ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտն, ըստ էության, բավական ժամանակ է՝ չի գործում, սակայն դրա փոխարեն համանախագահող երկրները փորձում են ինքնուրույն միջնորդական ջանքերով հանդես գալ։ Օրինակ՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը տեղափոխել դեպի արևմտյան հարթակներ, և գործնական առումով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների կազմակերպման ու առաջընթացի ապահովման հարցը Վաշինգտոնը պատվիրակել է Բրյուսելին։
Փարիզը փորձում է տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանել Հայաստանին աջակցելու և թուրք-ադրբեջանական հավակնություններին հակազդելու միջոցով։
Ուշագրավն այն է, որ Ադրբեջանը փորձում է բանակցությունների գործընթացը տեղափոխել այլ ու նույնիսկ լիովին նոր հարթակներ։ Օրերս Վրաստան կատարած իր այցի ժամանակ Իլհամ Ալիևն այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում նշեց, որ Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Հայաստանի ներկայացուցիչների հետ:
Բայց զարմանալին այն է, որ միաժամանակ Ալիևը համաձայնել է Բրյուսելում ԵՄ-ի միջնորդությամբ նոր հանդիպման կայացմանը։ Իր հերթին էլ Մոսկվան է ձգտում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի կուլմինացիան կարող է լինել Ռուսաստանի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Այս ամենին զուգահեռ նախատեսվում է «3+3» հարթակով հանդիպումներ կազմակերպելու ձևաչափի գործարկումը։ Եվ Ալիևը շտապեց հայտարարել, որ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Դրան, կարծես, պատրաստ է նաև Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ «3+2» ձևաչափով առաջին և առայժմ վերջին հանդիպումը (Վրաստանը մինչ օրս հրաժարվում է մասնակցել հարթակի աշխատանքներին Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների պատճառով) տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։ Այս ձևաչափի գործարկմամբ Թուրքիան է առաջին հերթին շահագրգռված, որպեսզի առանձին հարթակ ստեղծի, որում միջնորդի դերում հանդես կգա։
Կարդացեք նաև
Մյուս կողմից էլ՝ Իրանն է շահագրգռված «3+3»-ի գործարկմամբ, քանի որ դրանով Թեհրանը կարող է ազդել Հարավային Կովկասի գործընթացների վրա, բայց Թեհրանի ու Անկարայի շահերը տարածաշրջանային խնդիրների հետ կապված միմյանց հակասում են։
Մեկ այլ խնդիր է այն, որ Վրաստանը այդպես էլ կարող է չհամաձայնել մասնակցել «3+3» ձևաչափով հանդիպմանը, և այն փաստացի տեղի կունենա «3+2» ձևաչափով։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ դրա արդյունքում Արևմուտքը դուրս է մնալու տարածաշրջանում ներազդեցություն ունենալու հնարավորությունից։ Դրա համար էլ Արևմուտքն էլ առանձին է փորձելու հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, և այս հարցում ԵՄ-ն կարողացել է ստանձնել գլխավոր միջնորդի առաքելությունը՝ չնայած որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում առաջնայնությունը վերցնել իր ձեռքը՝ առաջ քաշելով նաև այն թեզը, թե Ղարաբաղյան հիմնահարցը լուծված չէ։ Եթե այդ ամենին հավելենք, որ ռուսական կողմը նաև խաղաղապահներին պահելու մտադրություն ունի, ապա պատկերն ավելի խճճված է դառնում…
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։