Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռեւս կարող եք էապես փոխել իրավիճակը, դեռ ժամանակ կա կանխելու հայերի տեղահանությունը անշրջելի դառնալը». Եղիշե Կիրակոսյանի ուշագրավ ելույթը՝ ՄԱԿ-ի դատարանում

Հոկտեմբեր 12,2023 13:52

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը այսօր քննում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի:

Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ Ըստ պահանջի, Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է Լեռնային Ղարաբաղից մնացած էթնիկ հայերին դուրս մղելուն կամ նրանց համար հետեւանքներ ունենալուն, կամ խոչընդոտում է վերջին ռազմական հարձակման ժամանակ տեղահանված անձանց, այդ թվում ՝ Հայաստան կամ երրորդ պետություններ փախչողներին անվտանգ և արագ վերադարձին իրենց տները, միաժամանակ թույլ տալով նրանց, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, դա անել անարգել։

Պահանջվում է նաեւ, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին իր զինված հարձակման հետևանքով օկուպացված Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական հաստատություններից դուրս բերի ողջ ռազմական և իրավապահ անձնակազմը: Ադրբեջանը պետք է զերծ մնա Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինծառայողների նկատմամբ պատժիչ միջոցներ ձեռնարկելուց, վերականգնի գազամատակարարումը, չոչնչացնի մեր պատմական հուշարձանները եւ այլն:

Ըստ ընթացակարգի, դատարանը պետք է 2 ժամ լսի Հայաստանի ներկայացուցչին, այնուհետեւ՝ օրվա երկրորդ կեսին կլսեն Ադրբեջանին:

Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ 9 ամիս առաջ նույն դատարանում ներկայացնում էր, որ Ադրբեջանն ունի էթնիկ զտման ծրագիր. «Տիկին նախագահ, մեծ ցավով եմ այսօր ձեզ ասում, որ դա հիմա իրականություն է դարձել: 9-ամսյա շրջափակումից հետո, որով կոպտորեն խախտվել են դատարանի որոշումները, ի հեճուկս միջազգային լայնածավալ դատապարտման, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին նախաձեռնեց լայնածավալ ռազմական գործողություն, ցինիկաբար այդ ընթացքում Լաչինի միջանցքը բացեց 9 ամսվա ընթացքում առաջին անգամ, բայց միայն մի նպատակով, որ 100 հազարավոր փախչող հայազգի մարդկանց դուրս թողնի այնտեղից: Հազարամյակներ շարունակ ԼՂ բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են եղել, այսօր այնտեղ գրեթե չկան հայեր: Եթե սա էթնիկ զտում չէ, տիկին նախագահ, ապա ես չգիտեմ, թե ինչն է էթնիկ զտում: Այսօր Ադրբեջանի իմ գործընկերը, ակնկալում եմ, որ կասի, թե իրենք հավատարիմ են խաղաղ հաշտեցման նպատակներին, սակայն եթե այդ բառերը ձեզ ծանոթ թվան, ապա պատճառն այն է, որ ճիշտ նույն բառերն ասել է 9 ամիս առաջ: Ադրբեջանը շարունակեց դիտավորյալ խաթարել հանրային ծառայությունները եւ սովամահության ենթարկել ԼՂ հայազգի բնակչությանը եւս 8 ամիս, որից հետո դաժանաբար հարձակվեց նրանց վրա եւ ստիպեց իրենց նախնիների հայրենիքից փախուստի դիմել:

Ադրբեջանի ներկայացուցիչը կասի, որ Ադրբեջանը թույլ է տալու վերադառնալ Ղարաբաղի հայազգի ներկայացուցիչներին: Նման բան խոստացել էր 2021-ի հոկտեմբերին, երբ պնդեց, որ իբր փոխանցված տարածքներում Ադրբեջանը պարտավորվել է ապահովել տեղահանված անձանց վերադարձը՝ անկախ նրանց էթնիկ ծագումից կամ ինքնությունից: Անցել է երկու տարի եւ անգամ մեկ հայազգի անձի թույլ չի տրվել վերադառնալ այդ տարածքներ: Փոխարենը ԼՂ-ում բնակվող գրեթե բոլոր հայազգի անձանց ստիպել են փախչել իրենց տներից:

Ակնկալում եմ նաեւ, որ Ադրբեջանի ներկայացուցիչը կասի, որ Ադրբեջանը վերադարձող բոլոր հայազգիների նկատմամբ կվերաբերվի այս կոնվենցիային համապատասխան: 2021-ի հոկտեմբերին նույնպես այդ խոստումը տվեց, դատարանի երկու միջանկյալ միջոցները չխանգարեցին Ադրբեջանին խորացնելու իր խախտումները:

2020-ի սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել՝ զտման ենթարկելու ԼՂ-ն էթնիկ հայերից եւ դա արել է Հայաստանի ներկայացրած դիմումի քննարկմանը զուգընթաց: Միջազգային հանրությունը չի կանգնեցրել այդ գործընթացը, բացի այդ, էթնիկ զտման իրականությունը այսօր բացարձակապես պարզ է բոլորին: Այսօր դուք դեռեւս կարող եք էապես փոխել տեղում իրավիճակը, դեռ ժամանակ կա կանխելու էթնիկ հայերի հարկադրական տեղահանությունը անշրջելի դառնալը, պահպանել այն սակավաթիվ հայազգի անձանց, ովքեր դեռեւս բնակվում են ԼՂ-ում, ինչպես նաեւ այն անձանց, ովքեր ապօրինաբար առեւանգվել են եւ ներկայումս ազատազրկված են Ադրբեջանի բանտերում:

Տիկին նախագահ, Ադրբեջանի ցինիզմը երեւակայության սահմաններն է անցնում, բողոքում է, որ հայերի՝ այս դատարանում պահանջները հակասում են միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, պնդում են, թե այդ գործողությունները «հիմնական սպառնալիքն են խաղաղության, անվտանգության եւ արդարադատության հաստատմանը տարածաշրջանում», պնդում են, թե՝ «Հայաստանը հետաքրքրված չէ խաղաղության գործընթացով»: Այս դիրքորոշումը կտրականապես հակադրվում է միջազգային իրավակարգի հիմունքներին, որոնցից մեկն այն է, որ վեճերը պետք է լուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով: Սա փաստացի վկայում է այն մասին, թե ինչպես է իրականում Ադրբեջանը նախընտրում լուծել իր վեճերը, այն է՝ ուժի գործադրմամբ: Այսպե՞ս է Ադրբեջանն ընկալում խաղաղություն եւ անվտանգություն ասվածները»:

Եղիշե Կիրակոսյանը զգուշացրեց, որ Ադրբեջանը բազմիցս իրեն թույլ է տվել ապակողմնորոշել միջազգային հանրությանը, ուստի եթե միջազգային դատարանի միջանկյալ որոշման մեջ որեւէ անորոշություն լինի, Ադրբեջանը դա կօգտագործի ու կշահարկի եւ իսպառ կջնջի Ղարաբաղից հայերի մասունքները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031