«Կարծում եմ՝ սա այն դեպքը չէ, որ միայն մեկն է ճիշտ, մյուսը՝ սխալ»,- պատասխանելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին՝ ասաց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, Նախարարների կոմիտեի նախագահ Կրիշյանիս Կարինշը։
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, Նախարարների կոմիտեի նախագահ Կրիշյանիս Կարինշի հետ հարցուպատասխանի ժամանակ նրան հարցրեց․ «Հունիսին Ձեզ նախորդող նախարարը խուսափեց Լեռնային Ղարաբաղի շրջափակման համար Ադրբեջանի պատասխանատվության մասին իմ հարցին ուղղակի պատասխանելուց՝ դրանով իսկ Ադրբեջանին շնորհելով անպատժելիություն տարածաշրջանում հայերի նկատմամբ շարունակական բռնությունների համար։ Հիմա ուզում եմ հարցնել Ձեզ՝ ունե՞ք պատասխանատվության որեւէ զգացում, ի դեմս այս կազմակերպության, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ սեպտեմբերին իրականացված էթնիկ զտումների համար, քանի որ դա տեղի է ունեցել Նախարարների կոմիտեում Ձեր նախագահության ժամանակ և Ռեյկյավիկի գագաթնաժողովից հետո»։
Կրիշյանիս Կարինշը պատասխանեց․ «Բազմաթիվ են բազմաշերտ դժգոհությունները: Դրա համար մեր երկու ներկայացուցիչներ մեկնելու են այդ տարածք։ Ճշմարտությունը մի հետաքրքիր առանձնահատկություն ունի՝ այն ի վերջո բացահայտվում և փայլում է։ Այսպիսով, մենք կտեսնենք, թե իրականում ինչ վիճակ է եղել։ Արդյոք դա ա՞յն էր, ինչ ենթադրում էր հարցը: Միգուցե իրավիճակը մի փոքր ա՞յլ է»։
Կարդացեք նաև
Ըստ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի՝ չպետք է թույլ տալ, որ իրավիճակը հասնի ռազմական գործողությունների, մարդկանց և զորքերի տեղաշարժի։ Ըստ նրա՝ այստեղ Եվրոպայի խորհուրդը և Նախարարների կոմիտեն, նախագահությունը մեծ դեր ունեն։ Նա վստահեցրեց, որ հաջորդ շաբաթ իր պաշտոնավարման ավարտից հետո, երբ հերթը հանձնեն Լիխտենշտեյնին, որպես Եվրոպայի քաղաքացի նաև իր լուման է ունենալու այս գործընթացում։
Ըստ նրա՝ դժվարությունն այն է, որ մենք գնում ենք սև կամ սպիտակի ճանապարհով, այս դեպքում լուծման ճանապարհ երբեք չի գտնվի․ «Իրականում ամենալավ լուծումն է խոսել, միմյանց լսել, և ի վերջո այն կաշխատի։ Ես համոզված եմ, որ այստեղ նույնպես կարելի է լուծում գտնել։ Դա, իհարկե, հեշտ չէ, բայց ռազմական ուղով լուծումը միանշանակ այլընտրանք լինել չի կարող»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ