Հայաստանի 14 դպրոցներում 2022-2023 ուսումնական տարում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն։ Այս մասին հայտնել էին ԿԳՄՍ նախարարությունից պատասխանելով՝ Yerkir.am-ի գրավոր հարցմանը։
Aravot.am-ը եւս գրավոր հարցում էր ուղակել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով, խնդրել էինք պատասխանել հետեւյալ հարցերին՝ ովքե՞ր են թուրքերենի եւ ադրբեջաներենի դասագրքերի հեղինակները, ովքե՞ր են իրականացրել այդ դասագրքերի փորձաքննությունը, այդ դասագրքերում ինչպե՞ս է ներկայացվում Արցախը, Արցախյան պատերազմները, մեր հերոսները՝ Նժդեհը եւ մյուսները:
Նաեւ հարցրել էինք՝ արդյոք այդ դասագրքերում ազգային արժեքների մերժողականության դրսեւորւմներ չկա՞ն:
Aravot.am-ի հարցերի գրավոր պատասխանն ուղարկվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի անունից:
Կարդացեք նաև
«Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի 1363-Ա որոշմամբ հաստատված Կառավարության ծրագրի համաձայն՝ պետք է զարգացնել օտար լեզուների, մասնավորապես՝ ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, նաև տարածաշրջանային լեզուների ուսուցումը:
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված «Հանրակրթական դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կազմակերպում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առարկայական ծրագրերը մշակելու համար համագործակցել է համապատասխան մասնագետների հետ:
Ադրբեջաներենի ծրագրի հեղինակն է ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Մովսիսյանը, իսկ թուրքերենինը՝ Լենդրուշ Ղումաշյանը, Նառա Վերանյանը, Մարիամ Հարությունյանը, Հասմիկ Սամվելյանը, Ռոզա Հակոբյանը, Մուշեղ Խուդավերդյանը:
Մասնագետների կողմից մշակված ծրագրերը ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի փետրվարի 15-ի N 08-Ն հրամանով հաստատված ընթացակարգին համապատասխան (նախկինում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի N 1144-Ն հրամանով հաստատված կարգով առաջնորդվելով) ներկայացվել են մասնագիտական կարծիքի՝ համապատասխան լեզուների դասավանդման ամբիոններ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններ և «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ, որից հետո հաստատվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով»,-հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից ստացված պատասխանում:
Նաեւ հավելել են. «Ծրագրերը մշակվել են Հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան, համաձայն որի՝ հանրակրթության բովանդակությունը սովորողի մոտ զարգացնում է քաղաքացիական կարողունակություն, նպաստում ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի ամրապնդմանը, ճանաչողության միջոցով ձեւավորում սեր հայրենիքի նկատմամբ: Սովորողը գիտակցում է ՀՀ Սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում:
Հանրակրթության պետական չափորոշչի պահանջ է նաև, որ միջնակարգ կրթության ավարտին շրջանավարտը պետք է առնվազն երկու օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցի գրավոր շարադրանք:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ հայտնում ենք, որ ծրագրերը չեն կարող պարունակել ապազգային, մերժողական, հակապետական բովանդակություն»:
Նշենք, որ տարբեր առցանց հարթակներում արդեն սկսել են վաճառել ադրբեջաներենի դասագրքեր, զրուցարաններ: Ի դեպ, մի քանի տարի առաջ էլ, ըստ քաղաքացիների ահազանգի, դպրոցներին բաժանվել էին ադրբեջանցի հեղինակների պատմվածքների ժողովածուներ՝ երաշխավորված ԿԳՄՍ նախարարության կողմից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ