ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021 թթ․ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, Հայաստանը «ներքին ու արտաքին թշնամիներից ազատագրելու» նպատակով, օրերս ազդարարեց նոր քաղաքական շարժում ձեւավորելու մասին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա գուժեց, որ Հայաստանին էլ Արցախի ճակատագիրն է սպասվում, ուստի պետք է պայքարել հանուն Հայաստանի։ Թե ովքեր են Կարապետյանի թիմում, մեզ չհաջողվեց պարզել, քանզի նրա մասին խիստ բացասական կարծիքներ լսեցինք եւ նրա հաջողելու հանդեպ թերահավատություն։
Երեկ տեղեկացանք, որ նրա հետ է ազատամարտիկ, հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը, որը նաեւ շարժման անունն է որոշել՝ Հայ ազգային ճակատ համազգային շարժում:
– Շարժման նախաձեռնող Արշակ Կարապետյանն իր ուղերձում ՌԴ ղեկավարությանը հորդորեց՝ կանխել ՀՀ պետականությունը ոչնչացնելու Փաշինյանի փորձերը, եւ շատերը կարծեցին, որ ձեր պրոյեկտը ծնվել է Ռուսաստանի թելադրանքով։
– Գիտեք, եթե փորձենք ամեն ինչում կապեր տեսնել, կտեսնենք։ ՌԴ-ն, անկախ ամեն ինչից, մեր ռազմավարական դաշնակիցն է, գուցե մեզ հարց տանք՝ իսկ մենք մեզ ինչպե՞ս ենք պահում, երբ ասում ենք «գործընկեր»: Պետք է իմանալ, որ ընկերն ընկերոջը չի գցում, չի խաբում, չի քաշում, դա անում է ծառան, դա ծառայի մտածելակերպ է: Այդպես էլ պետք է լինի պետությունը։ Շուրջ 5 տարի պայքարի բովով անցած մարդիկ այսօր ակնհայտ փնտրում են հարթակ… որպեսզի կարողանաս այս գործընթացներում քո շահը պահել, առաջինը դու պետք է նախ քո՝ հայկական շահն առաջ մղես, եւ պետք չէ անընդհատ ասել, թե բեւեռների բախման պատճառով, նախկինների պատճառով կորցրինք:
Կարդացեք նաև
– Շարժումն ի՞նչ ծրագրով է հանդես գալու, բողոքի ակցիանե՞ր եք անելու, թե՞ այլ բան:
– Մենք մոտակա օրերին ամփոփ կհայտարարենք, եւ ես համոզված եմ, որ կհասնենք հաջողության, որովհետեւ այն լինելու է ոչ թե իմ, Արշակ Կարապետյանի, այլ համայն հայության ազգային ճակատը։ Սա այն հարթակը չէ, որ մենք բարձրանանք ու բարձրից խոսենք մեր ժողովրդի հետ: Մենք կոնկրետ, հստակ քայլերով գործընթացներ ենք անելու, որ այս վիճակից դուրս գանք։
– Մեր հասարակությունն ընդդիմադիրներին կա՛մ քոչարյանական է համարում, կա՛մ՝ սերժական: Հաշվի առնելով Արշակ Կարապետյանի անցյալը, այն, որ ասում են` նրա ցուցմունքով են կալանավորել Քոչարյանին, ի՞նչ եք կարծում` կհաջողվի՞ ձեզ լայն ճակատ ձեւավորել։
– Ես ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի զինակից ընկերն եմ։ 2018-ին, երբ բոլորը մերժում էին Սերժին, եւ նրա կողքը կանգնելը խնդիր էր, ես, չլինելով կուսակցական, չունենալով բիզնես, կանգնել եմ նրա կողքին։ Սրա առաջին հանրահավաքից հետո հայտարարում էի՝ լավ եք անում, որ ուզում եք ձեր կյանքը փոխվի, բայց ո՞ւմ հետեւից եք գնում։ Հետո, երբ սկսեցին քարկոծել Ռոբերտ Քոչարյանին, այդ ժամանակ էլ եմ աջակցությունս հայտնել։ Ընկերությունը չի փոխվում, բայց քաղաքական պայքարի հարթակները ժամանակի ընթացքում լինում են տարբեր։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: