Անշարժ գույքի շուկայում անորոշ իրավիճակ է, գնորդները սպասողական վիճակում են։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը։ «Քաղաքական ու անվտանգային վիճակով պայմանավորված՝ մեր հիմնական գնորդները սպասում են, որ տեսնեն՝ անշարժ գույք գնե՞ն, թե՞ ոչ։ Գներն էլ մի փոքր նվազել են, երբ գնորդներ չկան, տանտերերն են զանգում, ասում՝ մի քիչ գները կիջնենք, գնորդ բերեք։ Բայց գնորդները շատ են պակասել։ Երբ զանգում ենք գնորդներին, մարդիկ ասում են՝ եկեք մի ամիս էլ սպասենք, տեսնենք ինչ է լինում, հոկտեմբերի վերջ, նոյեմբերին կսկսենք գնել»,- ասաց Վահե Դանիելյանը։
Արցախից բռնի տեղահանված անձինք այս օրերին մեծ դժվարությամբ են Երեւանում վարձակալությամբ բնակարաններ գտնում։ Դժգոհությունները շատ են, որ վարձավճարները թանկացել են։ Հատկապես թանկացել են Երեւանի ծայրամասային շրջաններում կամ երեւանամերձ բնակավայրերում բնակարանների վարձավճարները։
Վահե Դանիելյանի տեղեկացմամբ՝ Երեւանի Կենտրոն եւ Աջափնյակ վարչական շրջաններում վարձակալությամբ տրվող բնակարանների գները գրեթե չեն թանկացել, քանի որ մյուս վարչական շրջանների համեմատ՝ այստեղ բնակարանների վարձավճարները միշտ թանկ են։ Հետեւաբար, Արցախից բռնի տեղահանված անձանց շրջանում մեծ պահանջարկ չեն վայելում թանկ բնակարանները, նրանք գերադասում են քաղաքի մյուս վարչական շրջաններում բնակարաններ գտնել։
Դանիելյանն ասաց, որ սրան զուգահեռ, կան սեփականատերեր, որոնք իրենց ազատ բնակարաններն առանց գումարի ժամանակավորապես հատկացնում են Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։ «Սփյուռքում ապրող մարդիկ կան, ովքեր անվճար են տվել իրենց բնակարաններն Արցախից եկած ընտանիքներին՝ կես տարի, մեկ տարի ժամկետով։ Մի քանի բնակարան մեր գործակալության միջոցով արդեն հատկացվել են։ Այդ բնակարանները Կենտրոնում են, ամսական վարձավճարը 1000-1200 դոլար է, բայց մարդիկ անհատույց տրամադրել են»,- ասաց նա։
Կարդացեք նաև
«100 հազարից ավելի մարդ է եկել Հայաստան, դա մեծ թիվ է։ Եվ ովքեր հիմա եկել են, այնքան էլ վճարունակ չեն, ավելի վճարունակ խավը Արցախից ավելի շուտ էր տեղափոխվել Հայաստան։ Մենք հիմնականում գործունեություն ենք ծավալում Կենտրոն եւ Աջափնյակ վարչական շրջաններում, եւ 3 տարի առաջ Արցախից ու Սյունիքից գնորդներ ունեցել ենք, մարդիկ եկան Երեւանում տներ գնեցին։ Բայց հիմա այն մարդիկ են եկել Հայաստան, որոնք մեծ հնարավորություններ չունեն։ Մեզ շատ են զանգում, վարձով տուն են ուզում՝ ամսական 100-150 հազար դրամի սահմաններում, բայց մենք այդ գնային սեգմենտում ոչինչ չունենք, քանի որ Կենտրոնում ու Արաբկիրում գներն ավելի բարձր են։ Մենք նաեւ զանգեր ենք ստանում, որ մարդիկ մինչեւ 80 հազար, մաքսիմում մինչեւ 100 հազար դոլարի սահմաններում անշարժ գույք են ուզում գնել։ Բայց այս վերջին 3-4 տարիներին Երեւանում անշարժ գույքի գներն այնքան են թանկացել, որ այդ գնով Երեւանի ծայրամասերում ինչ-որ բաներ կգտնեն»,- հավելեց Վահե Դանիելյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ