Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram սոցիալական ցանցի իր էջում աջակցություն է հայտնել իր հրեա ընկերներին և նրանց ընտանիքներին՝ ընդգծելով, որ նրանք միայնակ չեն, և այս համատեքստում հիշեցրել է այն ճգնաժամի մասին, որին բախվել են Արցախի հայերը ։
«Իմ սիրտը ցավում է՝ տեսնելով ամբողջ աշխարհի աչքերի առջև ահաբեկված և սպանված երեխաների և ընտանիքների տեսանյութերը»,-գրել է նա։
Քարդաշյանի խոսքով՝ դաժան ահաբեկչությունը խլել է անմեղ կյանքեր, հիմա Իսրայելի և Պաղեստինի քաղաքացիները տառապում են՝ վճարելով ամենաթանկ գինը։
«Որպես հայ շատ զգայուն եմ այս հարցերի նկատմամբ, քանի որ տարիներ շարունակ բարձրաձայնել եմ Հայոց ցեղասպանության մասին, և հիմա՝ ամիսների շրջափակումից հետո, որին լրատվամիջոցներում նվազագույն անդրադարձ եղավ, և չեղավ ոչ մի արտաքին աջակցություն, հայերն Արցախում էթնիկ զտման զոհ են դարձել։ Այս պահին նրանք նույնպես տառապում են ծայրահեղ մարդասիրական ճգնաժամից, և դեռ կան պահվող ռազմագերիներ և անհետ կորածներ»,-գրել է Քարդաշյանը։