Սեպտեմբերի 22-ին ձերբակալված, ապա մեկ ամսով կալանավորված Լեւոն Քոչարյանի գործով կա երկու տուժող, երկու վկա. բոլորն էլ ոստիկաններ են՝ կարմիրբերետավորներ: Տուժողներից մեկը Հրաչիկ Խաչատրյանն է. նա այն անձն է, որը մինչեւ Լեւոն Քոչարյանին ավտոմեքենա նստեցնելն է իբրեւ հարվածներ ստացել. այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրեց Լեւն Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Էրիկ Ալեքսանյանը:
Վարույթով մեղադրանքը եւ ոստիկանների ցուցմունքները, ապացուցող այլ փաստական տվյալներ չկան: Մեղադրանքը բացառապես չորս ոստիկանների ցուցմունքի հիման վրա է եւ արդյունքում, ըստ պաշտպանի, «Լեւոն Քոչարյանը համ ծեծի է ենթարկվել, համ էլ կալանավորվել է»: Էրիկ Ալեքսանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ցույցերից տեւական ժամանակ է անցել, բայց ոչ մի կարմիրբերետավորի ոչ այս դեպքով, ոչ այլ դեպքերով, գոնե մեղադրանք առաջադրված չէ: Կա նաեւ վարույթ՝ Լեւոն Քոչարյանին խոշտանգման ենթարկելու մասով, բայց այդ գործով որեւէ տեղաշարժ չկա:
Հիշեցնենք, Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին, երբ մասնակցել է խաղաղ ցույցի, ոստիկանության աշխատակիցները՝ կարմիրբերետավորները, իբրեւ օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհը բացելու, իսկ Լեւոն Քոչարյանը հակադրվելով, ոստիկանների պահանջը չկատարելով՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն է գործադրել: Ըստ առաջադրված մեղադրանքի, մինչեւ ավտոմեքենա նստեցնելու պահը, Լեւոն Քոչարյանը երկու անգամ ոտքերով հարվածել է ոստիկանության աշխատակցի ոտքերին: Այնուհետեւ, ավտոմեքենայի մեջ գտնվելու ժամանակ էլ, նպատակ ունենալով դիտավորությամբ խաթարել ոստիկանների օրինական աշխատանքային գործունեությունը, ոստիկանության մեկ այլ աշխատակցի է երկու անգամ հարվածել՝ կրծքավանդակի ու ուսի հատվածում: Մեկ այլ ոստիկանի էլ հարվածել է ոտքով՝ ձախ ուսին:
Կարդացեք նաև
Պաշտպանն այսօր մանրամասնեց՝ մեղադրանքը բնորոշ է ՔՕ 452 հոդվածին՝ պաշտոնատար անձի օրինական, ծառայողական, քաղաքական գործունեությանը միջամտելը, որն ուղեկցվում է բռնությամբ: ՔՕ-ն, ըստ նրա, հստակ սահմանում է բռնության դեպքերը՝ երբ այդ անձը ստանում է մարմնական վնասվածք կամ գոնե կիրառված բռնությունը նրան ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է պատճառում: Մինչդեռ գործի ապացույց տեսանյութում Լեւոն Քոչարյանի կողմից հարվածներ ստանալու մասին ցուցմունք տված ոստիկանի՝ Հրաչիկ Խաչատրյանի դիրքից, գտնվելու վայրից, Էրիկ Ալեքսանյանը խիստ տարակուսելի է համարում նրա հարված ստանալն առհասարակ: Ավելին, հենց այն ձեւով հարվածներ ստանալը, ինչպես նկարագրված է մեղադրանքում: Տեսանյութում հստակ երեւում է՝ Հրաչիկ Խաչատրյանը մշտապես գտնվել է Լեւոն Քոչարյանի հետեւում: Ավելին, Հրաչիկ Խաչատրյանը խեղդելու հնարքով փորձում է բերման ենթարկել Լեւոն Քոչարյանին: Խեղդելու հնարքը, ըստ փաստաբանի, կիրառված անհամաչափ ուժ է, որն ոստիկանության աշխատակիցն իրավունք չուներ կիրառելու, քանի որ Լեւոն Քոչարյանը որեւէ անհամաչափ գործողություն չի կատարում:
Նախաքննական գաղտնիքով պայմանավորված, փաստաբանը ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները չհրապարակեց, բայց ասաց, որ դրանց հիման վրա է մեղադրանքի նկարագրությունը կազմվել: Ցուցմունք տված բոլոր չորս ոստիկանների ցուցմունքները պաշտպանի համար արժանահավատ չեն եւ այս մոտեցումը պաշտպանական կողմի մոտեցում կամ սուբյեկտիվ դատողություն չէ, այլ փաստական ապացույցի՝ տեսանյութի ուսումնասիրության արդյունք: Տեսանյութի ուսումնասիրությունը, որն առկա է գործում, հերքում է նրանց ցուցմունքները: Ավելին, մեղադրանքում ասվում է, ոստիկանների օրինական պահանջին չի ենթարկվել Լեւոն Քոչարյանը, բայց ոստիկանների եւ նրա միջեւ խոսակցական որեւէ կոնտակտ, ըստ տեսանյութի, չկա: Այսինքն, խնդրահարույց է՝ արդյոք Լեւոն Քոչարյանին որեւէ պահանջ ներկայացվել է, ինչից հետո էլ նա որեւէ ոչ իրավաչափ գործողություն է կատարել, ինչն էլ հիմք է հանդիսացել նրան բերման ենթարկելու համար:
Փաստաբանն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ ոստիկանների գործողությունները ուղղված են բացառապես Լեւոն Քոչարյանի դեմ, որեւէ այլ անձի բերման չեն ենթարկում, եթե որեւէ մեկին քաշքշում են, ապա, որպեսզի հեռացնեն Լեւոն Քոչարյանից, որ չխոչընդոտվի նրա բերման ենթարկելը:
Ոստիկանության բաժնում գտնվելու ժամանակ Լեւոն Քոչարյանը պահանջել է, որ ինքը բուժզննության ենթարկվի, քանի որ ստացել է բազմաթիվ հարվածներ, որոնցից վատ է զգացել՝ գլխապտույտներ, սրտխառնեց եւ այլն: Իրավապահները մոտ կես ժամ հրաժարվել են Լեւոն Քոչարյանի այդ իրավունքն իրացնելուց, հետո տեղի են տվել:
Մեղադրանքի երկրորդ դրվագով էլ՝ արդեն ոստիկանական մեքենայում ծեծի մասով, պաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ տեսանյութում շատ հստակ երեւում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ծեծում Լեւոն Քոչարյանին: Արդեն հայտնի Հրաչիկ Խաչատրյանը, որը մեքենայի դիմացի նստատեղին է նստած, երկու անգամ ուժեղ հարվածներ է հասցնում հետեւում նստած Լեւոն Քոչարյանին:
Ի դեպ, պաշտպանի հրապարակած տեսանյութը ընդունվել է վարույթ իրականացնող մարմնի կողմից եւ այն ապացույց է հանդիսանում: Այս պայմաններում, Էրիկ Ալեքսանյանի պնդմամբ, Լեւոն Քոչարյանին ոչ միայն չպետք է ձերբակալեին, այլ մեղադրանք չպետք է առաջադրվեր, կալանք չպետք է կիրառվեր:
Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ կալանքի որոշում ընդունած դատավոր Մասիս Մելքոնյանը մինչ դատավոր դառնալը եղել է քաղաքական դերակատար, ունեցել է հստակ բացասական վերաբերմունք Ռոբերտ Քոչարյանի պետական ու քաղաքական գործունեության վերաբերյալ, ինչը արտահայտվել է նրա սոցցանցային հարթակում, տարբեր հարցազրույցներում: 9-10 ժամ տեւած նիստի ժամանակ իրենք այդ ամենը ներկայացրել եւ հիմնավորել են՝ նաեւ բացարկի միջնորդություն ներկայացնելով դատավորին, քննիչը հակափաստարկներ չի ներկայացրել, դրանք չեն եղել, բայց նիստի ավարտից կես ժամ անց դատավորը հրապարակել է Լեւոն Քոչարյանի կալանավորման որոշումը, ինչը, ըստ պաշտպանի, խոսուն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ