Լրահոս
Օրվա լրահոսը

Տարակուսած եմ՝ տեսնելով, որ այլատյացությունը և ավտորիտարիզմը քննադատող զեկույցի բանախոսը ներկայացնում է մի երկիր, որը էթնիկ զտման է ենթարկել իրենց պապենական հայրենիքում ապրող հայ բնակչությանը. Արուսյակ Ջուլհակյան

Հոկտեմբեր 12,2023 12:51

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

Պատգամավորը նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք քննարկում ենք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմքերին սպառնացող վտանգներից մեկը:

Ծայրահեղ աջ գաղափարախոսությունը, որը հաճախ դրսեւորվում է ազգայնականությամբ, այլատյացությամբ, ավտորիտարիզմով, թափ է հավաքում աշխարհի տարբեր կողմերում: Սա ոչ միայն սպառնում է իրավահավասարության եւ արդարության սկզբունքներին, այլ նաեւ խաթարում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բուն էությունը, ինչի համար սերունդներ շարունակ պայքարել ենք, դրանք փայփայել:

Վերջին տարիներին ծայրահեղ աջ գաղափարախոսության հետ կապված ատելության հանցագործությունների, խտրականության ու բռնության դեպքերի տագնապալի աճ է գրանցվել: Այս գործողություններն ուղղակիորեն սպառնում են այն անհատների իրավունքներին, որոնք թիրախավորվել են իրենց ազգային պատկանելության, կրոնական դավանանքի կամ համոզմունքների համար:

Եվ այս տեսանկյունից շատ կարեւոր է, որ մենք՝ որպես կազմակերպություն, քննարկենք խնդիրը՝ փորձելով գտնել հնարավոր լուծումներ:

Բայց, անկեղծ ասած, հարգելի՛ գործընկերներ, ես մի փոքր տարակուսած եմ՝ տեսնելով, որ այլատյացությունը եւ ավտորիտարիզմը քննադատող զեկույցի բանախոսը ներկայացնում է մի երկիր, որը հայտնի է իր այլատյացությամբ եւ ավտորիտարիզմով, մի երկիր, որը տառացիորեն վերջերս է էթնիկ զտման ենթարկել իրենց պապենական հայրենիքում ապրող ամբողջ հայ բնակչությանը:

Էթնիկ զտում, որը վերջին ակորդն էր այդ մարդկանց մոտ տասն ամիս շրջափակելուց եւ սովի մատնելուց հետո:

Զեկույցում բերված են տարբեր երկրների օրինակներ, սակայն բուն Ադրբեջանի մասին ոչինչ չի ասվում: Օրինակ՝ զեկույցում կարող էր լինել հղում ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի՝ Ադրբեջանի վերաբերյալ վերջին զեկույցին, որում, մասնավորապես, նշված է հետեւյալը, մեջբերում եմ.

«Կոմիտեն խորապես մտահոգված է հայկական ազգային կամ էթնիկ ծագմամբ անձանց նկատմամբ ռասայական ատելության հրահրման եւ ռասիստական կարծրատիպերի քարոզչության կապակցությամբ, այդ թվում՝ համացանցում եւ սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ հանրային դեմքերի եւ պետական պաշտոնյաների կողմից իրականացվող, ինչպես նաեւ նման արարքների վերաբերյալ մանրամասն հետաքննության, դատապարտման եւ պատժման դեպքերի բացակայությամբ: Կոմիտեն նաեւ մտահոգված է նրանով, որ դպրոցական դասագրքերն Ադրբեջանում խթանում են նախապաշարմունքներ եւ ռասայական ատելություն հրահրում, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ, ինչպես նաեւ Ադրբեջանում պատմության ուսուցման ընթացքում էթնիկ փոքրամասնությունների մարգինալացմամբ»:

Ինչեւէ: Գործընկերնե՛ր, վերադառնալով ծայրահեղ աջ գաղափարախոսության թեմային, ասեմ, որ որպես պատասխանատու քաղաքական գործիչներ եւ արդարության ջատագովներ՝ մենք պետք է միասնական պայքարենք ծայրահեղականության, ատելության եւ անհանդուրժողականության դեմ: Մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարական սկզբունքները, որոնք հնարավորություն են տվել մեզ առաջադիմել որպես հասարակություն, եւ մենք պետք է անխոնջ աշխատենք հավաստիանալու համար, որ մարդու իրավունքները պաշտպանված են բոլորի համար՝ անկախ նրանց ծագումից կամ համոզմունքներից: Միայն այդպես մենք կկարողանանք կառուցել ապագա, որը, իսկապես, ներառական, արդար եւ ժողովրդավարական կլինի բոլորի համար»:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031