Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասում աճում է Թուրքիայի ազդեցությունը՝ կարծում են փորձագետները

Հոկտեմբեր 11,2023 11:43

«Ամերիկայի ձայն». Հարավային Կովկասում մեծանում է Թուրքիայի քաղաքական ազդեցությունը՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք է հայտնում Բրուքինգս ինստիտուտի վերլուծաբան Ասլի Այդինդաշբաշը՝ շեշտելով, թե հիմքում Անկարայի ու Բաքվի միջև ամուր ռազմական և տնտեսական կապերն են։

«Սակայն դա բավարար չէ։ Թուրքիան պետք է սերտ հարաբերություններ հաստատի Վրաստանի ու Հայաստանի հետ, և այս երեք երկրները պետք է ամուր տնտեսական կապեր ունենան միմյանց հետ»,- պնդում է նա:

Վերլուծաբանի փոխանցմամբ, սեպտեմբերի 19-ին հարձակումը Լեռնային Ղարաբաղում Բաքուն իրականացրել է ինքնուրույն՝ առանց Անկարայի ռազմական աջակցության: Թուրքիան ցուցաբերել է տեղեկատվական աջակցություն։

«Ռազմական այդ գործողությունը Թուրքիայի հետ համատեղ չէր: Ադրբեջանն այն իրականացրել է մեծամասամբ սեփական ռեսուրսներով»,- ասում է Այդինդաշբաշը՝ հավելելով, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ֆրանսիան չպետք է մաս կազմեն Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, քանզի սատարում են կողմերից մեկին: Հայաստանի ու Ադրբեջանի միջև անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ՝ առնվազն մեկ չեզոք կողմի միջնորդությամբ, որը կարող է լինել, օրինակ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կամ Վաշինգտոնը:

«Թուրքիայի ներկայությունը բանակցային սեղանի շուրջ դժվար դրության մեջ է դնում Հայաստանին, քանզի Անկարան դիտարկվում է Ադրբեջանին մոտ կանգնած երկիր: Նույն պատճառով Ադրբեջանի համար ընդունելի չէ Փարիզի մասնակցությունը բանակցություններին, հատկապես՝ Ֆրանսիայի արտգործնախարարի երևանյան վերջին այցից հետո»,- նշում է Բրուքինգս ինստիտուտի վերլուծաբանը:

Իր հերթին՝ անդրադառնալով Գրանադայում հնգակողմ հանդիպման չեղարկմանը՝ «Քարնեգի Եվրոպա» կենտրոնի վերլուծաբան Թոմաս դե Վաալը «Ամերիկայի ձայնին» փոխանցեց, թե բարդ դիվանագիտական իրավիճակ է:

«Ակնհայտ է, նախագահ Ալիևի առարկությունը հիմնականում վերաբերում էր, ենթադրաբար, ավելի շատ Ֆրանսիային, քան Գերմանիային։ Նրա կարծիքով, Ֆրանսիան որոշակիորեն հայամետ դերակատար է։ [Ալիևը] ցանկություն էր հայտնել հավասարակշռել [Փարիզին]՝ Թուրքիայի մասնակցությամբ, որն ադրբեջանամետ է»,- ասում է դե Վաալը:

Վերլուծաբանը, սակայն, նկատում է՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանը քննադատության է ենթարկվել ոչ միայն Փարիզի, այլև՝ եվրոպական մյուս մայրաքաղաքների, ներառյալ՝ Բեռլինի կողմից։ Գերմանիայի արտգործնախարարը ՄԱԿ-ում Ադրբեջանի հասցեին հնչեցրած առավել քննադատական ելույթի հեղինակն էր:

«Այնպես որ՝ այսօր Եվրոպայում Ալիևն ամենից սիրված գործիչը չէ։ Ուստի, միգուցե, նա [Ալիևը] պատրվակ էր փնտրում՝ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից խուսափելու համար»,- նշում է Թոմաս դե Վաալը՝ ընդգծելով, թե իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում շարունակում է մնալ ծայրահեղ անկայուն:

«Քարնեգի Եվրոպա» կենտրոնի վերլուծաբանը հույս հայտնեց, որ Շառլ Միշելի մասնակցությամբ եռակողմ ձևաչափը կվերսկսի իր աշխատանքները․ «Հուսով ենք, Բրյուսելում կայանալիք հանդիպումով առնվազն կշարունակվի Ալիև, Փաշինյան և Շառլ Միշել եռակողմ ձևաչափը, քանզի Բաքվի ու Երևանի միջև այժմ բազմաթիվ կարևոր հարցեր կան կուտակված, որոնք լուծման կարիք ունեն»:

Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի Կովկասի հարցերով վերլուծաբան Գալիա Լինդենշտրաուսի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում Հայաստանի աջակցությունը վայելող ուժերի պարտությունը նշանակալի կորուստ է Մոսկվայի համար, որը հիմնախնդրի շուրջ Երևանի ու Բաքվի միջև տասնամյակներ տևած հակամարտությունն օգտագործում էր տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար:

«Առնվազն կարճաժամկետ հեռանկարում սա կազդի Մոսկվայի կարողության վրա՝ ազդեցություն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ։ Բայց հավատացած եմ, երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը, որի համար այս տարածաշրջանը ունի ռազմավարական նշանակություն, թույլ չի տա, որ Հայաստանը և Ադրբեջանն ունենան չափից դուրս մեծ անկախություն»,- կարծիք է հայտնում Լինդենշտրաուսը:

Փորձագիտները համոզված են, Մոսկվայի ցանկացած փորձ՝ վերահաստատել իր գերակա դիրքը Կովկասում, կհանդիպի Թուրքիայի հակազդմանը: Անկարան շարունակում է խորացնել կապերը Բաքվի հետ՝ ռազմական, տնտեսական ու էներգետիկ ուղղություններով՝ նման կերպ ձգտելով թուլացնել Մոսկվայի դիրքերը տարածաշրջանում:

Միևնույն ժամանակ, ըստ փորձագետների, Թուրքիան և Ռուսաստանն ունեն տարաձայնություններն ու վեճերը հարթելու զգալի փորձ՝ օգտագործելով ընդհանուր շահերը տնտեսական դաշտում։

Դորիան Ջոնս,
Արամ Ավետիսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031