Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապշեցուցիչ է ադրբեջանցի գործընկերների ցինիզմի մակարդակը, որոնք դարձել են իրենց ավտորիտար իշխանության, ցեղասպան ռեժիմի փաստաբանները»․ Ռուբեն Ռուբինյան

Հոկտեմբեր 12,2023 13:08

«Այս քննարկման ընթացքում ապշեցուցիչ է ադրբեջանցի գործընկերների ցինիզմի մակարդակը, որոնք դարձել են իրենց ավտորիտար իշխանության, ցեղասպան ռեժիմի փաստաբանները»,- «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի պարտավորությունները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Նա փաստեց՝ պարզ էր, որ Ադրբեջանն ուներ հստակ նպատակադրում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայերին և նրանք էթնիկ զտում իրականացրին։

Ռուբեն Ռուբինյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ թեև ադրբեջանցի պատգամավորները պնդում են, թե ԼՂ հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, բայց նրանցից որևէ մեկը մի բառ անգամ չասաց ԼՂ-ից բռնի տեղահանված 100000 հայերի ճակատագրի մասին, որևէ մեկը մահացածների ընտանիքներին ցավակցություն չհայտնեց․ «Բայց եթե մենք հաշվի առնենք, որ ռեժիմի հստակ նպատակն է ազատվել ԼՂ հայերից, ամեն ինչ տրամաբանական է դառնում»։

Արձագանքելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Քամալ Յաֆարովի հայտարարություններին, թե պետք է խոսել նաև ՀՀ-ից Ադրբեջանի փախստականների մասին, երբ նա օրինակ էր բերում, թե իր հայրը ծնվել է «Արևմտյան Ադրբեջանում»՝ նկատի ունենալով Սևանա լճին հարող տարածքը, Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Ուզում եմ արձագանքել պարոն Յաֆարովին։ Այս մարդիկ այնքան հեռու են ամոթից, որ անգամ հիմա, երբ ամբողջ հայ բնակչության էթնիկ զտում է կատարվել, նրանք եկել են այս կազմակերպություն և Հայաստանը կոչում են Արևմտյան Ադրբեջան։ Պետք չէ հանճար լինել՝ հասկանալու, որ Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունները՝ 2020-ի պատերազմ, էթնիկ զտում, ՀՀ-ից միջանցքի պահանջ, ՀՀ-ի սահմանները չճանաչելը, վկայում են այն մասին, որ Ադրբեջանը դարձել է սպառնալիք միջազգային իրավունքի և միջազգային օրենքի համար։ Եվ այս ռեժիմը պետք է պատժվի օրենքով։ Մենք ակնկալում ենք միջազգային հանրության աջակցությունը, ձեզնից յուրաքանչյուրի աջակցությունը։ Սա միայն ՀՀ-ի մասին չէ, այլ միջազգային կարգի ու օրենքի։ Եվ խնդրում եմ որևէ մեկին այստեղ թույլ չտալ իրեդենտիստական և ագրեսիվ հայտարարություններ անել։ Անընդունելի է Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» անվանելը, կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու՝ ինչու։

Նշենք, որ Քամալ Յաֆարովը, ներկայանալով որպես «Արևմտյան Ադրբեջան» ՀԿ-ի ներկայացուցիչ, հայտարարեց․ «Էթնիկ հայերի վերաինտեգրումը միակողմանի տոմս չէ։ Մեզնից բոլորը ունեն օրենքի առաջ հավասար իրավունքներ։ Երբ խոսում ենք Ղարաբաղի հայերի իրավունքների մասին, պետք է խոսենք նաև Հայաստանից Ադրբեջանի փախստականների մասին․․․ հարց եմ տալիս՝ հավասար իրավունքներին հավատո՞ւմ եք, արդյոք դուք մեր իրավունքը պաշտպանո՞ւմ եք վերադառնալ Արևմտյան Ադրբեջան, եթե այո, ապա ե՞րբ, դուք կարծում եք, որ վերաինտեգրացիան պետք է միակողմանի՞ լինի և որոշ էթնիկ խմբեր ունենան արտոնությո՞ւն միջազգային իրավունքի առաջ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031