Ռուսաստանը տեսնում է Անդրկովկասում Հայաստանի միջոցով ՆԱՏՕ-ի անդամ երկրների շահերն առաջ մղելու փորձ։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո։
«Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, դա որոշ չափով արվում է արհեստականորեն։ Մենք գիտենք, թե վերջին տարիներին Հայաստանում ոչ կառավարական քանի կազմակերպություն է ստեղծվել, թեպետ նախկինում դրանց թիվը ևս քիչ չէր։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական կապերն առաջ մղելու նպատակով, դրանք ուղղված են հակառուսական տրամադրությունների համար հիմք ստեղծելուն և տարածաշրջանում Հայաստանի միջոցով՝ ամենաառաջինը ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների շահերի առաջխաղացմանը։ Տեսնում ենք այդ փորձերը, դրանք որոշակի արդյունքի հասնում են»,-ասել է Լավրովը։
Միևնույն ժամանակ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը խորապես համոզված է, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է ՌԴ–ի հետ ավանդական եղբայրական կապերի զարգացմամբ։ «Ձեր ուշադրությանն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հարցազրույց տվեց և հստակ արձանագրեց, որ Հայաստանը չի փոխում իր կողմնորոշումը։ Հույս ունենք՝ այս դիրքորոշումը կգերակշռի, չնայած Երևանին այլ ուղղությամբ ներքաշելու փորձերին»,-հավելել է Լավրովը։