Հոկտեմբերի 14-18-ն անցկացվելու է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը։ Այս տարի փառատոնին մասնակցելու են մինչև 20 օդապարիկներ ՀՀ-ից Բրազիլիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Վրաստանից:
Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց փառատոնի կազմակերպիչ, «Սքայբոլ» ավիաընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը:
Նրա խոսքով, փառատոնն արդեն 5-րդ անգամ է անցկացվում, այս տարի ցուցադրական հատվածում օդապարիկներն ազատ թռիչքներ կիրականացնեն Երևանի, Գառնիի, Ապարանի օդային տարածքում։
«Ցուցադրական թռիչքներից մեկը նախատեսում ենք նվիրել Արցախից բռնի տեղահանված երեխաներին, որոնց նույնպես ներգրավելու ենք։ Արդեն մարզական փուլի ժամանակ յուրաքանչյուր օդապարիկի անձնակազմ պետք է իրականացնի պահանջվող առաջադրանքը, որի արդյունքում կընտրվեն հաղթողներ»,-ասաց Նաիրի Բարսեղյանը։
Կարդացեք նաև
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ փառատոնների բազմազանությունը նպաստում է զբոսաշրջային հոսքի ակտիվացմանը։ «Արկածային տուրիզմով հետաքրքրվող զբոսաշրջիկներ շատ ունենք։ Տեսնում ենք, որ արաբական երկրներից են ավելի շատ այս ուղղությամբ հարցում կատարում։ Այդ ամենը ցույց է տալիս, որ փառատոններն իրենց դերը կատարում են։ Հենց այս փառատոնի շրջանակում ունենք այլ երկրներից բլոգերների, լրագրողների այց։ Կարևոր է, որ մենք շարունակաբար նշենք՝ Հայաստանն անվտանգ երկիր է զբոսաշրջության համար։ Զբոսաշրջիկներն էլ հենց տեղում կարող են համոզվել դրանում»,-ասաց Սիսիան Պօղոսեանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ