Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում Լատվիայի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Կրիշյանիս Կարինշի հետ հարցուպատասխանի ընթացքում ԵԽ քաղաքական 5 խմբերից երեքի խոսնակները ԵԽ նախարարների կոմիտեի նախագահին հարցեր տվեցին Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հետ կապված։
Սոցիալիստների խմբի խոսնակ Մաքս Լուքսը, փաստելով, որ Ադրբեջանը ռազմական ուժի կիրառմամբ բռնի տեղահանել է 120 հազար հայերի՝ խախտելով միջազգային իրավունքը, հարցրեց՝ չեք կարծո՞ւմ, որ պետք է դադարեցնենք այդ երկրի հետ գազային պայմանագրերը։
Կրիշյանիս Կարինշին ասաց, որ ԵԽ-ն ծառայում է որպես քաղաքական երկխոսության հարթակ, և խնդիրները պետք է լուծել քաղաքական երկխոսության միջոցով։ Նաև հայտնեց, որ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը մեկնելու է Լեռնային Ղարաբաղ, ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը կայցելի Հայաստան։
ԵԺԿ քաղաքական խմբի խոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը հարցրեց՝ ի՞նչ է պատրաստվում ԵԽ նախարարների կոմիտեն անել վերջ դնելու անդամ երկրների կողմից ՄԻԵԴ-ի որոշումների չկատարման շարունակական քաղաքականությանը, ինչպես նաև միջանկյալ միջոցների չկատարմանը։
Կարդացեք նաև
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահն ասաց, որ ներկայումս սա լուրջ խնդիր է ԵԽ-ի համար և պատրաստվում են դիմել մինչև անգամ կոշտ միջոցների։
ALDE խմբի խոսնակ Ֆիոնա Օլուգլինը հարցրեց՝ ի՞նչ է ԵԽ նախարարների կոմիտեն պլանավորում անել Լեռնային Ղարաբաղի հայերի խնդիրների լուծման հետ կապված։
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի խնդիրն այսօրվա ամենակարևոր հարցերից մեկն է։ Կարևոր է հասկանալ, թե ինչ անել այս հարցի հետ կապված։ 120 հազար էթնիկ հայեր թողել են իրենց ծննդավայրը, տեղահանվել։ Պետք է հասկանալ՝ նրանք միգրանտներ են, փախստականներ․ այս հարցերին պետք է լուծում տանք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ