Այս պահին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ անցկացվում է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի պարտավորությունները» թեմայով հանրային լսում:
Մասնակցում են Մոնիտորինգի, միգրացիայի և ԵԽԽՎ այլ հանձնաժողովների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Հանրային քննարկմանը Լոնդոնից տեսակապով մասնակցում է «Կարնեգի Եվրոպա» hիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վալը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանմանը՝ փորձագետն ասաց. «Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություներն արձանագրեցին էթնիկ հայերի տարածքային միավորի գոյության ավարտը, որը գոյություն ուներ 1923-ից: Սա մարդկային ողբերգություն է, Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի 99 տոկոսը ստիպված էր լքել իր հայրենիքը»:
Թոմաս դե Վալն ասաց՝ Իլհամ Ալիևն ուներ ընտրություն՝ հարցը լուծել երկխոսության միջոցով, բաց նա ընտրեց ռազմական ուժի կիրառումը: Ըստ փորձագետի՝ սա նաև ուղերձ էր արևմտյան առաջնորդներին և վկայում է Ղարաբաղի հայերի հետ երկխոսության ավարտի մասին:
Կարդացեք նաև
Խոսելով Ադրբեջանի կողմից առաջ մղվող վերաինտեգրման քաղաքականության մասին՝ փորձագետն ասաց. «Միջազգային կազմակերպությունները պետք է ուշադիր հետևեն այս գործընթացին: Ադրբեջանն այժմ առաջարկում է վերաինտեգրման օրակարգ, որի ներքո հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ և լինել Ադրբեջանի քաղաքացիներ: Ադրբեջանը չունի երկքաղաքացիության ինստիտուտ, այնպես որ, ԼՂ վերադարձող հայերը պետք է հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից: Պետք է հարց տանք՝ ինչո՞ւ է Ադրբեջանն այս նախաձեռնությունն առաջարկում, երբ ԼՂ հայերի 99 տոկոսը դուրս է եկել Ղարաբաղից: Եվ ինչո՞ւ այդ առաջարկը չէր անում դրանից առաջ: Ոչ մի ազգային փոքրամասնություն Ադրբեջանում չունի հատուկ քաղաքական իրավունքներ կամ ինքնավարություն: Ազգային փոքրամասնությունները այս երկրում պաշտպանված չեն»: Թոմաս դե Վալը այս առիթով հիշատակեց ԵԽ կոմիտեների եզրակացությունները:
Փորձագետը խոսեց նաև Ադրբեջանի հռետորաբանության մասին՝ ընդդեմ հայերի և վստահեցրեց. «Մինչև այդ հռետորաբանությունը չվերանայվի մեդիայում, կրթական համակարգում, կարող եմ վստահեցնել՝ դժվար է պատկերացնել հայերի, որոնք կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի տարածքում»:
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանն ունի ընտրություն տեսնել ուժեղ կամ թույլ Հայաստան: Սակայն ընտրում է թույլ Հայաստանը. «Ադրբեջանն ունի ընտրություն՝ կամ ուզում է ուժեղ Հայաստան տեսնել, որը լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ և անկախ է ՌԴ-ից, կամ թույլ Հայաստան, որն ունի Թուրքիայի հետ փակ սահմաններ և կախված է ՌԴ-ից: Ցավոք, Ադրբեջանը ընտրել է երկրորդ Հայաստանը»։
Խոսելով «անկլավների» մասին՝ Թոմաս դե Վալն ասաց, որ տարածքային հարցերը պետք է արժանանան միջազգային մեծ ուշադրության և դրանք երկարաժամկետ կտրվածքով լուծվող խնդիրներ են:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ