարիքները հոգալ»,– հայտարարեց նա։

Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ Արցախից բռնի տեղահանված անձանցից մոտավորապես 2500–ը դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից:

«Մենք ուզում ենք, որ բոլորն առանց բացառության մնան, ապրեն, աշխատեն Հայաստանում: Ես ամեն օր ստանում եմ թվերը, թե Լեռնային Ղարաբաղից եկած ինչքան մարդ է դուրս եկել Հայաստանից, ես հույս ունեմ, որ նրանք այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում գտնվող իրենց բարեկամներին, ինչ-որ ժամանակ կանցկացնեն այնտեղ ու կվերադառնան»,– ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ եթե արցախահայերը իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, ՀՀ կառավարությունը ամեն ինչ կանի, որ նրանք հենց Հայաստանում մնան։

«Մենք ուզում ենք, որ բոլորը մնան ու աշխատեն Հայաստանում։ Մենք տարբեր ծրագրեր արդեն ունենք` ժողովրդագրության հետ կապված, բնակարանների ապահովման հետ կապված, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելու հետ կապված։ Այդ բոլոր ծրագրերով մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ՀՀ–ում մնալու հնարավորությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ որևէ բանով չսահմանափակվի»,–ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը ոչ թե չէր ուզում ընդունել Արցախից բռնի տեղահանվածներին, այլ չէր ուզում, որ նրանք ստիպված լինեին լքել իրենց տները։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031