Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյան․ «Այսպես կոչված, անկլավները Ադրբեջանին հանձնելու դեպքում Հայաստանն է վերածվելու մի մեծ անկլավի»

Հոկտեմբեր 11,2023 19:00

«Հայաստան» դաշինքի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցին, ասաց․ «Թեեւ դժվար է այդ անձնավորությանը նայելը, բայց որոշ դրվագներ նայել եմ տեքստային տարբերակով։ Սկսեմ նրանից, որ ժողովրդի մեջ թյուրըմբռնում է տարածում, որ անկլավներ կոչվող գյուղերը ադրբեջանական են եղել, իբր, տարիներ շարունակ դրանք ադրբեջանցիներով բնակեցված են եղել։ Բայց խնդիրն այն է, որ Խորհրդային  Միության քարտեզներում, որ նախնական կազմվել են 20-30-ական թվականներին, այսպես կոչված անկլավ հասկացություն չի եղել։ Բոլոր այդ գյուղերը եւ Արծվաշենը գտնվել էին Խորհրդային Հայաստանում։

Առաջին մանիպուլյացիան այն է, որ այդ անձնավորության շուրթերով ընդունվում է դրանց ադրբեջանական լինելը։ Այդ տարածքները ստրատեգիական նշանակություն ունեցող տարածքներ են։ Այն մարդկանց համար, որոնք պատկերացում չունեն նշված տարածքների մասին, ասեմ, որ միջպետական ճանապարհներն այնտեղով են անցնում, Հայաստանը Վրաստանին կապող մայրուղին անցնում է այդ տարածքով, Հայաստան մտնող գազամուղը անցնում է այդ հատվածով։

Շատ կարեւոր արձանագրում է նաեւ այն, որ այդ տարածքները գերիշխող դիրք ունեն, որոնց նկատմամբ Ադրբեջանը ցանկանում է իր վերահսկողությունը սահմանել՝ հաջորդ ագրեսիան կազմակերպելու համար։ Ադրբեջանը ցանկանում է այնտեղ ստեղծել ամուր հենակետեր, տեղակայել զինտեխնիկա եւ անցակետեր, որտեղ լինելու են հատուկ նշանակության «Յաշմա» կոչվող ջոկատները»,-ասաց պատգամավորը եւ հնարավոր կատարվելիքը համեմատեց Գորիս-Կապան ճանապարհի եւ Արցախում կատարվածի հետ:

«Իսկ Տիգրանաշենի մասով, դա բոլորիս հայտնի Երեւան-Սյունիք ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Իրանի հետ»,-նշեց Գ․ Դանիելյանը։ եւ Հայաստանի բնակչությանը զգուշացրեց, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանը հայտնվելու է խորը շրջափակման մեջ եւ ամբողջությամբ վերածվելու է մի մեծ անկլավի, որից հետո Հայաստանի Հանրապետությունը պարզապես գոյություն ունենալ չի կարող։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031