Լրահոս
Օրվա լրահոսը

Տարակուսանք է առաջացնում վերջին տարիներին Հայաստանի ընտրական օրենսդրության փոփոխությունների հաճախականությունը․ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ ՀՀ «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների վերաբերյալ

Հոկտեմբեր 11,2023 15:47

Վենետիկի լիագումար 136-րդ նիստի շրջանակում հաստատվել է կարծիք՝ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ԵԽ կայքում։

2023թ․ հուլիսի 12-ին Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դիմել էր հանձնաժողովին՝ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթում նախաձեռնված փոփոխությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք տրամադրելու համար։ Քանի որ կարծիքը վերաբերում է ընտրական ոլորտին, այն պատրաստվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ։

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում նշվում է, որ առաջարկվող փոփոխությունների նախագիծը ցույց է տալիս շարունակական ջանքերը՝ համապատասխանեցնելու ընտրական օրենսդրությունը միջազգային պարտավորություններին, ԵԽ չափանիշներին, ԵԱՀԿ պարտավորություններին։

Վենետիկի հանձնաժողովը և ԺՀՄԻԳ-ը ողջունում են, որ բարեփոխումների գործընթացն ուղեկցվել է խորհրդակցություններով և հանրային քննարկումներով, բայց մյուս կողմից էլ տարակուսանք է առաջացնում վերջին տարիներին Հայաստանի ընտրական օրենսդրության փոփոխությունների հաճախականությունը։ Հետագա փոփոխությունները կլինեն անհրաժեշտ, քանի որ նախորդ ոչ բոլոր առաջարկություններն են իրականացվել:

Ի գիտություն է ընդունվում նաև նախորդ ընտրական համակարգի որոշ առանձնահատկություններ վերացնելու անհրաժեշտությունը հաջորդ ընտրություններից առաջ, բայց միևնույն ժամանակ ափսոսանք են հայտնում, որ այդ հնարավորությունը չի օգտագործվել հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի ակնառու դիտարկումներին անդրադառնալու համար։ Սա հատկապես կարևոր է, քանի որ միջազգային պրակտիկան ընդգծում է ընտրական օրենսդրության կայունության կարևորությունը և այն ազդեցությունը, որ հաճախակի փոփոխությունները կարող են ունենալ հանրային վստահության վրա: Հաճախակի փոփոխությունները հետագայում կարող են շփոթեցնել ընտրողներին, կուսակցություններին և թեկնածուներին, ինչպես նաև դժվարացնել իրավասու ընտրական իշխանությունների համար օրենքի կիրառումը, ինչը կարող է հանգեցնել ընտրական գործընթացում սխալների և, որպես հետևանք, անվստահության ընտրված մարմինների նկատմամբ: Ավելի համապարփակ բարեփոխումը կարող է կանխել նման ռիսկերը և հնարավորություն ընձեռել ավելի կառուցվածքային և հստակ գործընթացի համար:

Ցավոք, Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի մի շարք նախորդ առաջարկություններ, դիտարկումներ չեն կատարվել և շարունակում են ուժի մեջ մնալ, բայց չնայած այս հանգամանքին առաջարկվող փոփոխություններից շատերը դրական են և ողջունելի, մասնավորապես, ընտրությունների թափանցիկության և մատչելիության, բոլոր թեկնածուների համար քարոզարշավի հավասար պայմանների, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքի և գործունեության առումով:

Ի լրումն նախորդ, սպասվող առաջարկություններին, Վենետիկի հանձնաժողովը և ԺՀՄԻԳ-ը հետևյալ դիտարկումներն են արել․

արտակարգ իրավիճակներում ընտրությունների վերաբերյալ դրույթների հետագա փոփոխություն (Ընտրական օրենսգրքի 7.1-րդ հոդվածի նախագիծ),

«Ընտրական օրենսգրքի» 13-րդ հոդվածի ներկայիս և նոր դրույթների նախագծերի վերանայում` հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության միջազգային չափանիշները և լավագույն փորձը,

օրենքի հստակեցում, որ թեկնածուների և կուսակցությունների ցուցակների գրանցումից հանելը թույլատրվում է միայն որպես բացառիկ միջոց՝ քարոզարշավի ֆինանսական կանոնակարգերի ամենալուրջ, հստակ նկարագրված խախտումների դեպքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031