«Պետության արտաքին քաղաքականությունը սկիզբ է առնում հանրության ներսից եկող իմպուլսներից: Թե պետությունը արտաքին քաղաքական ինչ վարքագիծ կորդեգրի, դրա աղբյուրը հանդիսանում է հանրությունը: Եթե հանրությունը պահանջ կորդեգրի, իմպուլս կտա պետական մեքենային, որ իմ ուզածը, ինձ շահավետը իրականացրու, պետական մեքենան ձեռնամուխ է լինում դա իրականացնել՝ իհարկե, հաշվի առնելով նաեւ տարածաշրջանի իրողությունները»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվեի» անդամ Մենուա Սողոմոնյանը:
Տեղեկացրել ենք, որ «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության անդամները Արցախը երրորդ երկրի կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող նախագիծը 58 հազար ստորագրություններով մուտք արեցին ԱԺ:
Լրագրողների հարցին, թե հայաթափված Արցախ ունենք արդեն, ի՞նչ կտա «Հայաքվեն»՝ Մենուա Սողոմոնյանը պատասխանեց. «Եթե մենք վերցնենք այդ խայծը եւ ասենք, որ գիտեք, քանի որ Արցախն արդեն հայաթափվել է, հետեւապես իմաստ չունի նրա իրավունքների համար պայքարել, հասարակության շրջանում այդ իմպուլսը չի լինի, այդ պահանջը չի գեներացվի: Հետևաբար, այսօր այստեղ հավաքվելով՝ մենք ցանկանում ենք մշտապես հանրային պահանջը վառ պահել Արցախի հարցում։ Ադրբեջանցիներն իրենց պահանջից երբեք չհրաժարվեցին, չասացին՝ քանի որ Կովսականը, Քարվաճառը ադրբեջանցիներից դատարկված է, ապա մենք այդ հարցին չեն անդրադառնա։ Այդ պահանջը իրենք պահեցին եւ, ի վերջո, կարողացան ինչ-որ մի ժամանակում, երբ տարածաշրջանում իրավիճակ փոխվեց, կարողացան այդ հարցը գեներացնել: Մենք նույնպես Արցախից հրաժարվելու իրավունք չունենք»:
Իսկ թե ի՞նչ մեխանիզմներով պետք է հասնել արդյունքի՝ Սողոմոնյանն ասաց, որ չպետք է սպասումներ ձեւավորել, որ «Հայաքվեով» հասնելու են Արցախի իրավասուբյեկտության ամբողջական ճանաչմանը, դա քայլերից մեկը կարող է զուտ լինել, դա կարող են զուգահեռել քաղաքական մեխանիզմներով:
Կարդացեք նաև
Խոսելով Հայաստանի վեկտորի փոփոխության մասին՝ Մենուա Սողոմոնյանն ասաց. «Այսօր ասում են՝ նոր մարդ ենք բերում մեր տարածաշրջան: Այդ նոր մարդուն փշերով են ընդունում տարածաշրջանում զորքով ներկայացված տերությունները, սա նպաստո՞ւմ է Արցախի հարցի կարգավորմանը, առհասարակ Հայաստանի անվտանգությանը: Չէ, չի նպաստում: Հետեւապես, խելացի քաղաքականությունը պետք է զուգակցել իրավական մեխանիզմների հետ, որպեսզի հնարավոր լինի հասնել արդյունքի: Միայն իրավական մեխանիզմներով հնարավոր չէ, միջազգային իրավունքն աշխատում է միայն այն դեպքում, երբ դու կարողանում ես հողի վրա փաստի առաջ կանգնեցնել միջազգային հանրությանը, եւ միջազգային իրավունքի նորմերով դա հիմնավորել: Իսկ այդ նորմերն առկա են: Խնդիրն այն է, թե այդ մեխանիզմներն ով է գործադրողը, այդ գործադրողն ունի՞ կամք, թե՞ չէ, եւ առկա՞ է դրա համար բարենպաստ միջազգային իրողություն: Բարենպաստ միջազգային իրողություն դեռեւս առկա չէ, բայց եթե մենք ներսից այդ իմպուլսները չենք հաղորդում մեր պետությանը, այդ իրողությունները երբեք էլ չեն լինելու: Մենք ինքներս պետք է փորձենք ինչ-որ խաղաքարտեր խառնել»:
Լրագրողները հիշեցրին, որ մենք ունենք մինչեւ հունվարի 1-ը ժամանակ, դրանից հետո, ըստ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրի, Արցախ պետությունը դադարելու է գոյություն ունենալ: Մենուա Սողոմոնյանը պատասխանեց. «Այդ հրամանագիրը դուք չեք տեսել, ես էլ չեմ տեսել: Այդ հրամանագրի վերաբերյալ կա մամուլի հաղորդագրություն: Այն որեւէ ձեւով չի արտահայտում Արցախի ժողովրդի կամքը: Դրա հետ կապված հանրաքվե չի եղել, դա հակասում է 1991-ի դեկտեմբերի 10-ի որոշմանը: Այո, ճիշտ եք, որ ժամանակը, միջազգային իրողությունները դեռեւս հայ ժողովրդի օգտին չեն աշխատում: Պետք է ցավոք արձանագրենք, որ դրսի համար էլ այս անձը՝ Նիկոլ Փաշինյանը, հանդիսանում է կոնսենսուսային թեկնածու. ՌԴ-ի համար այն տեսանկյունից, որ իր համար խնդիրներ չի ստեղծում, Արեւմուտքի համար այն տեսանկյունից, որ ինքնության փոփոխություններ է բերում մեր հանրության շրջանում: Բայց սրա դեմ մենք պայքարում ենք: Ինչպես վատ դասավորվել է աշխարհաքաղաքական դասավորությունը մեզ համար, այնպես էլ կարող է լավ դասավորվել, բեւեռայնության ձեւը փոխվել ինչ-որ մի գործորդի համար, Թուրքիայի համար: Մենք չգիտենք՝ վաղը ինչ խնդիրներ կառաջանան իր երկրի ներսում, Մերձավոր Արեւելքում: Եթե մենք ներքուստ պատրաստ չենք լինելու աշխարհաքաղաքական բարենպաստ դասավորություններին, ապա այսօրվա դրությամբ ասել՝ բարենպաստ չէ ու գնալ մեր կենցաղային գործերով զբաղվե՝լ ճիշտ մոտեցում չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ