Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ զեկույց ներկայացրեց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանն իր ելույթում բավականին տարօրինակ էր համարել այն, որ Ադրբեջանի ներկայացուցիչը զեկույց է ներկայացնում մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման վերաբերյալ․ «Այս զեկույցը ներկայացնում է մի երկրի իշխող կուսակցության անդամ, որը նոր է Լեռնային Ղարաբաղում բնիկ հայ բնակչության նկատմամբ ամբողջական էթնիկ զտում իրականացրել: Աջ ծայրահեղական գաղափարախոսությունները հիմնականում ազգայնական, այլատյաց, ռազմատենչ և ավտորիտար տրամադրություններից են կազմված: Այս ամենը տասնամյակներ շարունակ առկա է Ադրբեջանում»։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց․ «Անկեղծ ասած՝ ես մի փոքր շփոթված եմ՝ տեսնելով, որ այլատյացության և ավտորիտարիզմի հետ կապված թեմայի բանախոսը ներկայացնում է մի երկիր, որը հայտնի է իր այլատյացությամբ և ավտորիտարիզմով և մի երկիր, որը վերջերս էթնիկ զտման է ենթարկել իր նախնիների հայրենիքում ապրող հայերի մի ամբողջ ազգաբնակչության»։
Արուսյակ Ջուլհակյանը նկատեց, որ զեկույցում ներկայացված են տարբեր երկրների օրինակներ, սակայն ոչինչ չի ասվում հենց Ադրբեջանի մասին։ Ըստ պատգամավորի՝ սա կարող է վերաբերել Ադրբեջանի վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վերջին զեկույցին, որում նշվում է. «Կոմիտեն խորապես մտահոգված է ռասայական ատելության հրահրմամբ և հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ ռասայական կարծրատիպերի տարածմամբ։ Մենք պետք է միասին դիմակայենք ծայրահեղականությանը, ատելությանը և անհանդուրժողականությանը»։
Կարդացեք նաև
Այս առիթով լիագումար նիստի ընթացքում իրենց մտահոգությունը հայտնեցին նաև ԵԽԽՎ այլազգի պատվիրակներ։ ALDE խմբի խոսնակ Բերտրան Բույոն իր ելույթում անդրադարձավ ԼՂ հայերի բռնի տեղահանմանը ու նշեց․ «Զեկույցն իրավամբ մատնանշում է, և ես մեջբերում եմ, որ «ծայրահեղ աջակողմյան գաղափարախոսությունները ներառում և խթանում են այլատյաց, ռասիստական և նացիստական տեսլականները, ներառյալ անհանդուրժողականության կամ կրոնական կամ այլ համոզմունքների պնդման այլ ձևերը: Մոտ 120 000 հայեր ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը, քանի որ նրանք այսպես ասած սխալ էթնիկ պատկանելության էին, և սա Եվրոպայի տարածքում»։
Գերմանացի պատվիրակ Մաքս Լուկասն էլ փաստեց՝ գործ ունենք ժողովրդավարության հանդեպ լուրջ մարտահրավերի հետ․ «Աջ ծայրահեղականությունը վտանգ է ներկայացնում, քանի որ այն ունի շատ կոնկրետ և շատ սպառնալից հետևանքներ։ 1915-ին հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը ևս ցույց է տալիս աջ ծայրահեղականության սարսափելիությունը: Փոխանակ պահանջենք այս ցեղասպանության հիշումն ու դատապարտումը, մենք՝ որպես Եվրոպայի խորհուրդ, որպես եվրոպացիներ, անգամ չկարողացանք կանխել 100000 հայերի աքսորումը ռազմական ուժի ներքո, որը կիրառվեց դաժան բռնարար Իլհամ Ալիևի կողմից։ Սա խայտառակություն է Եվրոպայի համար։ Աջ ծայրահեղականության դեմ պայքարելը նշանակում է նաև հակադրվել մեր մայրցամաքում էթնիկ զտումներին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ