Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւոր այրերից մինչեւ միջազգային քաղաքական դերակատարներ. ովքե՞ր են Արմեն Աշոտյանի ազատ արձակման երաշխավորները

Հոկտեմբեր 11,2023 18:15

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Դատարանը քննում է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի միջնորդությունը։

Միջնորդությունը ներկայացնելիս Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հիշեցրեց, որ մինչ կալանավորումը՝ հունիսի 16-ը, Արմեն Աշոտյանի հետ ոչ մի քննչական գործողություն չի կատարվել, ավելին՝ երեք անգամ մերժվել են առերեսումներ անցկացնելու պաշտպանի միջնորդությունները։ Տիգրան Աթանեսյանն իր խոսքում անդրադարձավ Աշոտյանի գործով իրավական անոմալիաներին՝ քաղաքական հայտարարությունները թողնելով Արմեն Աշոտյանին։

Ըստ այդմ՝ պաշտպանը հիշեցրեց Արմեն Աշոտյանի եւ գործով մեղադրյալ Մարթա Սիմոնյանի ամուսնու զրույցը, որում երբ մտերմիկ զրույցի ընթացքում Մարթա Սիմոնյանի ամուսինը տարակուսանք է հայտնում այդ գործով իր կնոջ՝ կալանքի տակ գտնվելու մասով, Արմեն Աշոտյանն էլ հայտարարում է, որ «եթե նրա կալանքի նպատակը իմ դեմ ցուցմունք տալն է, թող տա՝ իրեն ազատ արձակեն»։

Տիգրան Աթանեսյանի բնութագրմամբ՝ այդ դրվագով Արմեն Աշոտյանն իրեն «իսկական տղամարդու նման է պահել», ուստի Արմեն Աշոտյանի կալանավորման միակ հիմքը՝ գործի քննությանը խոչընդոտել, զրոյանում է։ «Ո՞վ է Աշոտյանի դեմ ցուցմունք տվել, որ նա փորձի վկաների վրա ազդել»,- հայտարարեց Տիգրան Աթանեսյանը։

Ի դեպ, կալանավորումից հետո Արմեն Աշոտյանի հետ ընդամենը մեկ քննչական գործողություն է իրականացվել՝ մեկ հարցաքննություն։

Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ներկայացրեց այլընտրանքային խափանման միջոցի հարցը։ Դատարան ներկայացվեցին 40 մլն դրամ գումարի դիմաց Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացվեցին տնային կալանքով խափանման միջոցը փոխարինելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաեւ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություններ։

Արմեն Աշոտյանի ազատության մեջ հայտնվելու համար դատարանին անձնական երաշխավորություններ են ներկայացրել Մայր Աթոռի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մեծի Տանն Կիլիկիո նվիրապետական առաջնորդներից ԱՄԷ թեմի եւ Քաթարի թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Լիլիթ Գալստյանը, Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նախնական դատական լսումները Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են հոկտեմբերի 9-ին:

Հիշեցնենք նաեւ, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանն օրերս մերժեց վերաքննիչ բողոքները եւ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ: Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ այդ ընթացքում Արմեն Աշոտյանի գործն ուղարկվել է դատարան:

Ի դեպ, Տիգրան Աթանեսյանն այսօր դատարանում հայտարարեց, որ դեռ երկու օր առաջ իրենց պետք է տրամադրվեր Աշոտյանի կալանքի բողոքները մերժելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը, բայց պաշտպանները երկու օր չեն կարողացել կապ հաստատել դատավոր Սերգեյ Մարաբյանի գրասենյակի հետ։ Միայն այսօր, այս նիստի մեկնարկից առաջ, այն էլ նրանից հետո, երբ Տիգրան Աթանեսյանը հրապարակային հայտարարություններով է հանդես եկել, Սերգեյ Մարաբյանի գրասենյակից կապ են հաստատել Արմեն Աշոտյանի պաշտպանների հետ եւ տեղեկացրել, որ երկու օր առաջ որոշումը փոստային առաքմամբ ուղարկվել է իրենց։

Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանն արդեն երեք ամիս է կալանավորված է: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031