Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հայաստանի իրավապահ մարմինները չեն ձերբակալում ՀՀ տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանցիներին

Հոկտեմբեր 11,2023 12:49

44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ Ադրբեջանին հանձնվեցին Արցախի Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները, Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար բռնազավթում են ՀՀ տարածքները, մասնավորապես, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում։

Քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանի տվյալներով՝ 2021 թվականից մինչ այսօր Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից բռնազավթել է 200 քառակուսի կմ, դրանք հիմնականում բարձունքներ են։

Նախորդ տարվա հոկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ 2021-2022 թվականներին Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածք։ Արմեն Խաչատրյանի հայտարարությանը նախորդել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանցիները օկուպացրել են 41 քկմ։ Հիշեցնենք, որ 2021թ-ի մայիսի 12-ին ադրբեջանցիները ներխուժել էին Սոթք-Խոզնավար հատվածի որոշ մասեր, տարածքներ օկուպացրել նաեւ Սոթքից Վերին Շորժա հատվածներում։

2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանցիները ներխուժել էին նաեւ Սեւ լճի տարածք, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Մենք ասենք, որ Սեւ լճի էդ 30 տոկոսի համար պատերազմ ենք սկսում, ոչ, չի լինում նման բան, մենք չենք գնալու իրավիճակի սրման: Մենք գնալու ենք իրավիճակի խաղաղ հանգուցալուծման»։ Հայաստանի Հանրապետության բռնազավթված տարածքներն ազատագրելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը Սոթք-Խոզնավար հատվածի դեպքերից հետո պարբերաբար հանդես է գալիս զորքերը հայելային հետ քաշելու առաջարկով։

2022 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Ջերմուկի ուղղությամբ հարձակման օրերին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարեց․ «Հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8,5 կմ լայնության ճակատով, մինչեւ 7,5 կմ խորությամբ: Այդ մխրճումներն իրականացվել են ջոկատներով, որոնցից ոմանք մեր ստորաբաժանումների անմիջական վերահսկողության տակ են, նաեւ՝ շրջափակումների մեջ»։ Այս հայտարարությունից մոտ 1,5 ամիս անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին, լրագրողները հարց ուղղեցին Էդվարդ Ասրյանին, թե ի՞նչ է եղել Ջերմուկում շրջափակման մեջ մնացած ադրբեջանցի զինվորների հետ։ «Փոխհրաձգության հետեւանքով նրանք հետ են քաշվել»,- ասել էր Ասրյանը։ Իսկ թե ինչո՞ւ գերի չեն վերցրել կամ չեն ձերբակալել նրանց, Ասրյանը պատասխանել էր, որ հնարավոր է՝ կորուստներ ունենայինք։

2023 թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը, ներխուժելով Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածք, առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել: Այս օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն առաջնորդվում է էսկալացիա թույլ չտալու սկզբունքով։ Այնուհետեւ ԱԱԾ-ն մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ սահմանի ճշգրտման արդյունքում Տեղ գյուղի հատվածում սահմանային իրավիճակը «էական բարելավվել է»։ Հիշեցնենք, որ հենց այդ օրերին ադրբեջանցիները Տեղ գյուղի դիրքերից մոտեցել եւ կրակ էին բացել հայ զինծառայողների ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը զոհեր ու վիրավորեր ունեցավ։ Տեղ գյուղի բնակիչների խոսքով, սակայն, ոչ մի բարելավում էլ չի եղել, եւ ադրբեջանցիները մինչ օրս շարունակում են մնալ իրենց դիրքերում։

Ինչո՞ւ Հայաստանի իրավապահ մարմինները չեն ձերբակալում ՀՀ տարածք անօրինական ներխուժած ու Հայաստանի ինքնիշխան տարածքները բռնազավթած ադրբեջանցիներին, այն դեպքում, երբ ադրբեջանցիները հայկական տարածքներից անօրինական կերպով առեւանգում են Արցախի գործիչներին։

«Առավոտը» հարցում է ուղարկել Գլխավոր դատախազությանը՝ հետեւյալ բովանդակությամբ․ «Հայտնի է, որ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերը օկուպացրել են ՀՀ որոշ տարածքներ, մասնավորապես, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում։ Այս օրերին մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը առեւանգում ու շինծու մեղադրանքներ է առաջադրում Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաներին։ Այնինչ, Հայաստանի Հանրապետության տարածքն օկուպացրած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները շարունակում են մնալ իրենց դիրքերում, ՀՀ տարածք ապօրինի ներխուժման դեպքերով ձերբակալություններ չկան, համենայնդեպս այդ մասին հանրությանը հասանելի տեղեկատվություն առ այսօր չկա։ Խնդրում ենք պատասխանել, թե ինչո՞ւ չեն ձերբակալվում ՀՀ տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանցիները, եւ արդյոք ՀՀ իրավապահ մարմինների կողմից անգործություն է դրսեւորվում այս հարցում»։

Ի պատասխան, Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողների կողմից առանց պատշաճ թույլտվության ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի պետական սահմանը հատելու, ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ Հայաստանի Հանրապետության տարածքի այդ մասն Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածով նախաձեռնվել են քրեական վարույթներ և իրականացվում է նախաքննություն:

«Հիշյալ քրեական վարույթներին վերաբերելի այլ տեղեկատվության տրամադրումը քննության ներկա փուլում նպատակահարմար չէ՝ ելնելով նախաքննության տվյալները չհրապարակելու անհրաժեշտությունից, քանի որ դրանց հրապարակումը անխուսափելիորեն կվտանգի հետագա նախաքննության պատշաճ և համակողմանի իրականացումը»,- հայտնում են դատախազությունից։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031