Ինչպես տեղեկացնում է sports.ru-ն, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ 2024 թվականի օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց բռնցքամարտի միջազգային միության (IBA), որի նախագահը ռուս գործարար Ումար Կրեմլյովն է:
«Օլիմպիական ծրագրում բռնցքամարտը IBA-ի հովանու ներքո չի լինի եւ վերջ: Մենք չորս տարի ժամանակ էինք տվել, սակայն նրանք չեն կատարել մեր պայմանները: Թե իրենք ինչպես են իրենց պահում ներկայումս, իրավիճակի բարելավման հույս չի ներշնչում»,-ասել է ՄՕԿ-ի ղեկավարը եւ ավելացրել, որ IBA-ի ֆինանսական թափանցիկությունը վատթարանում է, իսկ մրցավարությունը չի համապատասխանում այն չափորոշիչներին, որ ակնկալվում են օլիմպիական մարզաձեւից:
Inside the GAMES-ի փոխանցմամբ, ՄՕԿ-ում հավաստիացրել են, որ բռնցքամարտը ներկայացված կլինի 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք օլիմպիական խաղերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ