Երեւանի ավագանիում փաստացի փոքրամասնություն կազմող ՔՊ-ի ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ: Ի սկզբանե պարզ էր, որ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցում էր ավագանու ընտրություններին ոչ թե մայրաքաղաքի խնդիրները լուծելու, այլ՝ Փաշինյանին աջակցելու նպատակով: Այդ կուսակցության հիմնական պատումն էլ զուտ քաղաքական էր: Ըստ այդմ՝ «Հանրապետությունը»՝ ՔՊ-ի հետ Հայաստանի ինքնիշխանության կողմնակիցներ են, իսկ ահա ընդդիմադիրները իբր ցանկանում են մեր երկիրը դարձնել «Ռուսաստանի գուբերնիա»: Իշխանության քարոզչության այդ հեքիաթը փշրվում է՝ բախվելով դառը իրականությանը. Հայաստանի Երրորդ Հանրապետության ողջ պատմության մեջ մեր պետության ինքնիշխանության համար ամենամեծ սպառնալիքները ստեղծվել են հենց վերջին 5 տարիների ընթացքում՝ Փաշինյանի իշխանության օրոք:
Բայց դեռեւս Գեբելսի ժամանակ էր հայտնի՝ որքան պարզունակ է սուտը, այնքան շատ մարդ է դրան հավատում: «Հրեաները հրեշներ են, որովհետեւ խմում են քրիստոնյա մանուկների արյունը»: «Ընդդիմադիրները վատն են, որովհետեւ Ռուսաստանի գործակալներ են»: «Հանրապետության» ցուցակը գլխավորող Զեյնալյանը նույնիսկ 5 «կրեմլյան» ուժ էր հայտնաբերել ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների մեջ: Քննչական այդպիսի խորաթափանցությունն ավելի շուտ հարիր է դատախազին, քան իրավապաշտպանին: Բայց իրավապաշտպանությունը Հայաստանում խիստ յուրահատուկ դրսեւորումներ ունի. զարմանալի չէ, որ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը (այդ պաշտոնը զբաղեցնողները, իմ ընկալմամբ, պետք է հումանիզմի եւ լայնախոհության մարմնավորողները լինեն) այժմ գլխավորում է արտաքին հետախուզությունը:
«Գուբերնիայի» մասին իշխանության քարոզչության թեզը կրկնել է նաեւ «Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը («Դոգը»), որի դիրքորոշումը որոշիչ դարձավ՝ ՔՊ-ի վերարտադրման հարցում:
Այդքանով հանդերձ, հետագա զարգացումների առումով, սեպտեմբերի 17-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունները կարեւոր էին, քանի որ բոլոր տեսակի խարդավանքները, «վերակողմնորոշումները» եւ այլն, չեն ստվերում այն փաստը, որ նույնիսկ իր դաշնակցի՝ «Հանրապետություն» կուսակցության հետ ՔՊ-ն չկարողացավ հավաքել ձայների մեծամասնությունը: Գուցե այդ արդյունքները կողմնորոշիչ դառնան մնացած ընդդիմադիր ուժերի համար:
Կարդացեք նաև
Կարծում եմ, Հայկ Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ճիշտ վարվեց՝ վերցնելով ավագանու մանդատները եւ համաձայնելով մասնակցել այդ պետական մարմնի աշխատանքին: Երեւանցիները կտեսնեն, թե ինչպես են ընդդիմադիրներն իրենց դրսեւորում մունիցիպալ մակարդակում, եւ դա կազդի նրանց որոշումների վրա՝ հետագա ընտրությունների ժամանակ: Հուսով եմ, նույն կերպ կվարվեն «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պարոն Աբրահամյան
Մեր ողբերգությունը ոչ միայն ՔՊ է, այս դեպքում՝ Տիգրան Ավինյանի դեմքով: Այլ նաեւ Հայկ Մարությանն ու ԴՈԳԸ: Մեր ողբերգությունն է, որ մարդիկ հավատում են Հայկ Մարությանին ու ԴՈԳԻՆ: Երեւանի ավագանու ընտրությունն ամենացածր մասնակցության ռեկորդ սահմանեց: Նաեւ ցույց տվեց որ քաղաքական դաշտ չկա: Ջիվանու խոսքերով ասաց՝ Ասպարեզը համբակներուն են թողած: Սա վիրավորանք չդիտեք: Սա փոխաբերություն է: Դաշտում չկան արժանիներ ու մարդիկ չեն գնում ընտրության:
Նարեկ, կան արժանիներ: Ու շատ են: Մարդիկ են նոր արժեքներով են ապրում: Նոր արժեքները ունեն թուրքական պիտակներ: Թուրքական ապրանքներ ներկրող հայերն ու հայուհիները բերեցին (բացի երեխաներից) նաև թուրքական ապրելակերպի արժեքները: Զուգահեռաբար, Fast food-ի հետ եկան Fast track , Take it easy, I don’t care… կլիշեները որպես ժամանակակից լինելու նշաններ: Դիտեք ու լսեք Երևանում անց-ու-դարձողների հագնվելու ու խոսույթի բովանդակությունը: “դաշտում չկա արժանի ու մարդիկ չեն գնում ընտրության”-ը ճիշտ է այնքանով որ չկա մեկը արժանի այս վիճակագրական միջին հայի պահանջներին: Բավարարում է միայն համբակ նիկոլը:
Ա.Ա., եթե չեմ սխալվում Հայաստանը որպես Ռուսաստանի գուբերնիա թեզը պատկանում է Եվ. Պրիմակովին:
Ընտրողների ընտրությունը ընդամենը ընտրյալին լեգիտիմացնելու միջոց է, այսինքն՝ ընտրվում է նա, ում ընտրողներին մանիպուլացնող բրիգադը ավելի շատ ընտրողի է մանիպուլացնում: Ընտրվելուց հետո ընտրողներն այլեւս անելիք չունեն մինչեւ հաջորդ ընտրությունները եւ ընտրյալն անցնում է ծառայության ոչ թե ընտրողների, այլ նրանց, ովքեր իրեն առաջադրել են եւ ֆինանսավորել՝ այդ թվում մանիպուլացնող բրիգադներին: Ստացվում է, ձրի ընտրությունը միայն մկան թակարդում է: Հետեւություն, այդ ընտրաաղբարկղները մի կողմ ենք դնում եւ ընտրություն կատարում սեփական փողով՝ գնելով այս կամ այն թեկնածուի քաղաքական ակցիաները կամ ներդրում կատարելով քաղաքական ստարտափներում: Մենք պետք է ստեղծենք լավագույն ընտրական համակարգը եւ կիրառենք այն սկսած ընտանիքի, շենքի, համայնքի կառավարիչների ու վերջացրած պետական պաշտոնյաների ընտրությամբ: Քանի որ վերեւից նշանակվածները վերեւին էլ ծառայում են, ուրեմն պետք է ներքեւից նշանակվեն, որ ծառայեն ժողովրդին: