Քարտեզագիր, աշխարհագրագետ Գրիգոր Բեգլարյանին հարցրինք՝ Փաշինյանի նշած օկուպացված տարածքները ե՞ւս անկլավներ են, թե՞ դրանք պարզապես օկուպացված տարածքներ են, որոնք պետք է մեզ վերադարձվեն՝ անկախ անկլավների խնդրից: Ստացվում է, որ Փաշինյանը, փաստորեն, Հայաստանից օկուպացված տարածքների հետվերադարձի հարցը կապում է «անկլավների» խնդրի հետ եւ դրանց հնարավոր փոխանակման կոնտեքստում է դիտարկում։
«Դրանք պարզապես օկուպացված տարածքներ են, քանի որ դրանք լեզվակների նման մխրճվում էին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածք, եւ 90-ականների պատերազմի արդյունքում այդ լեզվակների պաշտպանության հարցում մերոնք զլացան։ Եթե քարտեզը նայեք, ապա, օրինակ, Պառավաքարից վերեւ՝ դեպի հյուսիս, մեծ լեզվակ կա, դա օկուպացված է Ադրբեջանի կողմից, կա Վազաշենի կողմերում, նույնը՝ Բերքաբերի կողմերում, օրինակ՝ ջրամբարի մյուս կողմն էլ էր Հայկական ԽՍՀ տարածք, որն օկուպացված է։ Հիմա, փաստորեն, եթե խոսքը գնում է ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանների վերականգնման մասին, ապա դրանք՝ բոլորը, պետք է ազատվեն Ադրբեջանի վերահսկողությունից եւ անցնեն Հայաստանի հսկողության տակ, իսկ այդ 8 գյուղեր կոչվածը, որն անկլավներն են, դրանցից միայն Արարատի մարզի Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին է բնակեցված, իսկ Տավուշի մարզում մնացած այդ գյուղերը՝ Վերին Ոսկեպարը եւ էլի մի քանի գյուղ կա, որոնք բնակեցված չեն եւ առհասարակ քանդված են, այդ գյուղերը ֆիզիկապես էլ գոյություն չունեն։ Այնտեղ ամենամեծ խնդիրն այն է լինում, որ եթե անկլավները տրվում են Ադրբեջանին, ուրեմն ինքը, բնականաբար, այդ անկլավները սկսելու է բնակեցնել, իր զորքը կանգնեցնել, եւ Նոյեմբերյանի ճանապարհը Գորիս-Կապանի նման մնալու է, այսպես ասած, անտեր, նոր ճանապարհներ պետք է կառուցվեն եւ այլն։ Այդ բոլոր խնդիրներն առաջին պատերազմը լուծել էր»,- պատասխանեց Բեգլարյանը։
Գրիգոր Բեգլարյանին հարցրինք՝ չի՞ ստացվում, որ Փաշինյանը Հայաստանից օկուպացված տարածքները հավասարեցնում է անկլավների կարգավիճակի հետ, չէ՞ որ այդպիսի օկուպացված տարածքներ են նաեւ Սեւ լճի հատվածը, Վարդենիսի, Ջերմուկի հատվածում եւս Ադրբեջանը տարածքներ է օկուպացրել, եւ ստացվում է, որ Փաշինյանը, այսպես կոչված, սովետական շրջանի անկլավները ցանկանում է փոխանակել Հայաստանի բուն տարածքների հետ։
«Դե, փաստորեն․․․ Տեսեք՝ Ադրբեջանն ամեն ինչ շատ ճիշտ ու խելոք անում է, ինքը մի քանի կտոր օկուպացրել է, որպեսզի Հայաստանի հետ առեւտրի առիթ ունենա, իսկ մերոնք էլ ինչ պետք է, տալիս են, ոչ մի պահանջ չեն ներկայացնում։ Այո, այդ փոքր-փոքր կտորներով տարածքները, ես կարծում եմ, որ օրենքով դրանք էլ պետք է ազատվեն, երբ Ադրբեջանն անկլավները ստանա, դրանք էլ, ինձ թվում է, ինքը կազատի, որովհետեւ արդեն միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքի մասին է խոսքը լինելու, կարծում եմ՝ կազատի, բայց միայն՝ երբ ստանա իր անկլավները, դրանից ոչ շուտ»,- պատասխանեց Բեգլարյանը։
Կարդացեք նաև
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: