«Արցախից բռնի տեղահանվածներից յուրաքանչյուրին 100 հազարական դրամ» պետության աջակցության ծրագրի շրջանակում՝ այս պահի դրությամբ փոխանցումներ են կատարվել 52 600 մարդու քարտային հաշիվներին: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
«Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում ամփոփում ենք ցուցանիշները, բոլոր լրացուցիչ տվյալները նույնականացնում ենք և շաբաթվա վերջի դրությամբ կատարում ենք հերթական փոխանցումը: Արդեն 52 600-ին այս շաբաթվա ավարտին կգումարվեն ևս 13 500-ը: Երեխաների համար այդ 100 հազարական դրամները ստանալու համար արդեն ընդունել ենք 23 300 դիմում, որից 15 200-ը մշակված են, մնացածը մշակման ընթացքում են: Արդեն իսկ մշակված 15 200-ից 1800-ի վճարումները վաղը կներառենք այն 13 500-ի մեջ, որոնք կիրականացվեն: Եկող շաբաթվա ընթացքում մենք երեխաներին վերաբերող տվյալների գերակշիռ մասը արդեն ամփոփած կլինենք: Այսինքն` եկող շաբաթվա վերջին մենք մոտ կլինեն 85-90 հազար թվին, իսկ մնացածը կախված կլինի նրանից, թե ինչ արագությամբ նոր քարտային հաշիվներ կբացեն և դիմումներ կներկայացնեն»,-ասաց Խաչատրյանը:
Նիկոլ Փաշինյանը սրբագրեց փոխվարչապետի հրապարակած տվյալներն ու հայտարարեց, թե վաղվա դրությամբ վճարած կլինեն մոտ 66 հազար մարդու:
Ի պատասխան Փաշինյանի այն հարցի, թե ի՞նչն է պատճառը, որ փաստորեն 34 հազար մարդ ակտիվ չէ քարտային հաշիվներ ունենալու առումով՝ Խաչատրյանն ասաց, որ մեծ մասն արդեն դիմումներ ներկայացրել են, դրանցից 22 հազարը երեխաների դիմումներն են, որոնք մշակման ընթացքում են, եւս մոտ 7 հազար երեխաների վերաբերյալ դիմումներ կշարունակեն ստանալ. «Ստացվում է, որ մոտ 14 հազար մարդ քարտային հաշիվներ բացելու գործընթացը չեն ավարտել»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ