Լրահոս
Օրվա լրահոսը

Զբաղվածության խնդրի լուծում, հյուրատներից դեպի տներ հոսքի ապահովում. մարզխորհրդի նիստի օրակարգում էին ԼՂ-ից բռնի տեղահանված և Վայոց ձորում բնակվող արցախցիների խնդիրները

Հոկտեմբեր 12,2023 13:34

Հոկտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Արարատ Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզխորհրդի չորրորդ նիստը։

Նիստի օրակարգի հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վայոց ձորում բնակվող քաղաքացիների խնդիրներին։

Նիստին մասնակցում էին մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերը, մարզի ուժային կառույցների ղեկավարները, համայնքների ղեկավարները, ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ տարածքային կենտրոնների տնօրենները։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդհանուր գծերով ներկայացրեց մինչ օրս մարզում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրներին առնչվող աշխատանքների հիմնական ուղղությունները՝ բարձր գնահատելով կարճաժամկետ ծրագրերի լուծման փուլում կատարած աշխատանքները, կարևորելով բոլոր պատասխանատու օղակների՝ շուրջօրյա ռեժիմով աշխատելու, ինչպես նաև Վայքի հաշվառման կայանի ծանրաբեռնված աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու հանգամանքները։

Հիմնական զեկույցով հանդես եկավ առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը՝ հանգամանորեն ներկայացնելով կատարված և առաջիկայում կատարվելիք աշխատանքները։ Այնուհետև Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աղվան Հարությունյանը ներկայացրեց մարզում բռնի տեղահանվածների թվային բաշխվածության պատկերը՝ ըստ համայնքների և բնակավայրերի՝ նշելով, որ թվերը պարբերաբար փոխվում են՝ պայմանավորված միջմարզային և ներմարզային մակարդակով քաղաքացիների շարժով։ՄՍԾ տարածքային կենտրոնների տնօրեններն էլ ներկայացրեցին իրենց իրավասությունների շրջանակի աշխատանքների ընթացիկ վիճակը։

Բազմակողմանի քննարկումներում կարևորվեցին մի քանի առաջնային խնդիրներ, որոնք պետք է դիտարկել միջնաժամկետ ծրագրերի տեսանկյունից՝ կեցավայրերի հարցերի որոշակիացում, մասնավորապես հյուրանոցներից, հյուրատներից դեպի տներ հոսքի ապահովում, տեղահանվածների ինտեգրում, զբաղվածության խնդրի լուծում, դպրոցահասակ երեխաների՝ կրթական համակարգում ընդգրկվածության ապահովում և այլն։

Քննարկումներում նախանշվեցին խնդրո առարկայի վերաբերյալ մարզում երկարաժամկետ ծրագրերի իրականացման որոշ կողմեր, որոնք մանրակրկիտ ուսումնասիրելուց, դիտարկելուց հետո հնարավոր կլինեն կյանքի կոչել։

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ամփոփելով նիստը, նշեց, որ այս փուլի աշխատանքների արդյունավետ և նպատակային կազմակերպումը հետագայում կդառնա երկարաժամկետ ծրագրերի կազմման իրատեսական հիմքերից և հաջողության գրավականներից մեկը։

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031