Տեղեկացրել ենք, որ այսօր «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության անդամները Արցախը երրորդ երկրի կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող նախագիծը՝ 58 հազար ստորագրություններով մուտք արեցին ԱԺ:
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել էր հրամանագիր, որով Արցախի Հանրապետությունը, պետական ինստիտուտները լուծարվում են, ուստի հարցին՝ այս նախագծի արդյունքում առաջինը նա՞ չի դատվելու՝ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը պատասխանեց. «Բնականաբար, սա չի ուղղվելու Սամվել Շահրամանյանի դեմ, որովհետեւ նա ՀՀ պաշտոնատար անձ չէ: Այս օրենսդրական նախագիծը տարածվում է միայն ՀՀ պաշտոնատար անձանց նկատմամբ: Երկրորդը՝ իր այդ տխրահռչակ հրամանագիրը առոչինչ է, իրավական ուժ չունի մի քանի պատճառով: Նախ, դա հակասահմանադրական է, երկրորդը՝ ստորագրվել է ուժի պարտադրանքով, Արցախի բնակչության ֆիզիկական բնաջնջման վտանգի ներքո եւ երրորդ՝ ցանկացած հրամանագիր ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այս հրամանագիրը չի հրապարակված, ոչ մեկը չի տեսել այդ հրամանագիրը, ուստի ուզում եմ շեշտել՝ Սամվել Շահրամանյանի հրամանագրի վրա որ հղում է կատարվում, այն իրավական իմաստով առոչինչ փաստաթուղթ է, համարեք, որ այն գոյություն չունի, որովհետեւ հրապարակված էլ չի, ընդամենը դրա մասին կան տելեգրամյան գրառումներ: Դա պաշտոնական տեղեկագրում նույնիսկ հրապարակված չէ, պարզապես մոռացեք այդ հրամանագրի մասին»:Ինչ վերաբերում է «Հայաքվեի» նախագծին, Չալաբյանն ասաց, որ ըստ ընթացակարգի, այն ԱԺ նախագահի կողմից պետք է մակագրվի համապատասխան գլխադասային հանձնաժողովին, որը պետաիրավական հարցերի հանձնաժողովն է, պետք է տեղի ունենան լսումներ, որից հետո պարզ կլինի հետագա ընթացքը: Դա կտեւի 1-1.5 ամիս. «Ես հուսով եմ, որ այդ մեկուկես ամսվա ընթացքում լուրջ փոփոխություններ տեղի կունենան, որոնք եւս մեկ անգամ կհավաստեն, որ այն գործընթացը, որը մենք սկսել ենք, արդիական է եւ լրացուցիչ կռվան է տալիս մեզ բոլորիս, որպեսզի պաշտպանենք մեր ինքնիշխանությունը եւ Արցախի մեր քույրերի, եղբայրների բնական, մարդկային իրավունքները»:
Հարցին՝ հայաթափված Արցախում ո՞րն է իմաստը «Հայաքվեի», այլեւս երրորդ երկրի կազմում ճանաչելը կամ չճանաչելը ի՞նչ կտա, երբ արդեն Արցախում հայ չկա՝ Ավետիք Չալաբյանը պատասխանեց. «Դա բնականաբար իշխանությունն է տարածում, որը հայաթափել է Արցախը եւ փորձում է մեր վրա տարածել այն, ինչ իրենք են արել: Որ Արցախն այս պահին հայաթափված է, չի նշանակում, որ այդպես էլ մնալու է: Իրողությունները կարող են փոխվել»:
Ըստ Չալաբյանի, եթե ԱԺ պատգամավորների մեծամասնությունը դեմ քվեարկեն այս նախագծին, դրանով իրենք հանցակից կդառնան Ադրբեջանի ցեղասպան գործողություններին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ