Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցություններ` «8 գյուղերի ազատագրման» պլանի պայմաններո՞ւմ

Հոկտեմբեր 12,2023 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Փաշինյանի «կարմիր գծերն» ի՞նչ արժեք ունեն, եթե Ալիեւը «8 գյուղերի օկուպացիայի» թեմա է դրել շրջանառության մեջ, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս չեն գալիս

Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունք Արեւմուտքը, թերեւս, համարեց աղոտ հույսը, որ հնարավոր կլինի Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել առաջիկայում: «Մենք հավատում ենք դիվանագիտությանը, հավատում ենք քաղաքական երկխոսությանը, եւ այդ պատճառով ես երկու առաջնորդներին՝ վարչապետ Փաշինյանին եւ նախագահ Ալիեւին, կհրավիրեմ մինչեւ հոկտեմբերի վերջ Բրյուսել՝ հանդիպման», – նշեց Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա երեք կարեւոր սկզբունքներ առանձնացրեց՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքային ինքնիշխանության եւ ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանների սահմանազատում՝ հիմնված Ալմաթիի հռչակագրի վրա եւ հաղորդակցության ուղիների զարգացում՝ հիմնված ինքնիշխանության, իրավասության եւ փոխադարձության սկզբունքների վրա:

Նկատենք, որ Գրանադայի հնգակողմ հանդիպումը չեղարկելուց ժամեր անց Բաքուն հայտարարեց, թե պատրաստ է շարունակել քննարկումները Բրյուսելում, բայց՝ եռակողմ՝ Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն էր գրել, թե Բաքուն պատրաստ է մոտ ապագայում շարունակել այդ հանդիպումները, սակայն ժամկետներ չէր հստակեցրել։

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում բացահայտեց, թե ինչ փաստաթուղթ էր դրվելու սեղանին Գրանադայում: «Ադրբեջանը խուսափում է Գրանադայի հանդիպումից, իսկ հանդիպման ժամանակ նախատեսվում էր, որ կարող էր ընդունվել հայտարարություն կողմերի փոխադարձ իրար ճանաչման մասին, ինչպես նաեւ դելիմիտացիայի, դեմարկացիայի համար Ալմաթայի հռչակագրով հենք հանդիսացող 1975թ. քարտեզի ընդունման հարցն էր, որ ընդունվում է, որ կդրվի հիմքում, եւ մյուսը՝ այդքան երկար բանակցված կոմունիկացիաների հարցն էր, որ կոմունիկացիաները պետք է եւ կարող են բացվել կողմերի ինքնիշխանության եւ ներքին ազգային օրենսդրությունների հիման վրա», – ընդգծել էր Մարուքյանը:

Փաշինյանը երեք սկզբունքներն էր թվարկել խորհրդարանում՝ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քկմ-ը, Հայաստանն Ադրբեջանի՝ 86 հազար 600-ը։ Երկրորդ՝ դելիմիտացիան ու դեմարկացիան պետք է տեղի ունենան 1975թ. քարտեզների հիման վրա, սակայն, Փաշինյանի ձեւակերպմամբ, այս կարծիքը կարծր չէ, եւ կարելի է կիրառել նաեւ 1975-ից հետո կիրառված քարտեզները, որոնք նախորդի վերարտադրությունն են։ Երեւանն, ըստ Փաշինյանի, նաեւ պնդում է, որ տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը տեղի ունենա երկրների ինքնիշխանության սկզբունքով։

Ահա, այդ դիրքորոշումների ներկայացման ֆոնին էլ Ալիեւի հետ հանդիպումը Գրանադայում չեղարկվեց։ Սակայն Բաքվից խորամանկորեն նշում էին, թե` «ճիշտ չի ներկայացվում, թե Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ բանակցություններից»: Մասնավորապես այդպես էր հայտարարել Հիքմեթ Հաջիեւը։

Բաքվի ակնկալիքները պարզ են` այսուհետ այնպիսի ձեւաչափեր տանել բանակցությունները, որտեղ «միջանցքի» գաղափարը պաշտպանողներ կլինեն, եւ որտեղ Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանության արձանագրումներ չեն հնչի: Իսկ ո՞ր երկրներն են, որոնք հետամուտ կլինեն Բաքվի այդ ծրագրերին, բացի Անկարայից… Մոսկվան, որը 2020թ. 44-օրյա պատերազմի օրերից սկսած հրապարակային հայտարարություններով ու գործողություններով ցույց է տվել, որ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում չի կատարում ՀՀ-ՌԴ երկկողմ համաձայնագրերով նախատեսված պարտավորությունները:

Հիշեցնենք, որ Արցախի դեմ ադրբեջանական հարձակումից բառացիորեն 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը բացառել էր որեւէ փաստաթղթի ստորագրում, այնինչ օրեր անց թե՛ Երեւանից, թե՛ Բաքվից լավատեսական հայտարարություններ էին հնչում, որ Գրանադան մեծ քայլ կլինի խաղաղության պայմանագրի ճանապարհին։

Ինչեւէ, բրյուսելյան հանդիպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը օրերս հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ X-ի իր էջում Միշելը հայտնեց, որ Ալիեւին է փոխանցել ԵՄ հավատարմությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Կրկնեցի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ հարգանքի եւ սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը։ Ընդգծեցի նաեւ Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները երկարաժամկետ հեռանկարում ապահովելու անհրաժեշտությունը», – գրել էր Միշելը։

Իսկ ադրբեջանական Turan գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի գրասենյակը, հայտնեց, թե նշյալ հեռախոսազրույցի ընթացքում Ալիեւը անդրադարձել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւին, այն համարելով՝ «հակաադրբեջանական»՝ շեշտելով՝ դրանում արված պնդումներն «անընդունելի» են եւ «չեն ծառայում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը»։ Ինչ վերաբերում է Գրանադայում ընդունված քառակողմ հայտարարությանը, ըստ Turan-ի, ընդգծելով, որ Ադրբեջանը չի մասնակցել դրան՝ Ալիեւն ասել է՝ հետեւաբար դա «սխալ մոտեցում է»։ Ադրբեջանի նախագահը միաժամանակ շեշտել է՝ Բաքուն չի մասնակցել այդ հանդիպմանը՝ «Ֆրանսիայի կողմնակալ դիրքորոշման պատճառով»։

Նա նաեւ նշել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք տրամադրելու մոտեցումը ծառայում է ոչ թե խաղաղությանը, այլ նոր հակամարտությանը։ «Իսկ եթե տարածաշրջանում նորից հակամարտություն սկսվի, մեղավորը Ֆրանսիան կլինի», – ասել է Ալիեւը։ Ադրբեջանի նախագահը հիշեցրել է նաեւ 8 գյուղերի մասին՝ շեշտելով՝ «դրանք դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ», ապա ընդգծել «դրանց ազատագրման կարեւորությունը»։ Ի դեպ, Ալիեւը հավելել էր նաեւ, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի եւ Իրանի միջեւ տարածաշրջանային տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբ։

Այսինքն, այժմ էլ խաղաղության օրակարգին զուգահեռ պաշտոնական Բաքուն հող է նախապատրաստում արդեն ընդդեմ ինքնիշխան պետության նոր հարձակման համար: Հիմա էլ Ալիեւը «8 գյուղերի ազատագրման» պլանն է դրել գործողության մեջ:

Այս պայմաններում պաշտոնական Երեւանի կողմից Ադրբեջանի հետ բանակցությունների գնալը նշանակում է «համակերպվել» Ադրբեջանի կողմից նոր պահանջներ ներկայացնելու փաստի հետ: Ավելին, պաշտոնական Երեւանը հստակ ու խստորեն չի պահանջում Ադրբեջանից մեր ինքնիշխան տարածքներից դուրս գալ, «ազատել» ՀՀ ինքնիշխան տարածքն ադրբեջանական ստորաբաժանումներից եւ վերջ տալ տարածքային նկրտումներին: Հայտնի է, որ ՀՀ տարածքից 150 քառակուսի կիլոմետրի կորուստ ենք ունեցել: Լուծել այս խնդիրը, ապա` գնալ բանակցել հակառակորդ երկրի հետ, այսպես պետք է վարվի իր պետությունն ու երկրի ինքնիշխանությունը հարգող իշխանությունը:

Փաշինյանի կողմից բազմիցս նշած «կարմիր գծերն», առհասարակ, ի՞նչ արժեք ունեն, եթե Ալիեւը «8 գյուղերի օկուպացիայի» թեմա է դրել շրջանառության մեջ, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս չեն գալիս: Այս պայմաններում Երեւանի կողմից բանակցությունները շարունակելու որոշումը ի՞նչ նպատակի է ծառայելու:

Ալիեւի համար ընդունելի է նաեւ վրաստանյան հարթակը: Օրերս աշխատանքային այցով Թբիլիսում գտնվող Ադրբեջանի նախագահը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում նշեց, թե Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Հայաստանի ներկայացուցիչների հետ, սակայն դրա համար Երեւանի համաձայնությունն է անհրաժեշտ: «Այսօր մի քանի երկրներ եւ միջազգային որոշ կազմակերպություններ փորձում են օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Իմ կարծիքով, այս ուղղությամբ ամենաճիշտ ընտրությունը՝ հաշվի առնելով ե՛ւ պատմական կապերը, ե՛ւ աշխարհագրական գործոնը, իհարկե, կարող է Վրաստանը լինել», նշեց Ալիեւը:

Ալիեւի խոսքով, եթե Հայաստանը համաձայնի՝ Ադրբեջանի համապատասխան կառույցների ղեկավարները կարող են անմիջապես «գալ Վրաստան թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումների համար»։ Ադրբեջանի նախագահը կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կստեղծի եւ փոխգործակցություն կհաստատի Բաքու-Թբիլիսի-Երեւան ձեւաչափով։ Նա ընդգծել է, որ եթե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ համաձայնագիր կնքվի, ապա Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կձեւավորվի։ «Տարածաշրջանի երկրները կկարողանան համագործակցություն սկսել եռակողմ ձեւաչափով: Հիմա եկել է այս պահը, մեծ սխալ կլինի բաց թողնել այս հնարավորությունը», – հավելել է Ադրբեջանի նախագահը: Ալիեւը, անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակին, ընդգծել է, որ «այժմ անհրաժեշտ է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ»։

Ռուսաստանն էլ իր հերթին է ձգտում կողմերին իր «տանիքի» տակ վերադարձնել: Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ բանակցություններ վարելու հնարավորությունը, օրերս ՌԲԿ-ին տված հարցազրույցում նշել էր ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը: Սակայն քիչ անց պաշտոնական Երեւանը հայտնեց, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի Ղրղըզստանի մայրաքաղաք, որտեղ ԱՊՀ արտգործնախարարների նիստն է ծրագրված։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031