Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ճակատագրական փաստաթղթեր ստորագրելուց, պայմանավորվածություններ ձեռք բերելուց և ՀՀ անունից հայտարարություններ անելուց առաջ չի՞ խորհրդակցում մասնագետների հետ․ «168 ժամ»

Հոկտեմբեր 12,2023 08:30

2021 թվականի հունիսի 11-ին նախընտրական մի հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Տավուշին վերաբերող կետով պայմանավորված՝ ինքը չի համաձայնել ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ պատասխանելով ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը:

«Իրականությունը լրիվ հակառակն է: 10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել: Ես չեմ մեղադրել իրեն, որովհետև համարել եմ, որ ինքը մարդ է, որը պատերազմին մասնակցել է, ոտքը կորցրել է: Չեմ մեղադրել, որովհետև այդ պահին ինքը կարող է այդպես է մտածել: Ես մեղադրում եմ, որ ինքը հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում, խի՞: Եթե մեկը իրավունք ուներ ասեր՝ ստորագրի, դա ինքն էր, որովհետև ինքն է այստեղ այն տարիներին պատերազմին մասնակցել ու ոտքը կորցրել: Եթե իր գնահատականն այդ էր, չեմ ասել իրեն՝ ո՞նց, ինչի՞ ես նման բան ասում: Ես ասել եմ՝ ոչ, դա բացառված է, ես չեմ ստորագրի: Միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել: Ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի»,-  2021-ի նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարել էր Փաշինյանը:

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությունը՝ Տավուշի գյուղերի հանձնման գնով և 29.800 քկմ ՀՀ տարածքով, կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանը պատրաստ է «կտրել» ձեռքերը, որ 2020 թվականին խորությամբ չէր հասկացել Տավուշի գյուղերի հանձնման դերը էսկալացիայի նվազման առումով: Իսկ գուցե բանավոր պայմանավորվածությո՞ւն է եղել, որ Տավուշի գյուղերի հանձնման հարցը կհանվի Արցախին վերաբերող 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր կնքելու և դրանում այդ հարցը ներառելու պայմանով:

Խնդիրն այստեղ այն էր, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, և՛ հոկտեմբերի 10-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, և՛ դրանից առաջ այլ հարցազրույցներում և հայտարարություններում խոստովանում է, որ դեռ իրավական հիմնավորումների փնտրտուքների մեջ է, բայց դա չի խանգարում հայտարարել, որ պատրաստ է հանձնել Տավուշի գյուղերը, այն դեպքում, երբ ըստ մասնագետների՝ ի դեմս քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի,  արխիվներում ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, որ այդ «անկլավները» տրվել են Ադրբեջանին։ Այսինքն՝ դրանց ամրագրումն ապացուցող իրավական հիմք չկա նաև մեր արխիվներում։

«Ըստ Ադրբեջանի սահմանադրության, Ադրբեջանը անկլավ պահանջելու իրավունք չունի, բայց եթե ուժի տեսանկյունից են խոսում, պահանջում է՝ ասելով, որ խորհրդային քարտեզներով դրանք գոյություն ունեն: Բայց ուշադրություն դարձրեք խորհրդային օրերին՝ 1936-ից մինչև 40թ.-ն են դրանք տրվել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանի սահմանադրությունը հիմնվում է 1918-20թթ. Ադրբեջանի վրա, ուրեմն Խորհրդային Միության կողմից Խորհրդային Ադրբեջանին տրված տարածքներն հենց իրենց տեսանկյունից իրավական չեն կարող լինել»,- օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր Գալիչյանը։

Հարց է ծագում՝ Նիկոլ Փաշինյանը ճակատագրական փաստաթղթեր ստորագրելուց, պայմանավորվածություններ ձեռք բերելուց և ՀՀ անունից հայտարարություններ անելուց առաջ չի՞ խորհրդակցում մասնագետների հետ՝ քարտեզագիրներ, միջազգային իրավունքի մասնագետներ, զինվորականներ:

Մյուս կողմից, կարևոր է՝ եթե նշածս ոլորտի մասնագետներից խորհրդատվության պրակտիկա կա, ապա ովքեր են նրանք: Եվ վերջապես իրականությունը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանը, հակառակ մասնագետների կարծիքի, միանձնյա է որոշումներ կայացնում, Սյունիքից զորքի հետքաշման պարագայում, ըստ էության, հենց այդպես էլ եղել է:

Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշումները չեն ազատում պատասխանատվությունից ուժային կառույցների տվյալ պահի ղեկավարներին՝ Պաշտպանության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն:

Ի դեպ, երբ 2020թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հանվում էր Տավուշի մասին կետը, Պաշտպանության նախարար էր Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ՝ Օնիկ Գասպարյանը, ԳՇ պետի տեղակալ՝ Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ Գրիգորի Խաչատուրովը, նրանք այսօր համակարգում չեն, փոխարենը՝ ԱԱԾ տնօրեն է շարունակում մնալ Արմեն Աբազյանը, ում ջանքերով, ըստ Օնիկ Գասպարյանի, 2020 թվականի նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից հանվել էր Տավուշի մասին կետը՝ «այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031