Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր ներկայացրեց իր անձնական երաշխավորությունը, որ Աշոտյանի խափանման միջոցի փոխվելու դեպքում, նա չի խոչընդոտի գործի քննությանը:
«Ես Արմենին ճանաչում եմ ավելի քան 20 տարի: Շատ պատվախնդիր քաղաքական գործիչ է, ես ծայրահեղորեն վստահ եմ, որ այս հնարավորությունը կօգտագործի ապացուցելու իր անմեղությունը, առաջին շահագրգիռ կողմը կլինի, որ նորմալ քննություն ընթանա»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Նիստը նախագահող դատավորը նկատեց, որ վարույթ իրականացնող մարմնի գնահատմամբ, եղել են իրադարձություններ, որոնք հիմք են դարձել Աշոտյանի խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու պայմանը փոխարինել կալանքի, ապա նորից հետաքրքրվեց Բագրատյանից՝ պնդո՞ւմ է իր երաշխավորությունը, ինչին ի պատասխան՝ Բագրատյանը հաստատեց իր «այո»-ն. «Մենք այն վիճակում չենք, պետք է խափանման միջոցը փոխվի, չեմ ուզում ուրիշ բաներից խոսեմ, երկարացնեմ, հասկանում եմ, որ պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա, բայց ես իրեն ճանաչում եմ շատ երկար»:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման ու փողերի լվացման համար:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ