Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այդ գումարներն իրենք ուղղորդում են պաշտոնյաների պարգեւավճարներից բացի, ինչ-որ համերգների…ուսուցչի աշխատավարձի հաշվի՞ն. Շողեր Բաբայան

Հոկտեմբեր 11,2023 14:27

Կրթական նոր չափորոշիչներից դժգոհող ուսուցիչների համար Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի  նախարարությունը փոխզիջումային փաթեթ է մշակում: Այս մասին ուսուցիչների ցույցերի համակարգող Շողեր Բաբայանին՝ դեռ Արցախի դեմ սկսված վերջին պատերազմից ու արցախցիների բռնի տեղահանումից առաջ, կառավարության համապատասխան ներկայացուցիչն էր տեղեկացրել:

Ըստ Շողեր Բաբայանի՝ իրեն զանգով հայտնել էին, որ նախարարության հետ արդեն որոշակի աշխատանքներ են տարվել ու որոշակի փոխզիջումային  փաթեթ են պատրաստում իրենց համար:

«Չգիտեմ՝ ինչ ձեւաչափով կանեն։ Կարծում եմ՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված, որոշակի ձգձգումներ կլինեն: Այդ ամենին գիտակցաբար ենք մոտենում, այնպես չէ, որ ուսուցիչն այսօր պայքարում է միայն իր իսկ աշխատավարձի համար, որովհետեւ տարիներ շարունակ չնչին աշխատավարձով աշխատել է, բայց այսօր մեր պայքարը հասունացավ ուսուցչի ինստիտուտը գնահատելու պահանջի առաջացման հետեւանքով: Այնքան ցածրացավ ուսուցչի ինստիտուտը, որ դրան զուգահեռ՝ անտեսվում է կրթության որակը, այն բավականին իջնում է: Ես կարծում եմ՝ ուսուցչի ինստիտուտը բարձրացնելով՝ կբարձրացնենք կրթության որակը, ինչի արդյունքում կունենանք հզոր երկիր, իսկ մեր նպատակը դա է»,- Aravot.am-ին ասաց Շողեր Բաբայանը:

Իսկ ինչ կլինի, եթե կառավարությունը ուսուցիչների համար նախատեսած փոխզիջումային փաթեթով մասնակի բավարարի նրանց պահանջները, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել, ասաց, եթե այս իրավիճակը երկրում չլիներ, չէր բացառվում, որ ուսուցիչները աշխատանքից զանգվածային դուրս գալու դիմումներ գրեին, բայց  ստեղծված իրավիճակում, դժվարանում է ասել՝ ինչ կանեն. «Գիտակցում ենք՝ ոլորտը պետք է կարգավորվի, որովհետեւ  ոլորտից  է կախված կրթության զարգացումը, երկրի հզորացումը, մեզնից շատ բան կա կախված»:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս սեպտեմբերին ԿԳՄՍՆ նախարարի հրամանով որոշակի աշխատանքներ, որոնք ուսուցիչները կատարում էին ու դրա վրա բավականին մեծ ժամանակ  կորցնում, այդ աշխատանքի դիմաց վարձատրությունը հանվել է կամ այնքան է նվազել, որ ուսուցչի աշխատավարձի  վրա զգալի երեւում է:

Շողեր Բաբայանի համար հասկանալի չէ՝ ինչու են պետական բարձր մակարդակով անընդհատ հայտարարություններ հնչում, թե ուսուցչի աշխատավարձը բարձրացել է, երբ հակառակը՝ նույնիսկ իջել է. «Չգիտեմ՝ նպատակը որն է եղել դա անընդհատ ներկայացնելու: Ուսուցիչն, իհարկե, միշտ ունեցել է այդ պահանջը, որ ցածր է վարձատրվում, բայց միշտ լուռ ու անտրտունջ իր աշխատանքը կատարել է՝ մտածելով, դե երկրում այս վիճակն է, մենք էլ մեր կողմից, կարծես թե, այդքան ցածր վարձատրվելով, այդ գումարն ուղղորդում ենք բանակ, հետո տեսնում ենք՝ չէ, այդ գումարները իրենք ուղղորդում են պաշտոնյաների պարգեւավճարներից բացի, ինչ-որ համերգների,  որոնք մեր երկրին հարիր չեն, մեր մշակույթին, մտածելակերպին  համապատասխան չեն:  Այդպիսի համերգներ մեր երկիր բերել ու այդքան գումարներ ծախսել ուսուցչի աշխատավարձի հաշվի՞ն, բառացիորեն այդպես է ստացվում, որովհետեւ պետական կառույցներից խոշորագույնը ուսուցչական համայնքն է, կարծես այդտեղից են վերցնում, այլ տարբերակ չենք տեսնում, դժգոհությունն այստեղից եկավ: Հանրության մեջ ուսուցչի ինստիտուտը ստորացնելով, կրթության մակարդակն իջեցնելով՝ նաեւ մեր անվտանգային հարցերն են թուլացնում, սա էլ էր դժգոհության պատճառներից մեկը, որ ուսուցիչը պետք է լինի հարգված, որ հարգված լինի կրթությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031