«Ես կանխակալ եմ համարում մինչեւ իմ ելույթը ձեր արած ռեպլիկը։ Ես դա համարում եմ ավելի շատ իմ անձի գոյության հետ կապված գնահատական, քանի որ հնչել է մինչեւ իմ ասելիքը։ Իմ ֆիզիկական ներկայությամբ ես քաղաքական եմ, իմ գոյությամբ քաղաքական եմ։ Անգամ մինչեւ իմ բերանը բացելը խնդիր կա ոմանց մոտ իմ անձի հետ կապված ու դա լավագույն ապացույցն է նրա, թե ես ինչու եմ նստած։ Ես քաղաքական գործիչ եմ, ըստ Արիստոտելի՝ քաղաքական կենդանի եմ, քաղաքական բանտարկյալ եմ։ Խնդրում եմ ապահովել իմ տարրական, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքները եւ առնվազն անմեղության կանխավարկած կիրառել»,- այսօր դատարանի դահլիճում դիմելով դատավոր Վահե Դոլմազյանին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք՝ հակակոռուպցիոն դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանավորման դեմ պաշտպանների միջնորդությունը։
Մինչ Արմեն Աշոտյանին խոսքի իրավունք տալը, դատավոր Վահե Դոլմազյանը զգուշացրեց, որ դատարանը կընդհատի Աշոտյանի խոսքը, եթե վերջինս քաղաքական ենթատեքստ ներկայացնող հայտարարություններ անի։ Դատավորի նման հայտարարության համար հիմք էր ծառայել Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանի դիտարկումը, երբ ներկայացնում էր միջնորդությունը. վերջինս ասել էր, որ ինքը հարցի իրավական ասպեկտին կանդրադառնա, իսկ Արմեն Աշոտյանը՝ քաղաքականին, քանի որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է։
«Երբ ինձ առաջին անգամ ապօրինի կալանավորեցին, ես լքել եմ ձեր իրականությունը, այն լրիվ ուրիշ էր. այնտեղ կար երկու հայկական պետություն։ Այսօր եթե ինձ վերադարձնեն իմ ազատությունը, վերադարձնելու են մի իրականություն, որտեղ մեկ հայկական պետություն կա, որտեղ 500 մարդ կամ թաղված է, կամ մահացած է, բայց դիակները չկան։ Ես ինձ վատ եմ զգում, որ ինձ կտրել են իմ օջախից, բայց ես հարյուր հազար մարդ գիտեմ, որ այլեւս օջախ չունի։ Ես այնուհանդերձ նստած եմ Հայաստանի բանտում, իսկ իմ տասնյակ հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում. ես ինձ վատ եմ զգում դրա համար»,- իր ելույթում հայտարարեց Արմեն Աշոտյանը։
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նախնական դատական լսումները Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են հոկտեմբերի 9-ին:
Հիշեցնենք նաեւ, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանն օրերս մերժեց վերաքննիչ բողոքները եւ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ: Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ այդ ընթացքում Արմեն Աշոտյանի գործն ուղարկվել է դատարան:
Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանն արդեն երեք ամիս է կալանավորված է: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ