Արտակարգ հանգամանքները նաեւ արտակարգ հետեւանքներ են ունենում։ Արցախի, մեղմ ասած՝ հայաթափումը, շարունակական անլուծելի խնդիրներ է բերում նաեւ մշակույթի եւ կրթության ոլորտում։ Թվում է, թե Արցախում սովորող ուսանողները տրամաբանորեն պիտի տեղափոխվեին հայաստանյան համապատասխան բուհեր, իսկ մշակույթի գործիչներն էլ պիտի կարողանային հանգիստ զբաղվել իրենց մասնագիտական գործունեությամբ, այնինչ պատկերը բոլորովին անտրամաբանական հունով է ընթանում, օրինակ՝ դասական կատակերգություններին կամ ավելի շատ ողբերգություններին հատուկ ծիծաղելի կամ լաց լինելու կառուցվածքով։ Օրինակ՝ արցախցի ուսանողներից տեղեկանք են ուզում ուսումնական կարգավիճակի մասին, առանց մտածելու, թե ինչպե՞ս եւ որտեղի՞ց է հնարավոր այդ տեղեկանքը ստանալ։ Ինչ վերաբերում է մշակույթի գործիչներին, ապա «տեղ չկա» արտահայտությունը դարձել է «խելամիտ հիմնավոր» պատասխան։ Բայց հիմա այլ են հանգամանքները եւ այդ տեղերը պարտադիր կարգով պիտի ստեղծվեն։ Կարճ ասած՝ Արցախի հայերի էթնիկ զտման ենթարկվելու ու բռնագաղթի պատճառով տեղի բուհերը եւս հայտնվել են գոյատեւման խնդրի առաջ։ Մեր տեղեկություններով, օրինակ՝ անհայտ է դեռեւս Արցախի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում շարունակելու տեսլականը եւ այդ պատճառով է, որ համալսարանի ուսանողները հայաստանյան բուհերի միջեւ են բաժանվում, իսկ դասախոսների ճակատագիրն առայժմ անհայտ է։ Այս թեմայով փորձեցինք զրուցել արցախցի մեկ-երկու դասախոսի եւ արվեստագետի հետ, բայց մի քանի բառ փոխանակելուց հետո հասկանալի դարձավ, որ նրանք անկարող են խոսել՝ պայմանավորված ծանր հոգեվիճակով։ Հուսով ենք, որ կարճ ժամանակ անց, շնորհիվ մեր հոգատար ու ջերմ վերաբերմունքի, նրանք կվերագտնեն իրենց ու կկարողանանք փնտրել վերը նշված հարցերի պատասխանները։
Զրույցի հրավիրեցինք 44-օրյա պատերազմ տեսած ու դրա արհավիրքներն ապրած Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանի, Մուրացանի եւ Աբովյանի անվան ավագ դպրոցներում 24 տարի մաթեմատիկա դասավանդած Կարինե Գասպարյանին եւ ժողովրդական ու գուսանական երգերի կատարող, 44-օրյա պատերազմի մասնակից Արսեն Հարությունյանին։ Մինչ նրանց խոսքը ներկայացնելը՝ տեղեկացնենք, որ Կարինե Գասպարյանն արդեն երեք տարի աշխատում է Երեւանի հայ-հունական պետական քոլեջում, իսկ Արսեն Հարությունյանը հանդիսանում է ժողովրդական նվագարանների «Տոնիկա» նվագախմբի մեներգիչ։
Կարինե Գասպարյանը ծնունդով Արցախից է։ 1985թ. ամուսնացել եւ տեղափոխվել է Վանաձոր, 11 տարի անց՝ արդեն ընտանիքով, կյանքը կապել Շուշիի հետ, որտեղ ապրել եւ արարել են 24 տարի։ «Մինչ 44-օրյա պատերազմն ամեն ինչ հիանալի էր, երջանիկ ապրում էինք։ Պատերազմի ժամանակ 20 օր ընտանիքով ապաստարանում էինք։ Դե, հետոն գիտեք՝ տեղահանվեցինք, եկանք Հայաստան։ Հասկանում եմ՝ առաջին հարցը, որ կծագի ձեզ մոտ, այն է, թե ինչո՞ւ հետո չգնացինք Արցախ։ Պատասխանս այսօր էլ չի փոխվել. Շուշին ընկել էր, ես չէի կարող Ստեփանակերտում ապրել ու հեռվից հիանալ Շուշիով։ Սա էլ ասեմ. բախտս պարզապես բերեց Հայ-հունական քոլեջի պահով։ Իմացա, որ մաթեմատիկայի դասախոսի ազատ հաստիք կա, գնացի եւ մրցույթով ընդունվեցի։ Ճիշտ է, մինչ օրս հիմնական կացարան չունենք, բայց հավատացնում եմ՝ քոլեջի դասախոսական կազմը, ի վերջո՝ տնօրեն Արթուր Ղազարյանը, այնպիսի ջերմությամբ են ինձ շրջապատել, որ վերքս կարծես արդեն-արդեն սպիանում էր։ Բայց հիմա էլ սեպտեմբերի 19-ը։ Իսկ Արցախում էին 83-ամյա մայրս, դստերս ընտանիքը, երեք եղբայրներիս ընտանիքները… Բառերով չես նկարագրի։ Հետո էլ ասում են՝ ամեն ինչ չափ ու սահման ունի, բայց արի ու տես, որ թշնամու դաժանությունը ունի միայն սկիզբ, հայերիս դեպքում՝ դարավոր սկիզբ»,- հայտնեց տիկին Գասպարյանը։ Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ երեք տարիների ընթացքում արտերկրում ապրելու եւ աշխատելու հնարավորություններ են եղել, բայց տիկին Գասպարյանն անդրդվեի է մնացել։ Նա չի պատկերացնում իր գործունեությունն առանց քոլեջի եւ բացառում է արտասահմանում բնակվելը՝ մեկ պատճառով. «Ես կմնամ Հայաստանում, որովհետեւ Արցախը մոտ է, ամեն րոպե եւ վայրկյան զգում եմ նրա օդն ու շունչը…»։ Ինչպես եւ սպասելի էր՝ մեր զրուցակիցն ընկավ հիշողությունների գիրկը, ասաց, որ ամուսինը՝ Կարեն Ավագիմյանը, չորս տարի Շուշիի քաղաքապետն է եղել, Կարմիր խաչի եւ հատկապես Անահիտ Հայրապետյանի օգնությամբ շուշեցի իր սաներին քանիցս Երեւանում հաղորդակից է դարձրել երեւանյան մշակութային կյանքին, ներկայացում են դիտել օպերային թատրոնում եւ այլն։ Թեեւ Կարինե Գասպարյանն ու իր ընտանիքը երեք տարի է՝ այստեղ են, դեռ ոչինչ չունեն, վարձակալությամբ բնակվում են Բյուրեղավանում, բայց նրան սփոփում է մեկ բան՝ սիրած աշխատանքն ու կոլեգաների, ուսանողների ջերմ վերաբերմունքը։
Կարդացեք նաև
Երգիչ Արսեն Հարությունյանը սովորում էր Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջի 2-րդ կուրսում՝ ճանաչված երգչուհի, պրոֆեսոր Մարգարիտ Շահինյանի դասարանում, երբ մեկնեց պարտադիր զինվորական ծառայության։ Հենց այստեղ նրան «գտավ» 44-օրյան, որի ողջ ընթացքում երիտասարդը կրակային դիրքում էր՝ որպես «Գրադի» հրամանատար։ Իր հերոսությունների մասին Արսենը չի սիրում խոսել, ընդամենն ասաց. «Պատերազմ էր… Երբ մի քանի վայրկյանով լռում էին պայթյունների ձայները, երգում էի հաշվարկիս տղաների համար, տեսնեիք ո՜նց էին ոգեւորվում…»։
Պատերազմից հետո երիտասարդը շարունակել է ուսումնառությունը քոլեջում, իսկ 2022թ. աշնանը մասնակցելով Դուշանբեում անցկացված Դելփյան խաղերին, «Ժողովրդական երգեցողություն եւ երաժշտություն» անվանակարգում արժանացել է դափնեկրի կոչման՝ գրավելով երկրորդ հորիզոնականը։ Հետաքրքրությանը՝ ո՞ր տարիքից է իրեն ձգել ժողովրդական արվեստը, երգեցողությունը, մեր զրուցակիցն ասաց, որ ուսանել է Հրազդանի երաժշտական դպրոցի ժողովրդական երգեցողության բաժնում՝ Անի Հակոբյանի դասարանում, հետո էլ Ջիվանու աշուղական դպրոցում՝ Անանիա Հովսեփյանի ղեկավարությամբ։ Հիմա ուզում է առաջին տեսահոլովակը նկարահանել ու մի բանում համոզված է՝ «միայն խաղաղություն լինի, ամեն ինչ կլինի»։ Համարյա նոր է անդամագրվել ժողովրդական նվագարանների «Տոնիկա» նվագախմբին (ղեկավար՝ Հովհաննես Հայրիկյան), բայց վստահ է, որ վերջինիս հետ իր ելույթները իրեն ճանաչում կբերեն։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.10.2023