Հոկտեմբերի 11-ին Ժնևում ընթացքող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակներում 34 երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խոր մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։ Համատեղ հայտարարությունն ընթերցվել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության կողմից։
Համատեղ հայտարարությունում նշվում է, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողության, ինչպես նաև Լաչինի միջանցքի՝ ինն ամիս շարունակվող արգելափակման հետևանքով։
Համատեղ հայտարարության հեղինակները համաձայնություն են հայտնել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրքի հետ, որ անհրաժեշտ է անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում գրանցված մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների շուրջ։ Նրանք նաև համոզմունք են հայտնել, որ Բարձր հանձնակատարի գրասենյակը պետք է մշտադիտարկում իրականացնի Լեռնային Ղարաբաղում, հանդիպի Հայաստան տեղահանված փախստականների հետ և դրա մասին զեկուցի Մարդու իրավունքների խորհրդին։ Երկրները պատրաստակամություն են հայտնել դիտարկել Մարդու իրավունքների խորհրդում հետագա այլ քայլերի իրականացման հնարավորությունը։
Հայտարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ստեղծել պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, իրականացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ս.թ. սեպտեմբերի 22-ի միջանկյալ որոշման դրույթները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի և 2023թ. հուլիսի 6-ի որոշումները և երաշխավորել հայկական կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը։
Ամբողջական հայտարարությունն ու դրան միացած երկրների ցանկը ներկայացնում ենք ստորև.
Համատեղ հայտարարություն
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների շուրջ ստեղծված ծանրագույն ճգնաժամով, ինչպես նաև վերջին շաբաթներում Լեռնային Ղարաբաղից բնակչության տեղահանությամբ:
Ըստ տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելության զեկույցի, Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100,000 մարդ, տեղահանվել է Հայաստան: Զեկույցում իրավմամբ նշվում են այն տառապանքները, որոնց նրանք ենթարկվել են նման փորձության արդյունքում:
Հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 19-ին իրականացրած ռազմական գործողության, ինչպես նաև ինն ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով, ինչը հանգեցրել է հումանիտար ծանրագույն իրավիճակի:
Ողջունում ենք, որ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրքը ս.թ. սեպտեմբերի 26-ին կատարած իր հայտարարության մեջ կոչ է անում հարգել էթնիկ հայերի իրավունքները, պաշտպանել քաղաքացիական անձնանց և խստորեն հետևել միջազգային իրավունքի պահանջներին: Լիովին համաձայն ենք, որ «մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի գրանցված խախտումները պետք է ուսումնասիրվեն, այդ թվում՝ անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննության միջոցով»:
Համոզված ենք, որ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի հաջորդ համապատասխան քայլը պետք է լինի մարդու իրավունքների անմիջական մշտադիտարկումը Լեռնային Ղարաբաղում, հանդիպումները փախստականների և տեղահանված անձանց և ԼՂ-ում դեռևս մնացած հայերի հետ, ինչի արդյունքների մասին պետք է զեկուցվի Մարդու իրավունքի խորհրդին: Ուստի, կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հրավեր ուղղել Բարձր հանձնակատարի գրասենյակին, որպեսզի այն հնարավորինս արագ կարողանա տրամադրել իր տեխնիկական աջակցությունը:
Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղում դեռևս մնացած հայերի անվտանգությունն ու իրավունքները և անհապաղ ստեղծել պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան գնալ իրենց տները: Հայկական կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը ևս պետք է երաշխավորվի:
Նաև, կոչ ենք անում Ադրբեջանին կատարել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ս.թ. սեպտեմբերի 22-ի միջանկյալ որոշման դրույթները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի և 2023թ. հուլիսի 6-ի որոշումները:
Կոչ ենք անում Հայաստանին՝ միջազգային համայնքի աջակցությամբ, շարունակել մարդասիրական օգնություն տրամադրել ճգնաժամի հետևանքով տեղահանված անձանց:
Միջազգային առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ էական է օժանդակություն տրամադրելու, անկողմնակալ մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև մարդու իրավունքների իրավիճակին վերաբերող զեկույցներ կազմելու համար։
Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է անվերապահորեն հարգվեն: Մենք մեծապես աջակցում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը՝ համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու համար:
Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին և կդիտարկենք յուրաքանչյուր և բոլոր հետագա քայլերը, որոնք կարող է նախաձեռնել և կիրառել Մարդու իրավունքների խորհուրդը:
* *
*
- ԱՄՆ
- Ավստրալիա
- Ավստրիա
- Բելգիա
- Բուլղարիա
- Գերմանիա
- Դանիա
- Էստոնիա
- Իռլանդիա
- Իսլանդիա
- Իսպանիա
- Լատվիա
- Լիխտենշտեյն
- Լիտվա
- Լյուքսեմբուրգ
- Խորվաթիա
- Կանադա
- Կիպրոս
- Հայաստան
- Հունաստան
- Ճապոնիա
- Մալթա
- ՄԹ
- Նիդերլանդներ
- Նոր Զելանդիա
- Նորվեգիա
- Շվեդիա
- Շվեյցարիա
- Պորտուգալիա
- Սլովակիա
- Սլովենիա
- Ուրուգվայ
- Ֆինլանդիա
- Ֆրանսիա
- Մարշալյան կղզիներ
- Արգենտինա